News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը:

Նրա խոսքով՝ գերատեսչությունը որոշում է ընդունել դպրոցների ֆինանսավորման սկզբունքը փոխելու մասին, եւ ուսուցչի լրիվ դրույքի ամսական աշխատավարձը կկազմի 108 հազար դրամ՝ առանց հարկային պահումները հաշվի առնելու: Նախարարի խորհրդականը պարզաբանեց, որ հանրապետության տարբեր դպրոցներում ուսուցիչները տարբեր աշխատավարձ են ստացել: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախկինում դպրոցները ֆինանսավորվում էին՝ ելնելով աշակերտների ընդհանուր թվից: Այսինքն՝ որքան դպրոցում շատ աշակերտներ էին սովորում, այնքան նա պետությունից կարող էր ակնկալել ավելի շատ ֆինանսական աջակցություն: Հիմա ֆինանսավորումը կիրականացվի ուրիշ սկզբունքով: Ուսուցիչները կշարունակեն վարձատրվել աշխատած ժամերը հաշվի առնելով, բայց արդեն լրիվ դրույքի նվազագույն մակարդակի դիտարկմամբ, որը կկազմի շաբաթական 22 ժամի համար 108 հազար դրամ: «Եթե, օրինակ, ուսուցիչը դասավանդում է շաբաթական ընդամենը 5 ժամ, ապա նրա աշխատավարձը կկազմի, կոպիտ ասած, լրիվ դրույքի նվազագույն աշխատավարձի, որը հավասար է 108 հազար դրամի, 25 տոկոսը»,- ասաց Մամիկոնյանը:

Նա նաեւ հայտնեց, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ ի դեմս իր ղեկավար Արայիկ Հարությունյանի, նախատեսում է դիմել Կառավարությանը՝ նշված նախագծի իրականացման համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու խնդրանքով: Ընդ որում՝ հավաստիացրեց, որ այս նախաձեռնությունը արդեն ստացել է վարչապետի հավանությունը:

Խորհրդականը նշեց, որ դրանից բացի, գերատեսչությունը նախատեսում է լրացուցիչ միջոցներ հավաքել նաեւ դպրոցներից, որոնք նախկինում պետության կողմից ֆինանսական աջակցություն են ստացել, բայց չեն կարողացել իրենց հատկացված ամբողջ գումարը ծախսել: Այս միջոցները կհամալրեն նախարարության բյուջեն եւ կուղղվեն այն դպրոցների աջակցությանը, որոնք թերի են ֆինանսավորվել եւ ավելի փոքր ֆինանսական հնարավորություններ ունեն:

Հարցին՝ արդյոք միջնակարգ կրության ոլորտում բարեփոխումների իրականացման դեպքում սպասվո՞ւմ են ուսուցիչների կրճատումներ, նախարարի խորհրդականն ասաց, որ ուսուցիչներին աշխատանքի է ընդունում ոչ թե նախարարությունը, այլ դպրոցի ղեկավարությունը:

Ընդ որում՝ նախարարի խորհրդականը հայտնեց, որ ԿԳՆ-ին կից ձեւավորվել է մի քանի աշխատանքային խումբ, որոնց նպատակը ներկա եւ ապագա ուսուցիչների համար ընդհանուր չափանիշների եւ պահանջների մշակումն ու ներկայացումն է՝ հետագայում նրանց կրթական հաստատություն ընդունելու կամ հանրապետության գործող դպրոցներում մասնագիտական գործունեության շարունակման համար:

«Այդ չափանիշները դպրոցների տնօրեններին թույլ կտան որոշել՝ համապատասխանում է արդյոք ուսուցիչը նշված պահանջներին, թե ոչ: Դա պետք է նրանց հնարավորություն տա թեթեւացնել թեկնածուի ընտրության գործընթացը, սակայն, այնուամենայնիվ, վերջնական որոշումը նրանք են կայացնում»,- նկատեց Գոհար Մամիկոնյանը՝ փաստացի, անուղղակիորեն հաստատելով, որ իշխանությունները առաջիկա կրճատումները պարզապես դնում են դպրոցների տնօրենների ուսերին:

Հարցին՝ ի՞նչ է լինելու մնացած 10 հազարի հետ, որոնց վարչապետն անցյալ տարվա նոյեմբերին «ավելորդ» էր անվանել եւ ի՞նչ նկատի ուներ, երբ հայտարարել էր, որ հայկական դպրոցներում 48795 դրույք կա, մինչդեռ ԿԳՆ-ն այժմ բավականին համեստ թվեր է նշում, Մամիկոնյանը հավաստիացրեց, որ վարչապետը սխալվել է, եւ որ ոչ մի լուրջ կրճատում չի սպասվում, քանի որ գերատեսչության տվյալներով՝ 2019-ի մայիսին հանրապետությունում հաշվվում էր 38270 ուսուցիչ եւ այդ թիվը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել:

Ընդ որում՝ նա պարզաբանեց, որ Հայաստանում կա 30 հազար դրույք եւ 38 հազար ուսուցիչ, որոնք հավասարաչափ են բաշխված:

Նշենք, որ Հայաստանի փորձագիտական հանրության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ Կառավարության նախատեսած աշխատավարձերի չնչին բարձրացումները իրականացվելու են հազարավոր ուսուցիչների կրճատման հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել