News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների, քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը եւ կառավարության որոշմամբ սահմանված գնումների գործընթացի կազմակերպման մասին պահանջները:

Այդպիսով, 2016-2017 թվականներին սննդամթերքի ձեռք բերման համար հայտարարված մրցույթների փուլում առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տարբեր տնտեսվարողներից ապրանքի նմուշ ու սերտիֆիկատ պահանջելու եւ այդ կերպ նրանց համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ անհիմն մերժել է հայտերն ու պայմանագրեր կնքել առավել բարձր գնային առաջարկ ներկայացրած այլ տնտեսվարողների հետ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 13.122.000 դրամի էական վնաս, ինչպես եւ հեղինակազրկվել է պետական մարմնի համբավը:

Այնուհետեւ քրեակատարողական ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք փաստացի ապրանքների ձեռք բերման մրցույթների անցկացված չլինելու պայմաններում կազմել են հիշյալ մրցույթներն անցկացված լինելու եւ տնտեսվարողների հայտերը մերժելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնք նույն ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավարության կողմից ներկայացվել, ապա հաստատվել են ժամանակավորապես կարգադրիչ լիազորություններով օժտված հանձնաժողովի անդամների կողմից:

Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Տպել
Ամենաշատ