News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ ընտրվելուց հետո մինչեւ 5 մլրդ դոլար է կորցրել: Նման գումարով Թրամփը գնահատել է եկամուտները, որոնցից, նրա կարծիքով, զրկվել է՝ հրաժարվելով գործարարի կարիերայից, ինչպես նաեւ նշել է այն գումարները, որոնք իր դեմ ներկայացված հայցերի պատճառով վճարել է փաստաբաններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ ընտրվելուց հետո ես կորցրեցի 3-5 մլրդ դոլար: Սակայն դա ինձ չի հուզում»,- NBC հեռուստաալիքը մեջբերում է Թրամփի հայտարարությունը:

Իր խոսքում Թրամփը հերթական անգամ նշել է, որ մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Այն, որ ես նախագահ եմ, արժե մի ամբողջ կարողություն»,- ասել է Թրամփը՝ բողոքելով, որ շատ է վճարում փաստաբաններին, քանի որ իր դեմ ամեն օր հայցեր են ներկայացնում:

Հեռուստաալիքը նշում է, որ Թրամփի հայտարարությունն անհնար է ստուգել: Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել է, որ իր կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը: Forbes-ի վարկածով՝ մարտին հրապարակված վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Թրամփի ակտիվների արժեքը կազմում է մոտ 3,1 մլրդ դոլար:

2016 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել է հարկային հռչակագիր հրապարակելու մտադրության մասին, սակայն այդպես էլ չի արել: Նախագահը դա բացատրել է իր բիզնեսի նկատմամբ ստուգումներով: Թրամփը նշել է, որ փաստաբաններն իրեն խորհուրդ չեն տալիս բացահայտել տվյալները: 2017 թվականի մայիսին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ, հնարավոր է, հրապարակի հարկային հռչակագիրն այն բանից հետո, երբ լքի նախագահի պաշտոնը:

Մինչ երդմնակալությունը Թրամփը հայտարարում էր, որ լքել է իրեն պատկանող Trump Organization-ում զբաղեցրած բոլոր պաշտոնները, որպեսզի դրանք փոխանցի իր որդիներին՝ Դոնալդին եւ Էրիկին: Նա նաեւ որոշել էր մեկ ղեկավար խմբի ներքո միավորել այդ ընկերություններն ու ընդհանուր հաշվապահություն եւ հաշվետվություն անցկացնել: Սակայն ակտիվների վաճառքի փոխարեն Թրամփը դրանք փոխանցեց թրասթային հիմնադրամին, որը ղեկավարում են նրա որդիները: Ընդ որում, Թրամփը չհրաժարվեց իր ընկերություններից, քանի որ դա, փաստաբանների խոսքով, կնշանակեր վաճառք՝ ի վնաս ընտանիքի մյուս անդամների շահերի:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ