News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անցած տարի այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 100 օրվա առթիվ կազմակերպված մեծ ցույցի ընթացքում հայտարարեց ուղիղ ժողովրդավարության եւ հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին: Այս մասին այսօր Սարյանի պուրակում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ քննարկումների ընթացքում հայտարարել է բնապահպան Աննա Ժամակոչյանը:

Սակայն, ինչպես նշել է բնապահպանը, երեկ վարչապետն այդ հարցով քննարկում անցկացրեց ոչ թե իր ընտրողների առաջ, այլ Բաղրամյան 26-ում, առանց որեւէ ուղիղ միացման:

«Ժողովուրդը կրկին բաժանվեց Բաղրամյան 26-ի մոտ ոստիկանական պատով»,- նշել է Ժամակոչյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ հանքի շահագործման դեմ բողոքողների համար փակ է եղել նաեւ խորհրդարանի այգին: Այդպիսով, ըստ բնապահպանի, քաղաքացիներին թույլ չեն տվել մասնակցել այդ թեմայով հանրային քննարկումներին: Արդյունքում, Ժամակոչյանի խոսքով, ոստիկանության միջամտության եւ ուժի կիրառման պատճառով ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման է ենթարկվել:

«Մենք ֆիքսում ենք, որ վարչապետը հետ է կանգնում իր խոստումներից, եւ փորձաքննության արդյունքները ձեռքին Ջերմուկ գնալու փոխարեն նա նախընտրում է փակ քննարկում անցկացնել նախագահական նստավայրում: Այդ քննարկմանը մասնակցել են ոչ միայն գյուղի բնակիչները, այլ նաեւ մարդիկ, որոնք առաջ են տանում «Լիդան» ընկերության շահերը, մասնավորապես, ընկերության աշխատակիցներն ու Գնդեւազ գյուղի նախկին ղեկավարը, որն այժմ անցնում է քրեական գործով»,- հստակեցրել է բնապահպանը:

Նրա խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում Ջերմուկի բնակիչներն ու բնապահպանները հնարավորություն չեն ունեցել լիարժեք ներկայացնելու իրենց փաստարկներն ու մտահոգությունը, քանի որ քննարկումների փոխարեն վարչապետը ներկայացրել է քայլերը, որոնք ձեռնարկել է գործադիր իշխանությունը՝ փորձելով հիմնավորել հանքի շահագործման անհրաժեշտությունը:

Ընդ որում, բնապահպանը նշել է, որ վարչապետն ուշադրություն չի դարձրել հանքի շահագործման դեմ ուղղված քաղաքացիների ստորագրություններին:

«Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը քաղաքացիների մոտ ամրապնդեց վատատեսական կանխատեսումները, որն է՝ Ամուլսարի հարցով ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները: Նման պահվածքը Վայոց Ձորի եւ Ջերմուկի բնակիչներին թույլ է տալիս կասկածի տակ դնել գործող իշխանությունների լեգիտիմությունը»,- ասել է Ժամակոչյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ