News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իր բացառողական վարքագծով վարչապետը մնացել է առանց դաշնակիցների եւ այրել է այն կամուրջները, որոնք կարող էին երկխոսության դաշտ ստեղծել հասարակության եւ այս հարցում հասարակության կամքին դեմ գնացող իշխանության միջեւ: Այս մասին իր հոդվածում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Շոգ ամառն ավարտվում է թեժ քաղաքական իրադրությամբ, որը վստահաբար լինելու է աշնանը ընթացող գործընթացների մեկնարկային կետը: Իշխանությունը, քաղաքական շրջափուլն ամփոփելով, աստիճանաբար քաղում է այն պտուղները, որոնք ցանում էր այս ընթացքում: Հետհեղափոխական շրջանում իշխանությունների հռետորաբանության առանցքային բանաձեւը «սեւի» եւ «սպիտակի» բաժանումն էր: Այդ բանաձեւը պարբերաբար կիրառվում էր տարբեր քաղաքական խնդիրներ լուծելիս եւ հասարակության շրջանում ձեւավորում վարքագիծ, որը այս օրերին դուրս է ելնում իր ծնողի դեմ:

«Սեւի» եւ «սպիտակի» բաժանումը այլեւս ոչ միայն քաղաքական ուժերի տարանջատման միջոց է, այլ մտածողության ձեւ, որին բնորոշ է երկու հակադիր կողմ, որտեղ չկան բովանդակային առանձնահատկություններ կամ նրբերանգներ: Մտածողության այս ձեւում դու կամ փրկիչն ես, կամ դավաճանը:

Նիկոլ Փաշինյանը, մեկ տարվա ընթացքում ձեւավորելով այս մտածողությունը, մշտապես եղել է «սպիտակի» կարգավիճակում եւ քաղաքական դեբատներում առավելություն ստացել ոչ թե այն պատճառով, որ իր փաստարկներում եղել է ավելի համոզիչ եւ իրավացի, այլ կարողացել է «սեւացնելով» օպոնենտին՝ «ջախջախել» քննարկման բովանդակային առանձնահատկությունները:

Ամուլսարի հանքի շուրջ ձեւավորված իրադրությունը այն պտուղն է, որը քաղում է վարչապետ Փաշինյանը: Հասարակությունը խնդրին նայում է «սեւ ու սպիտակի» մտածողության պրիզմայով, որում չկա բանավեճ եւ քննարկելի հարց: Խնդիրը հստակ է․ հանքը չպետք է շահագործվի՝ անկախ վստահելի կամ ոչ վստահելի փորձաքննությունից: Ըստ իս՝  փորձաքննություն իրականացնող կազմակերպության պատմությունը եւ կատարած աշխատանքը չի կարող վճռորոշ դեր ունենալ հանքի բացման հարցում, բայց կարծում եմ, որ դա այլեւս կարեւոր չէ, քանի որ դրանք բովանդակային առանձնահատկություններ են, որոնք իմ տպավորությամբ էական չեն հասարակության համար, քանի որ, ինչպես նշեցի, խնդիրը դրված է շատ հստակ՝ «սեւ» կամ «սպիտակ»:

Հասարակության արձագանքը հանքը վերաբացելու իշխանության տեսակետի նկատմամբ նույնական էր այս մեկ տարվա ընթացքում իշխանության կիրառած մոտեցումներին: Եթե Փաշինյանը հեղափոխությունից հետո իր կոչով կարող էր պարալիզացնել դատական համակարգի գործունեությունը հանուն վերջինիս նկատմամբ անվստահության սիմվոլիկ ցուցադրության, ապա հասարակությունը կարող է պարալիզացնել հանքի արդյունահանման գործընթացը հանուն բնապահպանական աղետի իրական վտանգի:

Եթե Փաշինյանը կարող էր առանց պետական համակարգում ռեֆորմների ճանաչել ժողովրդավարությունը որպես իր ամենամեծ ձեռքբերում, ապա հասարակությունը կարող է կասկածի տակ առնել այդ ձեռքբերումը՝ հայտնվելով կողպված ԱԺ դարպասների առջեւ ոստիկանական բիրտ ուժի կիրառման ներքո:

Այսպիսով, հասարակությունը պատրաստ չէ լսել Փաշինյանի փաստարկները հանքի վերաբացման վերաբերյալ, քանի որ «սեւ ու սպիտակի» տրամաբանության մեջ այդ ամենը չի տեղավորվում եւ ցավով պետք է արձանագրեմ, որ իշխանությունը փակել է խնդրի բովանդակային քննարկման ճանապարհները:

Փակվել է նաեւ մեկ այլ ճանապարհ, որը իմ գնահատմամբ քաղաքական ճգնաժամի նախադրյալ է: Փաշինյանը հետեւողականորեն փորձել է ստվերել խորհրդարանական մրցակից ուժերի աշխատանքը՝ ջանալով ապացուցել, որ ինքն է միակ եւ անկրկնելի իշխանություն իրացնողը պետության մեջ եւ  հասարակության համար: Նույնը նաեւ՝ արտախորհրդարանական ուժերի նկատմամբ:

Իր բացառողական վարքագծով վարչապետը մնացել է առանց դաշնակիցների եւ այրել է այն կամուրջները, որոնք կարող էին երկխոսության դաշտ ստեղծել հասարակության եւ այս հարցում հասարակության կամքին դեմ գնացող իշխանության միջեւ:

Սեփական թիմում եւս կան խնդիրներ, որոնք սակայն, կարծում եմ էական նշանակություն չունեն այս հարցում: Կան եւ անվերապահ վստահություն հայտնողներ եւ սուր քննադատներ, սակայն հանրային ընկալման տեսանկյունից դա չի կարող օգնել կամ վնասել վարչապետին:

Եվ ահա Փաշինյանը երկընտրանքի առջեւ է. նա կարող է ընտրել «սեւի» ճանապարհը՝ թույլատրել վերաբացել հանքը եւ ուժի կիրառման միջոցով կանխել սպասվող անհնազանդության գործողությունները, կամ կարող է ընտրել «սպիտակի» ճանապարհը՝ արգելելով հանքի շահագործումը եւ կանգնելով հնարավոր իրավական հետեւանքների առջեւ: Փաշինյանը, իհարկե, շատ կցանկանար գտնել այլ երանգներ, բայց նա արդեն նետել է վիճակը՝ «սեւ» կամ «սպիտակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ