News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել է։ Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Առողջապահության նախարարությունը մերժումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։

Հայկը Նախարարության նման պատճառաբանությունն անհիմն համարեց. «Հիմա ցանկացած բժշկի մոտ գնանք, ասենք սովորական անգինայի վիրահատություն պետք է անել, ո՞վ  է 100 տոկոսանոց երաշխիք տալու։ Աշխարհում՝ բժշկության մեջ, բացարձակ 100 տոկոսանոց բան գոյություն չունի, իսկ իրենք դա են ուզում»։

Նրա խոսքով՝ մոտ երկու ամիս է իր հարցով զբաղվում է վարչապետի խորհրդականը։

«Լրատվամիջոցներով բարձրաձայնելուց հետո վարչապետի խորհրդականն էր զանգել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում կապը միշտ իրենց հետ է եղել, իրենք են ասել թղթերն այս փուլում է, այն փուլում է»,– ասաց Հայկը։

Նրա խոսքով՝ ընկերների կողմից բացված հաշվեհամարում այս պահին հավաքվել է 8619 ամերիկյան դոլար, իսկ վիրահատությունն արժե 35000 եվրո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն արտասահմանում։

«Դեռ անցած տարի, երբ բեկորը մեկ սանտիմետր հեռու էր ողնուղեղից, բժիշկները խուսափեցին միջամտություն անել եւ խորհուդ տվեցին գնալ Շվեյցարիա։ Իմ վիճակը գնալով վատանում է, եւ մեկ օր շուտ գնալն իմ օգտին է»,– պատմել է Հայկը։

Նրա խոսքվ՝ անգամ վիրավորումից հետո ինքն աշխատել է եւ տան վարձավճարն ու ընտանիքի կարիքները հոգացել։

Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել, որպեսզի գումար հավաքվի եւ օր առաջ նրան տեղափոխեն արտասահման։

Հայկ Սեխլիյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ հանդիպել է  վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ, բժշկական փաստաթղթերի եւ մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) գերմաներեն թարգմանությունն է փոխանցել Մեսրոպ Առաքելյանին.  «Տվել եմ իրենց, որ ուղարկեն Գերմանիա, այնտեղ բժիշկները նայեն, հասկանան՝ ինչ կարող են անել»։

Տպել
Ամենաշատ