News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առաջին կարգի հաշմանդամ, նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանն այսօր` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա է անցկացնում Պաշտպանության  նախարարության շենքի դիմաց`պահանջելով իրեն բուժման ուղարկել արտերկիր:

 Նախկին զինծառայողի բողոքի ակցիային են միացել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության անդամները:

«Հացադուլից հետո ոչ մի արձագանք չեղավ, հիմա պահանջս այն է, որ պարոն նախարարը գա, ինձ հետ հանդիպի, վերջնական հասկանանք՝ ինչ է լինելու իմ հարցը, ավելի շատ ժամանակ չտրամադրեմ իրենց խաբելու վրա, քանի որ առողջականս վատանում է»,- ասաց նա:

Դավիթ Հակոբյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունից խոստացել են ուղարկել Գերմանիա, սակայն խաբել են:

Նախկին պայմանագրային զինծառայողը նաեւ պնդում է, որ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում իրեն վիրահատելու ընթացքում օրգաններ են հեռացրել, ինչի մասին իրեն տեղյակ չեն պահել:

Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ Պաշտպանության նախարարի խորհրդական  Վարդան Ավետիսյանը խոստացել էր, որ երիտասարդի բուժման հարցը կլուծվի, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չէր ձեռնարկել:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության նախագահ Մանուել Մանուկյանն էլ ասաց, որ նման ակցիա այսօր չպիտի լիներ, քանի որ զինծառայողների բուժումը նախարարության խնդիրն է, եւ նախարարությունը պետք է իրականացնի իր գործառույթը. «Ամոթ է ուղղակի, որ մենք այսօր եկել, հասել ենք աստեղ, օգնություն ենք խնդրում»:

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ասաց, որ Դավիթի հիվանդությունը ձեռք է բերվել բժշկական սխալի պատճառով, որի պարագայում իրենք արդեն պատասխանատվություն չեն կրում: «Նախարարն անձամբ տեղյակ է այս գործից, մենք նրան առաջարկել ենք այստեղ բուժումը կազմակերպել, քանի որ արտերկիր գնալու հարցում ոչ մի հնարավոր տարբերակ չկա, սակայն Դավիթը չի համաձայնում: Հիմա մենք գումար չունենք նախատեսված նման դեպքերի համար, ամեն ձեւով սակայն փորձում ենք օգնել նրան»,- ասաց պարոն Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ