News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Ամուլսարի խնդրով իր տեսակետն ու փորձել է հիմնավորել հանքի շահագործման անհրաժեշտությունը:

Ինչպես եւ ավելի վաղ քննարկումների ժամանակ, վարչապետն ուղիղ եթերը սկսել է անցած տարի Ամուլսարի հարցով հնչեցրած իր հայտարարությամբ:

Վարչապետը հիշեցրել է, որ իր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ եզրակացությունները կարող են հիմնվել միայն փաստերի վրա, իսկ շահագործման հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ փորձաքննությունն ապացուցի Սեւանի ու Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման ռիսկերի բացակայությունը: Այդ մասին Փաշինյանն ասել է նաեւ Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Միեւնույն ժամանակ, վարչապետը հիշեցրել է, որ շահերը, այդ թվում՝ էկոլոգիական, պետք է կշռադատված լինեն: Որպես օրինակ նա նշել է, որ շենքի, քաղաքի կամ մայրուղու կառուցումը բնապահպանական առումով վնասակար է, սակայն մարդկության զարգացման առումով՝ անհրաժեշտ:

«Ես ընտրել եմ այդ մեջբերումները, որպեսզի ներկայացնեմ համատեքստը, որը ձեւավորվել է վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց հետո: Այսինքն՝ շահագործման համար հստակ պայման են փաստերը, եւ գլխավոր պայմանը՝ Սեւանի ու Ջերմուկի վրա բացասական ազդեցության բացակայությունը: Այժմ կա եւս մեկ հարց՝ Արփա-Որոտան ջրային համակարգի վրա բացասական ազդեցության բացակայությունը»,- նշել է վարչապետը:   

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնում իր ընտրվելուց հետո Ամուլսարի խնդիրն ամենաքննարկվողներից է դարձել: Հասկանալով դրա կարեւորությունը՝ Փաշինյանը սկսել է մանրամասն ուսումնասիրել հարցն ու կարդացել է այդ հարցով իրեն ուղղված բոլոր նամակները։ 

«Այնտեղ ասվում էր, որ Սեւանը կորցնում ենք, Ջերմուկը կորցնում ենք: Պարզ հարց՝ ինչպե՞ս պետք է ես դա լուծեմ: Ինչի՞ հիման վրա: Չեմ կարող հարցը լուծել սեփական էմոցիաների հիման վրա: Ցանկացած լուծում պետք է հիմնված լինի փաստերի վրա: Մի մասը գրում է, որ դա աղետ է: Մյուսները վստահ են, որ դա համապատասխանում է էկոլոգիական նորմերին: Ես հասկացա, որ ինստիտուտցիոնալ որոշում է պետք: Նամակներից մեկում կային տվյալներ հանցագործության մասին, եւ այդ հիմքով քրեական գործ է հարուցվել: Այնպես որ, գործը հարուցվել է, կարելի է ասել, իմ նախաձեռնությամբ»,- նշել է Փաշինյանը: 

Այդպիսով, շարունակել է վարչապետը, Քննչական կոմիտեն հավաքել է հնարավոր տվյալները, որպեսզի հասկանա՝ որն է խնդիրը: 2018թ. հուլիսի 20-ին քրեական գործ է հարուցվել: Գործին ներգրավվել են նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներ: Քննության ընթացքում որոշում է ընդունվել փորձաքննություն անցկացնել եւ մրցույթ հայտարարել: Կառավարությունը խոշոր գումար է հատկացրել, ընդհանուր առմամբ՝ 400 հազար դոլար: Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն: Հաղթող է ճանաչվել «Էլլարդ» ընկերությունը: Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ դա բացառիկ դեպք է եղել, երբ չի ընտրվել ընկերությունը, որը ծառայություններ է առաջարկել ցածր գնով՝ 140 հազարով: Պարզվել է, որ հստակ պատճառներ են եղել: Մասնավորապես, հայտնի Միջազգային էկոլոգիական կոալիցիան «Էլլարդ» ընկերությանը ներկայացրել է որպես վստահելի ընկերություն: Այդպիսով, վարչապետի կարծիքով, եթե այդ ժամանակ ոչ ոք չի կասկածել, ապա այժմ եւս հարկ չկա կասկածի տակ դնելու դրա մրցունակությունը: Ավելին, ընկերությունը ներգրավել է մեկ այլ հայտնի ընկերության՝ ամերիկյան TRC-ին:

Վարչապետը նշել է, որ այժմ փորձաքննության արդյունքները կան, եւ դրանք Քննչական կոմիտեն ներկայացրել է հանրությանն ու կառավարությանը, ըստ այդմ՝

  1. Շահագործումը սպառնալիք չէ Սեւանի համար: Եթե ղեկավարվենք ամենավատ սցենարով՝ երկրաշարժ, ապա Կեչուտի միջոցով աղտոտված ջրերը կհայտնվեն Սեւանում, ազդեցությունն այնքան փոքր կլինի, որ անհնար կլինի չափել: Այստեղ վարչապետը գրոտեսկային օրինակ է բերել՝ ինչ-որ մեկը Սեւանում մեքենա է լվանում, դա, իհարկե, վատ է էկոլոգիայի համար, սակայն վնասն այնքան փոքր է, որ լաբորատոր հետաքննությունը չի կարող պարզել: Եվս մեկ գրոտեսկային օրինակ՝ Սեւանի ափին մարդու գործունեությունն ավելի շատ վնաս է հասցնում, քան Ամուլսարից ենթադրյալ վնասը:
  2. Ջերմուկի հանքային ջրերը եւս սպառնալիքի տակ չեն:
  3. Որոտան-Արփա համակարգերի վնասը կառավարելի է: Վարչապետը նշել է, որ այստեղ կարեւոր է հասկանել, թե ինչ ասել է կառավարելի: Խոսքը ոչ թե ռիսկերը նվազագույնի հասցնելու, այլ գետում աղտոտված ջրերի հայտնվելը լիովին բացառելու մասին է: Հարցի լուծման համար «Էլլարդ»-ը առաջարկում է 16 միջոց, որոնցից 10-ը «Լիդիանն» արդեն ներառել է ծրագրում:

«Էլլարդ»-ի եզրակացությունը տեղավորվել է 500 էջում: Գործում 140 հատորում 35 հազար նյութ կա: Դրանք կողմերի փաստարկներն ու հակափաստարկներն են: 

Փաստաթղթում նշվում է, որ հարցեր եւ թերություններ կան։ Փաշինյանի խոսքով՝ այդ հարցերին մասնակիորեն պատասխանել է քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ բացատրելով, որ ռիսկի հարցը գնահատվում է հարաբերակցությամբ: Փաշինյանը դարձյալ օրինակների է դիմել՝ լյարդի ճարպակալում, բարձր խոլեստերին եւ տախիկարդիա ունեցող հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն եթե նա միջոցներ չձեռնարկի, դիետա չպահի եւ չզբաղվի իր առողջությամբ, ապա խնդիրները սպասեցնել չեն տա: Դա վերաբերում է նաեւ Ամուլսարի իրավիճակին, տվյալ դեպքում՝ եւ՛ «Էլլարդը», եւ՛ «Լիդիանը» կոնկրետ միջոցներ են առաջարկում:  

Փաշինյանը նշել է, որ հարցը քննարկել է «Իմ քայլի» պատգամավորների հետ: Իրավիճակը վերահսկելու համար վարչապետն առաջարկում է մշտական մոնիթորինգ իրականացնել, եւ եթե պարզվի, որ «Լիդիանը» չի պահպանում «0 լիտր արտահոսքի» պահանջը, ընկերությանը կզգուշացնեն եւ 90 օր կտան հարցի լուծման համար: Փաշինյանը վստահ է, որ կառավարությունն ունի բոլոր լծակները հարցը լուծելու համար: Ավելին, վարչապետը կարծում է, որ Ամուլսարի շահագործումը հանրապետությունում աննախադեպ էկոլոգիական ստանդարտներ կներդնի: Նա բացատրել է, որ ընկերությունները, որոնք աշխատում են նման ցածր ստանդարտներով, ստիպված կլինեն բարձրացնել ստանդարտները, սակայն նոր բարձր ստանդարտներին համապատասխանելու համար ստիպված կլինեն ներդրումներ անել: 

«Սակայն այդ ընկերությունները կարող են հաշվել՝ եթե Ամուլսարը գործի, ապա ստիպված կլինեն ծախսել: Ավելի լավ է հիմա ծախսել գումարի 10%-ը փիառ ակցիայի համար, որպեսզի փակվեն ընկերությունն ու հարցը»,- ենթադրել է Փաշինյանը: 

Մեկ այլ սկզբունքային խնդիր է որպես առողջարանային քաղաք Ջերմուկի ճակատագիրը: Վարչապետը վստահեցնում է, որ փորձաքննությունը համալիր է, եւ հաշվի են առնվել բոլոր հարցերը՝ փոշին, ջրի աղտոտումը, ըստ այդմ՝ համարում է, որ Ջերմուկի համար սպառնալիք չկա: Փաշինյանը կարծում է, որ եթե չկան հանքային ջրի համար սպառնալիքներ, ապա առողջարանային քաղաքը չի տուժի, մնացածը մենեջմենթի հարց է: 

Ապա վարչապետն անդրադարձել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատականի հարցին: «Այն, ինչ ես հիմա ասում եմ, հիմնված է տվյալ պահին առկա տեղեկության վրա: Սակայն եթե մի քանի օրվա ընթացքում փաստեր հայտնվեն, որոնք մենք հաշվի չենք առել, կառավարությունը ոչ մի բանով կաշկանդված չէ: Ես կաշկանդված չեմ: Խոտը, ծառերը, արջերը, թռչունները՝ ամեն ինչ հաշվի է առնված: Բարձր ստանդարտներ են սահմանված»,- վստահեցրել է Փաշինյանը:   

Անդրադառնալով մեղադրանքներին, թե կառավարությունը զիջումների է գնում արտաքին ճնշումների պատճառով, Փաշինյանը վստահեցրել է, որ եթե դա իսկապես այդպես լիներ, ապա հարկ չէր լինի մի ամբողջ տարի սպասել: «Ճիշտ հակառակը, կառավարությունը ողջ ընթացքում կանխել է նման ենթատեքստը: Մենք ասել ենք, որ բացառված է շահագործումը, եթե դա վնաս է հասցնում Սեւանին եւ Ջերմուկին»,- նշել է Փաշինյանը: Նա նաեւ հստակեցրել է այն հարցը, թե կոնկրետ ինչ փորձաքննություն է իրականացրել «Էլլարդը»: Փաշինյանը հաստատել է, որ 400 հազար դոլարով ընկերությունը փաստաթղթերի փորձաքննություն է անցկացրել, սակայն դա տրամաբանական է, քանի որ սկզբնապես նպատակ էր դրվել ստուգելու «Լիդիանի» տրամադրած տվյալներն ու փաստաթղթերը:

Ամփոփելով արդյունքները՝ վարչապետը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթություններն անփոփոխ են՝ կառավարությանը հետաքրքրում են Սեւանն ու Ջերմուկը:

«Եթե քննարկումների արդյունքներով եզրակացության գանք, որ շահագործումը վնաս է հասցնում, կփակենք, եւ թող մեզ ներեն մեր գործընկերները, մեզ նրանց արձագանքը չի հետաքրքրում: Դա ասում ենք մենք, ասել եմ ես, հրապարակայնորեն: Սակայն ասում եմ նաեւ, որ եթե պարզվի, որ վնաս չի հասցնում, ապա կշահագործենք»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ պարտավորությունների իրականացումից անհիմն հրաժարումը կնշանակի, որ Հայաստանն անհուսալի եւ անլուրջ գործընկեր է:

«Եվ ուրեմն մեր կառավարության, պետության, ժողովրդի, երկրի շահերից է, որ մենք մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը, ժողովրդի վստահության քվեն ստացած պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է. զուտ իրավական առումով խախտում չկա. Հայկ Գրիգորյան
Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ, ուստի զուտ իրավական առումով խախտում չկա...
Ե՞րբ է վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին. «Լիդիան Արմենիա»
Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն անաչառության վերաբերյալ կասկած է հարուցում…
«Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարի գործի վարույթը
Շարունակվեց ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախական դատական նիստը...
Եթե ներկայացրել ենք փաստաթուղթ վարչապետին, նշանակում է՝ այդ փաստերը ստուգման կարիք ունեն. Նախարարը՝ Ամուլսարի մասին
Մենք ուսումնասիրել ենք «Էլարդի» տվյալները, նաեւ հարցումներ ենք ուղարկել մի շարք պետական մարմինների, օրինակ «Հիդրոմետ»-ին...
Հանրային խորհրդում քննարկել են Ամուլսարի հարցը. աշխատանքային խումբ է ստեղծվել
Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլեւ առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով եւ վերջնական եզրակացությունը...
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. Նոտա ընթերցվեց
«Համահայկական Ազգային համաձայնության» շարժման քաղաքական նոտան...