News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «Յուքոմ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու, «Արմենիա թի-վի» ՓԲ ընկերության սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին», «Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները» եւ «Էրոտիկ բնույթի, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները» սահմանելու մասին հարցերը:

Չափորոշիչներում կարեւորել է այն հանգամանքը, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության եւ օժանդակության իրավունք, իսկ երեխաների իրավունքներն ու շահերը վեր դասելով բազմաթիվ հիմնախնդիրներից, առաջացել էր այդ չափորոշիչները լրամշակելու անհրաժեշտությունը, որոնք օգտագործվելու են հեռուստառադիոծրագրերում:

Չափորոշիչների մշակման հիմքում ընկած է յուրաքանչյուր երեխայի, ցանկացած իրավիճակում պաշտպանված լինելու, շահերն ու անվտանգությունը պաշտպանելու գաղափարը, որը գերակա է լինելու խմբագրական ցանկացած պահանջի հանդեպ:

Չափորոշիչներում հստակ ներկայացվել են այն դրույթները, որոնք անչափահասներին վերաբերող հիմնախնդիրները լուսաբանելիս հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հետեւել. ձգտել առավելագույն ճշգրտության, ապահովել անչափահասների մասին տրամադրած տեղեկատվության հավաստիության, նվազագույնի հասցնելով նրանց համար հնարավոր վտանգները եւ այլն:

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են նաեւ հետեւել եւ եթերում բացառել վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանների կամ ձայնաշարի, մարդկանց, ինչպես նաեւ կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների եւ արյունահեղ տեսարանների կամ բռնության գործադրման ցուցադրումից:

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում տարբեր ընկերությունների՝ այդ թվում ծխախոտ արտադրող, տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Ուսումնասիրելով հեռուստաընկերության կողմից ներկայացված պարզաբանումը Հանձնաժողովը 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ի թիվ 64-Ա որոշմամբ` Ընկերության նկատմամբ՝ գովազդ հեռարձակելու հիմքով, կրկին կիրառվել էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ