News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունները որևէ իրավական հետևանք չեն առաջացրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։

«Որպես այդպիսին, որևէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել. որոշ թերություններ կային, որոնք ընթացքում շտկել ենք։ Նորմալ ստուգում է եղել, մարդիկ բավականին մասնագիտորեն մոտեցել են խնդրին և ստուգումների ընթացքում մեր համալսարանի բնականոն գործունեությունը որևէ կերպ չի խաթարվել»,–ասաց նա։

Մասնավորապես ըստ ռեկտորի՝ համաձայնության են եկել, որ ավելի ճիշտ կլինի ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացն իրականացնել վարձակալության սկզբունքով։

 Անդրադառնալով համալսարանի կողմից ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման խնդրին, ռեկտորը պարզաբանեց, որ խոսքը համակարգիչների օգտագործման ժամկետներին է վերաբերվում.

«Համակարգիչներ կային, որոնք պետք է տեղադրվեին մեկ տարի առաջ, ուշացումով են իրականացվել, իսկ ինչ վերաբերվում է գնումների ընթացակարգին, մեր բուհն առաջիններից է եղել, որն օգտվել է գնումների ընթացակարգից,  որի արդյունքները գոհացնող են»,–ասաց ռեկտորը։

Ավելի վաղ ՊՎԾ-ից հայտնել էին, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Տպել
Ամենաշատ