News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Պետությունը մեզ աշխատավարձ է տալիս ոչ թե նրա համար, որ ես որսորդների իրավունքները պաշտպանեմ, այլ Հայաստանի կենդանական եւ բուսական աշխարհի հետ կապված հարաբերությունները կարգավորեմ, որ ձեր երեխաներ ու թոռներն էլ ունենան հնավարություն որս անելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, որսորդների բողոքի ակցիայի ժամանակ որսորդների հետ հանդիպմանն ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից  Հայաստանի որսորդները կրկին բողոքի ակցիա անցկացրին Շրջակա միջավայրի նախարարության դիմաց` բողոքելով որս անելու նոր պայմաններից։

Նախարարի եւ ակցիա իրականացնող որսորդների միջեւ թեժ քննարկման ընթացքում որսորդներից մեկն ասաց, որ որս իրականացնելու օրերը կրճատելու եւ լիցենզիաների գները կրկնակի սահմանելը խթանում է որսագողությանը, որին, սակայն, նախարարը չհամաձայնեց.

«Էսօրվա դրությամբ Հայաստանում մի խումբ մարդիկ, ովքեր ստանում են լիցենզիաներ եւ զբաղվում են օրինական որսով, բայց կա այդ մարդկանցից 5, 10, 20 ավելի շատ մարդկանց քանակ, որոնք զբաղվում են որսագողությամբ։ Որեւէ անօրինական բան չպետք է լինի։ 2 տարի առաջ որսորդ միությունները ստանում էին ձեւաթուղթ, եւ հետո այդ ձեւաթուղթը անսահմանափակ քանակությամբ տպում եւ վաճառում որսորդներին»։

Որսորդներից մեկը նախարարին հարցրեց. «Մտե՞լ եք դաշտ, կյանքում որս արե՞լ եք։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մտնեք դաշտ, 100 հոգի մի տարածքում են լինելու ու իրար են խփելու։ Ես կյանքումս շաբաթ-կիրակի չեմ գնացել որսի, նախ որ աշխատում եմ, հետո էլ այդ օրերին խուսափում եմ գնալ, քանի որ շատ են մարդիկ։ Ինչո՞ւ ես պետք է դրանից զրկվեմ»։

Նախարարը չարձագանքեց։

Էրիկ Գրիգոյանը չարձագանքեց նաեւ մյուս որսորդ Սեդրակ Տեր-Խաչատրյանին.

«Որսը օրինական է, բայց հիմա որսագողությունը գնում է։ Ձեզ հետ խոսում է մարտական ուղի անցած մարդ։ Դուք ոչնչացնում եք ռազմական նշանակություն ունեցող պետական ամենակարեւոր մարդկանց՝ որսորդներին»։

Ակցիայի մասնակիցները նաեւ հորդորեցին նախարարին լիցենզիաների ստանալը դարձնել էլեկտրոնային տարբերակով։ Նախարարն իր հերթին նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Նախարարի հետ հանդիպումից հետո որսորդները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ այդ քննարկումն իրենց ոչինչ չտվեց.

«Ասում է՝ բավականին կաքավ է եկել։ Դուք լսե՞լ եք կաքավը չվող թռչուն լինի։ Մեր պահանջն այն է, որ նախարարին հանեն ու ռադ անեն։ Եթե մարդը մի բանից տեղեկություն չունի, ուրեմն այդ բնագավառում աշխատելու իրավունք չունի։ Նախարարից ոչ մեկ ոչինչ չհասկացավ։ Հարցնում եմ, որ շաբաթ-կիրակի չեմ կարողանում գնալ որսի, ի՞նչ անեմ, ոչինչ չի պատասխանում, ասում ենք՝ որ որսագող կա, թող բռնեն, էլի պատասխան չի տալիս։ Բնությունն այդպես չեն պահպանում։ 5 ժամ է՝ կանգնել ենք այստեղ, 10 րոպեում ի՞նչ պիտի պատասխաներ։ Ի՞նչ ես արել բնության համար, որ 8 հազար դրամը դարձրել ես 17 հազար դրամ, կաքավն ու նապաստա՞կն եք ավելացրել։ Մի հատ արագիլ ընկել էր սեւ ջրի մեջ ու չէր կարողանում թռչել, ամբողջ Հայաստանին հանեցին ոտքի՝ վայ արագիլը չի կարողանում թռչի։ Չհաշված ղեկավարները լոր ուտող են այդ թռչունների հետ, իրենց կարելի է ուտել, մեզ չի կարելի։ Փողն էլ տալիս ենք, թողեք գնանք որս անենք»։

Հիշեցնենք, որ որսորդները օգոստոսի 5–ից սկսած ամեն օր բողոքի ակցիա են իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության առաջ՝ պահանջելով, որ նախարարությունը թույլ տա որսն ամեն օր իրականացնել, եւ վերանայվեն լիցենզիայի համար նախատեսված վճարները։

Տպել
Ամենաշատ