News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ամուլսարի թեման վարչապետի «լայվից» հետո ոչ միայն չփակվեց, այլեւ մտահոգություններին ավելացավ հիասթափությունը։ Փաշինյանը «Լիդիանի» կողմը բռնելով իր դեմ հանեց իր շատ կողմնակիցների։ Դավիթ Սանասարյանը, որ հայտնի քրեական գործից ու իր պաշտոնի կասեցումից հետո էլ շարունակում էր Փաշինյանի թիմակից ու աջակից ներկայանալ, հայտարարեց՝ «Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Նիկոլ Փաշինյանին չեմ կարող աջակցել»։

Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից հրաժարվեց Գայանե Շագոյանը՝ պատճառաբանելով, որ Փաշինյանը կորցրել է իր վստահությունը, եւ ինքը անհնարին է համարում ներկայացնել նրա կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ:

Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն էլ որոշեց խոսել, իր բառերով, հրեշավոր ստի մասին։ Նա հայտարարեց, որ Ամուլսարի վերաբերյալ որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, իսկ լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա էր։ Նա նաեւ կուլիսային տեղեկություններ հրապարակեց՝ պնդելով, թե  իր նշանակման օրվանից սկսած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին։ Նույն գործին էր լծված նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը։ Նրանց շահագրգռությունն էլ նախկին պաշտոնյան բացատրել է կոռուպցիայով։

Փոխվարչապետ Ավինյանն արձագանքել է այս մեղադրանքներին։ Ըստ նրա՝ Արթուր Գրիգորյանը իրականում չի կարողացել տանել անաչառ արբիտրի դերը։  Ավինյանն էլ է կուլիսային փաստերի դիմել, հիշել իր նախկին ենթակայի սխալները, օրինակ որ նա կենտրոնացել էր ինչ-որ թիթեռի եւ բույսի վերացման ռիսկերի վրա՝ անտեսելով կարեւորագույնը՝ Ջերմուկի ջրերը։ Այդ սխալի պատճառով էլ «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան։ Իսկ կոռուպցիայի մասին պնդումները, ըստ փոխվարչապետի, այնքան անհեթեթ ու անհիմն են, որ նույնիսկ չցանկացավ դրանց անդրադառնալ:

Ամուլսարի խնդիրը նաեւ ֆեյսբուքից դուրս էր քննարկվում, ընդ որում միաժամանակ ե՛ւ Երեւանում ե՛ւ Ջերմուկում երեկոյան 7-ին հանրային քննարկում էր հրավիրվել։

Սարյանի արձանի պուրակում ընթերցվեց բնապահպանական ճակատի դիմումն ուղղված Շրջակա միջավայրի նախարարությանը, հավաքի մասնակիցը տվյալներ ներկայացրեց, որոնք ըստ նրա՝ թույլ կտան ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունը։ Ակտիվիստները քննարկեցին նաեւ պայքարի նոր տարբերակներ՝ առցանց եւ փողոցում, որպեսզի խնդիրը ակտուալությունը չկորցնի եւ դիմադրական շարժումը էլ ավելի մեծանա։

Նույն տրամադրությունն էր նաեւ Ջերմուկում։ Այստեղ բնակիչների կողքին նաեւ ավագանու անդամներն էին, նրանք եւս հաստատեցին, որ թույլ չեն տալու սարը հանք դարձնել։

Մամուլը այսօր գրել էր, որ օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնի տանը: Այնտեղ ինչ-որ «ռազբորկա» է եղել՝ փողի հարցով։ Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով: Այսօր գեներալ Սարոյանն իր տուն լրագրողների էր հրավիրել՝ հերքելու այս տեղեկությունը։

Սեյրան Սարոյանը խոսեց նաեւ քաղաքականությունից, չնայած ասաց՝ 1 տարի է՝ ոչ մի հարցի չի խառնվել։ ՀՀԿ նախկին պատգամավորը գոհ է նոր իշխանությունից, ուզում է հանդիպել Փաշինյանի հետ, բայց նպատակը չասաց։ Միայն պատմեց, թե նախկինում ինչ հարցով է դիմել նրան եւ ինչ պատասխան ստացել։

Գեներալ Մանվելի նախկին զինակիցն ու ընկերը նաեւ հասատատեց՝ Էջմիածնում նրա օրոք վախ եղել է։

Ստամբուլյան կոնվենցիային դեմ է, չեն կարող, ըստ գեներալի, համարակալված ծնողներ լինել՝ հայր 1, հայր 2։ Ոչ էլ տեղյակ է եղել, որ իր թիմակիցներն են ստորագրել այդ փաստաթուղթը։

Սոնա Աղկայանը այսօր նորից Երեւանի քաղաքապետարանի շենքի առաջ էր։ Ավագանու նախկին անդամը հետը մի դույլ կոյուղաջուր էր բերել Աղյուսագործների փողոցից, որտեղ մի քանի տներ զրկված են կոյուղագծից եւ ապրում են գարշահոտության մեջ։ Աղեկյանն էլ ցանկանում էր, որ այդ գարշահոտությունը շնչի նաեւ քաղաքապետ Մարությանը։

Քաղաքապետրանից հայտնեցին, որ խնդրով զբաղվում են, Աղեկյանն էլ հայտարարեց, որ առայժմ ակցիան դադարեցնում է, բայց եթե խնդիրը չլուծվեց, ինքը կվերադառնա։

Երեկ կեսօրից այրվում է «Ձյունիկ սառնարան» ընկերության սառնարանային շինության 3-րդից 5-րդ հարկերը։ Շինությունը Երեւանում է՝ Արշակունյաց պողոտայի վրա։ 11 մարտական հաշվարկ է փորձում մարել խոշոր հրդեհը, գիշերը, նաեւ այսօր այնտեղ էր ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ  սառնարանի պատերը հաստ են, պատերի մեջ նյութեր են դրված, որոնք այրվում են ու կրակը չի երեւում։ Առայժմ չի երեւում նաեւ կրակը մարելու վերջը։

Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում օգոստոսից խոզերի զանգվածային անկում է սկսվել, Հարթաշենում 10 խոզ է սատկել, 40 հիվանդ խոզ մեկուսացվել է, Քարահունջում 200 խոզ է սատկել։ Մարզպետարանից հայտնում են, որ անկած կենդանիներից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության ուղարկելու համար։

Իսկ Գեղարքունիքի մարզում սիբիրյան խոցի դեպքեր են արձանագրվել։ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով, ախտորոշվել է սիբիրյան խոցի մաշկային ձև: Նրանք մի քանի օր առաջ մասնակցել էին համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Բժիշկները մեկնել են գյուղ եւ հայտնաբերել եւս 5 վարակակրի, նրանք ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Համայնքում սահմանվել է բժշկական հսկողություն:

Դոլարի փոխարժեքը այսօր կայուն է՝ կազմել է 475 դրամ, եվրոն 527 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 575, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 13 դրամ:

Օգոստոսի 21-ին Հայաստանում սպասվում է  առանց տեղումների եղանակ: Ըստ օդերեւութաբանների՝ օդի ջերմաստիճանը ներառյալ մինչև շաբաթ էականորեն չի փոխվի, իսկ կիրակի աստիճանաբար կնվազի: Երեւանում սպասվում է առաջիկա գիշեր սպասվում է +22+25, վաղը ցերեկը՝ +37+39։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 23․09․2019
Փոխգնդապետն այժմ գտնում է զինվորական հոսպիտալում, ըստ բժիշկների՝ վերջին հետազոտությունն արձանագրել է բացասական դինամիկա․․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 20․09․2019
Այսօր դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 19․09․2019
Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 18․09․2019
Իշխող ՔՊ կուսակցությունն էլ վարչության նիստ էր հրավիրել, մասնակցում էր նաեւ վարչապետը․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 17․09․2019
Իսկ դատարանի բակում զուգահեռ ցույցեր էին՝ մի կողմում Քոչարյանի աջակիցներն էին․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․09․2019
Բանկային գաղտնիքը մատչելի դարձնելու որոշումից Փաշինյանը հայտարարեց, որ չի հրաժարվելու․․․․․