News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կապ ենք հաստատել պատկան մարմինների հետ, որպեսզի Աղյուսագործների փողոցի խողովակաշարից վերցված այս կոյուղաջուրը փոխանցենք պարոն քաղաքապետին, որպեսզի նա վայելի այս գարշահոտությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, որն իր հետ դույլով կոյուղաջուր էր բերել քաղաքապետարան։

Նրա խոսքով՝ բազմաթիվ անգամներ կոչ են արել, որպեսզի քաղաքապետը գնա եւ տեղում ծանոթանա խնդրին. «Քաղաքապետը խոստացել էր, քվե աղերսելիս ասել էր, որ Երեւան քաղաքի բնակիչների խնդիրրներին ականջալուր է լինելու անձամբ եւ լուծումներ է տրամադրելու։ Մարդիկ միզելու եւ բնական արտաթորելու իրավունքից զրկված են, քաղաքային իշխանության ՏԻՄ–ի, որն է՝ Երեւանի ավագանին եւ Երեւանի՝ մեզ պարտադրված քաղաքապետը, հենց նրանց լիազորությունների չկատարելու պատճառով»։

Աղեկյանի խոսքով՝ այս խաղաղ ակցիայի միջոցով ուզում են ասել, որ քաղաքապետն ունենա համարձակություն եւ տեղում ծանոթանա խնդրին։

«Ուզում ենք, որ պարոն պարտադրված քաղաքապետը մեկ րոպե շնչի այս հոտը, մոտենա Աղյուսագործների 86 հասցե եւ հենց այսօր այս խնդրին լուծում տրամադրի, որովհետեւ, երբ քաղաքացիներն ահազանգում են, նրանց փորձում են լռեցնել ավագանիներին գործուղելով եւ տարբեր սուտ խորհրդատվություններ տալով»,– ասաց Աղեկյանը։

Աղեկյանը կրկին անգամ կոչով դիմեց քաղաքապետին. «Պարոն քաղաքապետ մենք կոչ ենք անում Ձեզ, որպեսզի ականջալուր լինեք երեւանցիների խնդիրներին եւ «Կարգին Հայկոյից» գոնե փորձեք վերածվել քաղաքապետի, հասկացանք կարգին քաղաքապետի մասին խոսելն ավելորդ է, գոնե սովորական քաղաքապետի»։

Աղեկյանը խնդրանքով դիմեց քաղաքապետին, ասելով, որ վերջինս սեղանի տակից դուրս գա եւ վերցնի դույլով կոյուղաջուրը։

«Դույլն ամուր փակված է, որեւէ մեկի վրա չի թափվի։ Միայն խնդրում ենք կբացեք 3 րոպե կշնչեք եւ դրանից հետո արդեն ձեր անելիքները կհուշեն մեզ, թե դուք կդառնաք քաղաքապետ, թե ոչ։ Ասեմ ձեզ պարոն Կարգին Հայկո, որ եթե այս հարցն էլ չի լուծվում, ինչպես աղբահանության ու սանմաքրման խնդիրը լուծում չի կարողանում ստանալ Երեւանում, մենք ականատեսն ենք լինում, որ դուք միայն քանդում եք, ավիրում եք»,– ասաց Աղեկյանը։

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցը մոտեցավ ակցիայի մասնակիցներին եւ խնդրեց կոյուղջուրը քաղաքապետարանի տարածքից դուրս բերել, որից հետո քաղաքապետարանի աշխատակիցը հանդիպեց ակցիայի մասնակիցների հետ։

«Ներկա դրությամբ բանակցում են եւ սեփականատիրոջ հետ եւ Վեոլիա ջրի հետ, տեխնիկական շուծումները գտնելու համար։ Բնակիչներին կտեղեկացվի լրացուցիչ։ Բարդ տեխնիկական խնդիրներ կան, որի շուրջ բանակցում են»,– ասաց քաղաքապետարանի աշխատակից Արթուր Մկրտչյանը։

Աղեկյանի խոսքով՝ այս պահին դադարեցնում են ակցիան, բայց հետեւողական են լինելու, որպեսզի նշված հասցեի կոյուղու հարցը կարգավորվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ