News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ժայռ մագլցող Ալեն Ռոբերը, ում ժողովուրդը «սարդ-մարդ» է անվանում, երկնաքերներից մեկի վրա տեղադրել է Հոնկոնգի դրոշը՝ Չինաստանին եւ հատուկ վարչական տարածքին յուրատեսակ հաշտվելու կոչ բողոքի ցույցերի ֆոնին, որոնք բռնկվել էին Պեկինի պայմաններով արտահանձնման մասին օրենքը ընդունելու իշխանությունների մտադրության պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը:

Գործակալության հրապարակած կադրերում երեւում է, թե ինչպես է լեռնագնացի վառ հանդերձանքով տղամարդը տեղադրում կտավը, որի վերին անկյունում պատկերված են Չինաստանի եւ Հոնկոնգի դրոշները, իսկ դրանց տակ՝ խորհրդանշական ձեռքսեղմում, ինչը խաղաղության կոչ է հատուկ վարչական տարածքում մի քանի ամիս չհանդարտվող չինական քաղաքականության դեմ բողոքի ցույցերից հետո:

Երկնաքերը, որի ճակատամասին Ռոբերը տեղադրել է իր հաշտեցման դրոշը, պատկանում է հայտնի բարեգործ եւ Ասիայի ամենաազդեցիկ բիզնեսմեններից հոնկոնգցի մագնատ Լի Կա-Շինին, նշում է Bloomberg գործակալությունը: Նրա տեղեկություններով՝ ինքը բիզնեսմենը, որը գործարար շրջանակներում հայտնի է «Սուպերմեն» մականունով, տեղական պարբերականներում մի շարք հայտարարություններ է հրապարակել, որոնցում քաղաքացիներին կոչ է արել ցույցերը դադարեցնել: «Սիրեք Հոնկոնգը, սիրեք Չինաստանը, սիրեք ինքներդ ձեզ»,- նշված է դրանցից մեկում:

Հիշեցնենք, որ ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում զանգվածային ցույցեր են սկսվել՝ կապված իշխանությունների նախաձեռնած օրինագծի հետ, որը հստակեցնում է Չինաստանի օրենքների խախտման համար կասկածվող կամ հետախուզվող անձանց Հոնկոնգից Չինաստան արտահանձնման մեխանիզմը: Հանրության ճնշման ներքո՝ տեղական իշխանությունների ղեկավար Քերրի Լամն օրակարգից հանել է օրինագիծը, սակայն դա չի կանգնեցրել բողոքի ալիքը: Օգոստոսի 11-ին տարբեր շրջաններում կրկին հակակառավարական չարտոնված ցույցեր են տեղի ունեցել: Ոստիկաններն առանձին դեպքերում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: 40 մարդ վնասվածք է ստացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրում են ավելորդ դաժանության համար եւ պատրաստվում են նոր խոշոր ակցիաներ կազմակերպել: Անկարգությունները զգալի վնաս են հասցրել տնտեսության տարբեր հատվածներին, ներառյալ առեւտուրը, տրանսպորտային ոլորտը եւ զբոսաշրջությունը: Այս շաբաթվա սկզբին ցուցարարները խափանել էին օդանավակայանի աշխատանքը, որտեղ չեղարկվել էին հարյուրավոր չվերթներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ