Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։ Նա նշեց, որ Հայաստանում գործող դատավորներից 96–ը ներկայումս գտնվում են արձակուրդում, իսկ մնացածը հերթապահ են։
Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Հաջորդ ընդհանուր ժողովի մասին դատական դեպարտամենտը հավելյալ կտեղեկացնի։