News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց մերժել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին:

Պատգամավորի ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԺ-ում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի ԱԺ-ի կառավարող ուժը՝ հանձինս ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ երկու տեղակալների, ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ:

Այս առնչությամբ, կառավարության ներկայացրած դիրքորոշման մեջ ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով»:

Հիշյալ կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, իսկ խմբակցության կազմում ընդգրկված ցանկացած պատգամավորի, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից առաջադրած նախագծին վերաբերող հարցով խմբակցությունը կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ:

Այս առումով հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող եւ հասարակական հնչեղություն ու կարեւորություն ունեցող հարցերի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ եթե նախագիծն ուղղված է ընդդիմադիր  խմբակցության կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցերի շրջանակից դուրս այլ հարցերով, այդ թվում՝ քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող եւ հասարակական հնչեղություն, կարեւորություն ունեցող հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնելու հնարավորության եւ դրանով իսկ Ազգային ժողովում հավասարակշռության ապահովմանը, ապա կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը:

Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում  խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Ազգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի նախագահի տեղակալներին վերապահված գործառույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ վերջիններս ըստ էության իրականացնում են Ազգային ժողովի նիստերի եւ առհասարակ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործառույթներ, իսկ մնացած, այսինքն՝ իրենց կարգավիճակից բխող գործունեությունը վերջիններս իրականացնում են պատգամավորական լիազորությունների շրջանակում, հետեւաբար հիմնավորված չէ նաեւ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը՝ Ազգային ժողովի տեղակալի պաշտոնով պայմանավորելը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք»:

Տպել
Ամենաշատ