News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ջերմուկցիներն ու բնապահպաններն այսօր առավոտյան 50 մեքենայով եկան Երեւան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց, նաեւ Ջերմուկի ու շրջակա գյուղերի համայնքապետերին, կառավարության անդամների  հրավիրել էր քննարկման Բաղրամյան 26, թեման Ամուլսարն էր, հարցը՝ արդյոք պետք է շահագործել հանքը՝ հաշվի առնելով փորձաքննության արդյունքերը, թե նույն փաստաթղթի ռիսկերը աչքի առաջ ունենալով՝ խզել պայմանագիրը «Լիդիանի» հետ։

Քննարկումը ըստ երեւութին հանդարտ չէր անցնում կամ առնվազն համաձայնության մթնոլորտում։ Բնապահպան Աննա Շահնազարյանը բոյկոտեց քննարկումը եւ կեսից դուրս եկավ։

Շուտով դուրս եկան նաեւ այլ դժգոհներ՝ բնապահպանների ակնկալիքը, թե իշխանությունը կսատարի իրենց, չէր արդարացել։

Թե ինչ էր հատկապես ասել վարչապետը, որ բնապահպանների սրտով չէր եղել, փոխանցեց նրա խոսնակը։

Դուրս եկողների հետ բողոքը աճեց՝ սկսվեց ակցիա Ամուլսարի շահագործման դեմ։ Հանրային քննարկում անելու համար ացիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողովի բակ, ոստիկանական պատն արգելեց մուտքը, ակտիվիստները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, կարմիր բերետավորները բռնությամբ հեռացրին նրանց։

Այստեղ պատգամավորներ եկան ընդդիմադիր խմբակցություններից։ Նրանց զարմացրել էր հատկապես, որ ակցիան փորձում են խոչընդոտել փակ դարպասներով, որոնք որպես հեղափոխական ձեռքբերում՝ դեռ անցած տարի բացել էին ժողովրդի առաջ։

Ակցիայի մասնակիցները իրենց հավաքը արեցին Սարյան պուրակում, որոշվեց վաղը եւս ակցիա անել՝ երեկոյան 7-ին։

Իսկ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ քննարկման գնաց արդեն խորհրդարանական թիմակիցների՝ «Իմ քայլի» պատգամավորների հետ։ Քննարկումը փակ էր, ավարտին ԱԺ փոխխոսնակը հայտնեց իրենց հիմնական մտահոգությունը՝ չանել մի բան, որ սխալ լինի։

Ավելի ուշ արդեն երեկոյան վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ՝ ինչպես տեսանյութն էր վերնագրել՝ քաղաքացիների հետ զրուցելու Ամուլսարի մասին։ Փաշինյանի երկար խոսքից պարզ դարձավ, որ ինքը հակված է Ամուլսարի շահագործմանը, նա նշեց, որ եթե հետեւանքների մեղման 16 միջոցները կիրառվեն, ապա ռիսկերը կառավարելի կլինեն։

Փաշինյանը խոսեց 1 ժամ 22 րոպե, բայց որեւէ անդրադարձ չարեց ոստիկանական գործողություններին՝ այն բոլոր ոչ թավշյա, բռնի մեթոդներին, որ կիրառվեցին ցուցարարների դեմ։

Ռուսաստանը չի արտահանձնի ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին։ Ռուսական կողմը Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հղում անելով միջազգային կոնվենցիայի իրավական օգնություն ցույց տալու հոդվածին: Մեր դատախազությունը համարել է, որ այս հոդվածը նախատեսում է այլ դեպքեր եւ կրկին դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ առաջարկելով տրամադրել հստակ տեղեկություն՝ Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ։

Ռուսական կողմի այս մերժումը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի եւ ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետեւանք է: NEWS.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց՝ Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ միջպետական հարաբերությունների մեջ են, եւ եթե Միհրան Պողոսյանին կամ որեւէ մեկին չեն արտահանձնում, դա միջպետական հարաբերությունների լարում է, եւ միջպետական պայմանավորվածություններն արդեն սկսում են չաշխատել:

Հյուսիսային պողոտայում երեկ երեկոյան ծեծկռտուք է եղել, մասնակիցներից մեկը Վահագն Չախալյանն էր, որ այդ վայրում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստարգրահավաք էր անում։ Ծեծկռտուքից հետո նա եւ իր կողմնակիցները «լայվ» են մտել ու պատմել, թե ոքեր եւ ինչու են կռիվ սարքել։ Վահագն Չախալյանին եւ եւս մի քանի հոգու ոստիկանները բերման են ենթարկել, ապա ազատ արձակել: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում։

Ի դեպ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։ Արամ Առաջինը կոնվենցիայի մտահոգություններից խոսել է կիրակի, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո՝ հայտարարելով, որ բացարձակապես դեմ է դրա վավերացմանը։

Լոռու մարզի Պուշկինո գյուղում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմանում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը  դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է  46-ամյա տղամարդու: Այնուհետեւ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը եւ ամառանոցը: Կասկածյալը ձերբակալվել է։ Ըստ մամուլի՝ սպանված տղամարդը աշխատել է Լոռու մարզպետարանում։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է՝ կազմելով 475 դրամ, եվրոն 528 դրամ է, բրիտանական ֆունտը 576, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 12 դրամ:

Օգոստոսի 20-ին Հայաստանում սպասվում է  առանց տեղումների եղանակ: Երեւանում առաջիկա գիշեր սպասվում է +22+25, վաղը ցերեկը՝ +37+39։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 23․09․2019
Փոխգնդապետն այժմ գտնում է զինվորական հոսպիտալում, ըստ բժիշկների՝ վերջին հետազոտությունն արձանագրել է բացասական դինամիկա․․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 20․09․2019
Այսօր դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 19․09․2019
Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 18․09․2019
Իշխող ՔՊ կուսակցությունն էլ վարչության նիստ էր հրավիրել, մասնակցում էր նաեւ վարչապետը․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 17․09․2019
Իսկ դատարանի բակում զուգահեռ ցույցեր էին՝ մի կողմում Քոչարյանի աջակիցներն էին․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․09․2019
Բանկային գաղտնիքը մատչելի դարձնելու որոշումից Փաշինյանը հայտարարեց, որ չի հրաժարվելու․․․․․