Ես ողջունում եմ այստեղ որոշում կայացնելու մեխանիզմը, այստեղ իրականություն է դառնում հեղափոխական այն արժեքը, որ որոշումները ոչ թե մի կենտրոնից պետք է իրականացվեն, այլ բոլորի մասնակցությունը պետք է լինի որոշումների կայացման մեջ, այն ինչ իրականում դեռեւս չի հաջողվում պետական կառավարման համակարգում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, Ջերմուկում Ամուլսարի հարցով քննարկման ժամանակ ասաց Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը։
Նրա խոսքով՝ իրենք հարցը միայն բնապահպանակսն տեսանկյունից չեն դիտարկում. «Երեկ վարչապետի առցանց հեռարձակման ժամանակ ժամ ու կես մարդը խոսեց բնապահպանական խնդիրներից, վտանգներից, այդ վտանգների չեզոքացումից, բայց չխոսեց մարդու մասին եւ բազմաթիվ հարցերի մասին, որոնք պետք է տեղ գտնեին այդ ելույթում։ Ոչ մեկը Ջերմուկում չպետք է պարտադրի հանք եւ ոչ մեկը ՀՀ–ին չպետք է պարտադրի հանքային կցորդ դառնալ»,- ասաց Սահակյանը։
Քննարկմանը մասնակիցներ հանդես եկան ելույթներով, նրանցից մեկն էլ դիմեց իշխանություններին. «Խորհուրդ եմ տալիս իշխանությանը, Հայաստան անունը վերացնենք, ձեւակերպենք Հանքավան»։
Քննարկման ավարտին մասնակիցները որոշեցին պատրաստ լինել ամեն պահի հավաքվելու եւ պաշտպանելու Ամուլսարը։