News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք բողոքում են արտահանձնման մասին նոր օրենքի դեմ, դուրս են եկել Հոնկոնգի փողոցներ՝ չնայած հորդառատ անձրեւին եւ ոստիկանության արգելքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ընդդիմադիր Մարդու իրավունքների քաղաքացիական ճակատի կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջում են ամբողջովին հրաժարվել արտահանձնման մասին օրենքը դիտարկելուց, չեղարկել ցույցերի վերաբերյալ «զանգվածային անկարգություններ» եզրույթի կիրառումը, ազատել ավելի վաղ ձեռբակալված բոլոր ցուցարարներին, անցկացնել ցույցերի ժամանակ ոստիկանության գործողությունների անկախ հետաքննություն, կազմակերպել համընդհանուր ընտրություններ:

Քաղաքացիական ճակատը կազմակերպել էր ցույցը Վիկտորիա այգում. ի սկզբանե նրանք նախապատրաստում էին քայլերթ, սակայն ոստիկանությունն արգելել էր՝ մեկնաբանելով իր որոշումը նրանով, որ կազմակերպիչներն ի զորու չեն ինքնուրույն ապահովել անվտանգությունը: Ճակատի ներկայացուցիչ Բոնի Լանը հայտարարել էր լրագրողներին, որ անցկացվելու է խաղաղ հանրահավաք, իսկ քայլերթն արգելված է. նա նաեւ բոլոր հնարավոր միջոդեպերի համար պատասխանատվությունը վերագրել է ոստիկանությանը:

Այդուհանդերձ, հանրահավաքը սկսվելուց մեկ ժամ անց ցուցարարների ամբոխը սկսել էր հեռանալ այգու տարածքից եւ լցնելով ճանապարհներն ու երթեւեկելի հատվածը՝ շարժվել քաղաքի փողոցներով:

Ներկա պահին Հոնկոնգում հորդառատ անձրեւ է տեղում, սակայն դա չի կանգնեցնում ցուցարարներին:

Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ սպասվում է ավելի քան 300 հազար մարդու մասնակցություն հանրահավաքին:

Հոնկոնգում արդեն 11-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Դրանք սկսվել էին այն փոփոխությունների պատճառով, որոնք ընդունվելու դեպքում թույլ կտան իշխանություններին արտահանձնել կասկածյալներին Թայվանին, Մակաոյին եւ Չինաստանին, որոնց հետ Հոնկոնգը չունի արտահանձնման մասին համաձայնագիր: Ի սկզբանե բողոքի ցույցերը խաղաղ էին, սակայն օրեցօր քաղաքի փողոցներում բախումներն էլ ավելի դաժան բնույթ էին կրում. առ այսօր տուժել են տասնյակ մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ