News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար այսօր՝ օգոստոսի 15-ին, Զարեհ Սինանյանն ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:

Զարեհ Սինանյանը նախ ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը եւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում տարվող աշխատանքները: «Սփյուռքը լուրջ դերակատարություն ունի հայրենիքի կյանքում, եւ պետությունն էլ իր հերթին մեծ կարեւորություն է տալիս հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Ուրուգվայում եւս ապրում են մեծաթիվ հայեր, եւ մեր պետությունների միջեւ առկա են բարեկամական կապեր: Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ»,-նշել է Զարոհ Սինանյանը:

Նախարար Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է հայերի դերն Ուրուգվայում, նշել՝ իրենց տվյալներով՝ այժմ 20 հազար հայ է ապրում այնտեղ: «Հայերն Ուրուգվայում նպաստում են հասարակության զարգացմանը, պահպանում են ինքնությունը, դա է վկայում հայկական դպրոցների ու եկեղեցիների առկայությունը: Հետաքրքիր համակեցություն է՝ լինել Ուրուգվայի քաղաքացի եւ մնալ հայ, պահպանել ինքնությունը»,-նշել է նախարարը: Նա առանձնացրել է հայ համայնքի այնպիսի հայտնի ներկայացուցիչների անուններ, ինչպիսիք են Ուրուգվայի սպորտի եւ զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, հայտնի մարզիչ Սերխիո Մարգարյանը:

Ուրուգվայը համեմատաբար փոքրաթիվ սփյուռք ունի՝ մոտ կես միլիոն: Նախարարին հատկապես հետաքրքրում էր Հայաստանի փորձը սփյուռքի հետ աշխատանքներում, որը կարող է օգտակար լինել նաեւ Ուրուգվայի համար: Ըստ Նովոայի՝ այս ոլորտում համագործակցության խորացմանը նպաստելու է նաեւ Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսության բացումը:

Զարեհ Սինանյանը շեշտել է՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է սերտ համագործակցության եւ փորձի փոխանակման համար:

Այնուհետեւ կողմերը անդրադարձել են հայկական սփյուռքի աշխարհագրական տարածվածությանը եւ բազմազանությանը, հայրենադարձության հնարավորություններին, Հայաստան-Ուրուգվայ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի ներգրավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ