News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 13-ին, ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեա-Դեմոկրատական միություն խմբակցության պատգամավորներին՝ պատվիրակության ղեկավար Մարկուս Կուրցեի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փոխնախարարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ նշել, որ նրանց կատարած այցը համընկել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների փուլին:

Հայաստանի Հանրապետությունում ԳԴՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ընդգծելով, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասը հատուկ հարաբերությունների ունի Հայաստանի Հանրապետության հետ, հանդիսանում է Հայաստանի գործընկեր երկրամասը Դաշնության շրջանակում՝ կապված լինելով տնտեսական, մշակութային, գիտական եւ այլ կապերով:

Պատվիրակության ղեկավար Մարկուս Կուրցեն իր հերթին շնորհակալություն է հայտնել եւ հետաքրքրվել Հայաստանի արդարադատության ոլորտում կատարվող ընթացիկ բարեփոխումներից:

Փոխնախարար Գրիգորյանը, ներկայացնելով ընթացող բարեփոխումների գործընթացը, կարեւորել է դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների ռազմավարությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ազգային ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակման գործընթացները:

Պատվիրակության անդամների հարցադրումներին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների նպատակներն ու գործիքակազմերը՝ անդրադառնալով դատարանների բեռնաթափմանը, դատավորների եւ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների բարեվարքության եւ գույքային դրության ստուգմանը, շարունակական կրթության անհրաժեշտությանը եւ սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորման շրջանակում փոխնախարարն ընդգծել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, կոռուպցիոն գործերով նախաքննություն իրականացնող մարմնի, ինչպես նաեւ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ձեւավորման գործընթացները:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը նշել է նաեւ պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման շարունակականությունը, ինչպես նաեւ անդրադարձել էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:

Փոխնախարար Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ Արդարադատության նախարարության սերտ եւ հուսալի համագործակցության պատմությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ քրեակատարողական ոլորտին, անչափահասների արդարադատությանը, նոտարական համակարգին եւ մի շարք այլ հարցերի:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շնորհակալություն են հայտնել փոխադարձ հետաքրքրվածության եւ սերտ համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել