News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Երեկ գերի ընկած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու  ուղղությամբ իշխանությունները ջանքեր են գործադրում, հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դեպքի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը եւ ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը։

Արցախի պաշտպանության նախարարությունն էլ ստահոդ է անվանել ադրբեջանական կողմի պնդումները՝ հայտարարելով, որ դրանք միայն նպատակաուղղված են հայ զինվորի կերպարը նսեմացնելուն։ Նախարարությունը հիշեցրել է, որ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը եւ սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է:

Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես է հայ զինծառայողը հայտնվել ադրբեջանական գերության մեջ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դրա վերաբերյալ իր վարկածն ունի։

«Սանիթեքի» թեման այսօր հատկապես ակտուալ էր, վարչապետ Փաշինյանը իր աշխատեսենյակից «լայվ» էր մտել, դիմացն էլ քաղաքապետ Մարությանն էր, որ մանրամասն պատմեց, թե ինչպես «Սանիթեքը» անգործունակ դարձավ, և աղբը՝ անկառավարելի։ Այս վիճակի պատճառը, ըստ զրուցակիցների, կարող էր նաեւ գումարների մսխումը լինել։

«Սանիթեքի» հարկային պարտքը պետությանը կազմում է կես միլիարդ դրամ։ Քրեական գործ է հարուցված, որից որոշ մանրամասներ հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին»փոփոխությունների նախագիծ։ Ըստ դրա՝  Սահմանադրական դատարանի դատավորները եթե օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը ժամանակահատվածում հրաժարական ներկայացնեն, մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը կշարունակեն աշխատավարձ ստանալ, նաեւ կօգտվեն հավելավճարներից և սոցիալական երաշխիքներից։

Վարձատրությամբ հեռանալու այս անմիջական առաջարկը զարմացրել ու մտահոգել է մասնագետներին։ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը կարծում է, որ դա բացասական գործարքի առաջարկ է, ընդ որում տրամաբանությունից դուրս և շատ վատ իրավական նախադեպ կարող է դառնալ։ Նա հայտարարեց, որ չի կարելի հարկատուների հաշվին կաշառել դատավորներին։

Ծանր հետեւանքներ է կանխատեսում նաեւ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, ըստ նրա՝ նախագիծը «իրավական դիվերսիայի» ճանապարհ է՝ ռումբ պետության տակ։

Իրավականից բացի՝ սահմանադրագետ Արամ Վարդևանյանը նաեւ բարոյական հարթության մեջ է խնդիրներ տեսնում՝ այդ առաջարկը համարելով վիրավորանք եւ ոտնձգություն դատավորի արժանապատվությանը։

Արձագանք եղավ նաեւ առաջարկի հասցեատերերից։ Արդարադատության նախարարությունը թվարկել էր մի քանի երկիր, որոնք կիրառել են այդ պրակտիկան։ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը կարդացել էր այդ պարզաբանումը եւ զարմացել, թե ինչու շարունակույունը չեն գրել։ Նա նշեց, որ Լեհաստանի պարագայում Եվրոպական միության դատարանը վճռել է, որ իշխանությունները սխալ են վարվել, այդ փորձը ձախողվել է նաեւ Հունգարիայում։

Նախագծի ծախսատարությունն էլ մտահոգել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Նա հաշվել է, թե այլընտրանքային կաշառքը որքան թանկ կնստի բյուջեի վրա։

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը, հայտնում են Քննչական կոմիտեից։

Նրանք ձերբակալվել են խոշոր խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու կասկածանքով։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ոստիկանությունը հայտարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերություններում կատարված ավելի քան 1 միլիարդ 15 միլիոն դրամ չարաշահումների մասին։

Քննչական կոմիտեն հրապարակել է Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի եռաչափ մոդելավորման տեսանյութը։ Այստեղ օգոստոսի 2-ին մահափորձ էր կատարվել նախկին պատգամավոր Մելիք Մանկուկյանի՝ «Շշի Մելոյի»  դեմ։  Երբ նրա Range Rover-ը եւ ուղեկցող երկու մեքենա անցնելիս են եղել կամրջով, գործի է դրվել պայթուցիկ սարքը։ Վնասվել են միայն մեքենաները։  Ձերբակալվել է երեք անձ։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում՝ ֆրանսիացի շախմատիստի հետ նվաճելով առաջին տեղը։ Երկու գրոսմայստերներն էլ վաստակեցին 13 միավոր։ Արոնյանը սեւ ֆիգուրներով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեին, աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, սպիտակներով պարտության մատնեց արագ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Օգոստոսի 13-15-ը Սենթ Լուիսի մրցաշարի մասնակիցները կանցկացնեն նաեւ կայծակնային խաղի 18 տուր։

Դոլարի փոխարժեքն այսօր գրեթե անփոփոխ է՝  կազմել է 475 դրամ, եվրոն 533 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 574 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 25։

Հայաստանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+35:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․08․2019
Աղյուսագործների փողոցի մի քանի տներ զրկված են կոյուղագծից․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 15․08․2019
Զրո լավատեսություն էր կառավարության շենքի առաջ, ցուցարարները նույն փաստաթղից առանձնացրել էին ռիսկեր․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 14․08․2019
Քննչական կոմիտեն այսօր հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 12․08․2019
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը այսօր մի ամբողջ ասուլիս նվիրեց հերքումներին․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 09․08․2019
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների մասին Փաշինյանը խոսեց լրագրողների հետ ճեպազրույցում․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 08․08․2019
Կառավարությունը հաստատեց նաեւ մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը․․․
Ֆոտոռեպորտաժներ