News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոնտենեգրոյում օգոստոսի 14-ից ուժի մեջ է մտել հասարակական փակ հաստատություններում, ներառյալ ռեստորաններում եւ սրճարաններում ծխելու արգելքի մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ խախտողներին սպառնում է 20 հազար եվրոյի տուգանք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTCG-ին:

Հաղորդվում է, որ այսուհետեւ երկրի քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին արգելվում է ծխել փակ աշխատանքային եւ հասարակական հաստատություններում, ինչպես նաեւ սրճարաններում, բարերում եւ ռեստորաններում: Օրենքով չեղարկվում են բոլոր նախորդ նորմերը, որոնք թույլ էին տալիս լրացուցիչ տուրք վճարելով ռեստորանի դահլիճի մի մասն առանձնացնել ծխողների համար: Հիմա ռեստորաններում հնարավոր կլինի ծխել միայն հատուկ հատկացված սենյակում, որն ամբողջությամբ մեկուսացված է գլխավոր հաստատությունից: Ծխարանը չպետք է լինի 10 քառակուսի մետրից պակաս եւ դրա հետ մեկտեղ՝ չգերազանցի հաստատության ընդհանուր մակերեսի 20 տոկոսը, այն նաեւ չպետք է միջանցիկ լինի:

Նոր փաստաթղթով խստորեն սահմանափակվում են ռեստորանատերերի բոլոր հնարավոր հնարքները եւ միանշանակորեն արգելվում է ծխախոտի օգտագործումը հաստատություններում, որտեղ ըմպելիքներ եւ սնունդ են գործածում: Ծխելու արգելքի մասին օրենքը երկրի խորհրդարանն ընդունել է հուլիսի 31-ին: Խիստ միջոցառումների պատճառներից մեկը մեծաթիվ քաղցկեղային հիվանդություններն են, որոնք առաջանում են վնասակար սովորության հետեւանքով:

Մոնտենեգրոյի առողջապահության նախարար Կենան Խրապովիչն ավելի վաղ հայտարարել էր, որ 622 հազար բնակչությամբ երկրում ամեն տարի թոքերի քաղցկեղով է հիվանդանում 400 մարդ: Նախարարի խոսքով՝ այդպիսի մեկ պացիենտի բուժումը երկրի համար արժե 70 հազար եվրո: Միաժամանակ, փորձագետներից ոմանք կասկածանքով են վերաբերվում նախաձեռնությանը՝ նշելով, որ ծխելու արգելքը գործնականում անհնար կլինի վերահսկել: Դրանից բացի, այն վնաս կհասցնի ռեստորանային բիզնեսին:

ԱՀԿ տվյալներով՝ Մոնտենեգրոն ծխելու առումով աշխարհում առաջնորդներից մեկն է: 2017 թվականին երկիրը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցրել ծխող մոեծահասակ բնակչության տոկոսով՝ 38 տոկոս, առաջ անցնելով Հունաստանից, Ռուսաստանից եւ Սերբիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ