
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կոչ է անում դադարեցնել արկերի արձակումը, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում իրադրության վրա: Ուրբաթ այսպիսի հայտարարություն է տարածել Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը երկրի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպման մասնակիցները պետության ղեկավարի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնի նախագահությամբ «պայմանավորվել են պահպանել զինված ուժերի մարտական պատրաստվածության ուժեղացված մակարդակը՝ իրադարձությունների հետագա ցանկացած զարգացմանը օպերատիվ արձագանքելու համար»:
Միաժամանակ ԱԱԽ հայտարարության մեջ ոչ մի բան նշված չէ Հուսիսային Կորեայի արձակած արկերի տեսակի վերաբերյալ: Միայն շեշտվում է, որ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն «կհամագործակցեն իրավիճակի հետագա վերլուծության գործում:
Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Հյուսիսային Կորեան այս առավոտ Ճապոնական ծովի ուղղությամբ Կանվոնդո նահանգի Թհոնչհոն շրջանից կատարել է 2 չճանաչված արկերի արձակումներ՝ 08:01-ին եւ 08:16-ին:
«Արկերի թռիչքի հեռավորությունը կազմել է 230 կմ, բարձրակետին թռիչքի բարձրությունը հասել է 30 կմ-ի, իսկ առավելագույն արագությունը՝ 6,1 Մախի կամ ավելինի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին 3 շաբաթում սա Փհենյանի իրականացրած արդեն 6-րդ արձակումն է: Նախորդը կատարվել էր օգոստոսի 10-ին: Այդ ժամանակ ճապոնացի եւ հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ արձակվել էին փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռներ, որոնք անցել են շուրջ 450 կմ: