News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հարցազրույցը՝ NEWS.am-ին:

Օրերս քննարկման առիթ էին դարձել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալները, եւ Դուք արդեն այս հարցում հայկական կողմի տեսակետը հայտնել եք: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է վտանգավոր համանման վիճակագրական մոտեցումը եւ որքանո՞վ է արտացոլում իրական արտաքին քաղաքական վեկտորները:

Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաեւ զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձեւերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից։

Իրականում չեմ ցանկանա անդրադառնալ լրատվամիջոցի նյութին, որի նպատակը բոլորովին այլ էր, եւ նյութն արվել էր ԱՄՆ վարչակազմի կողմից օտարերկրյա պետություններին տրամադրվելիք աջակցության վերադիտարկման վերաբերյալ հայտարարված նոր մոտեցման համատեքստում: Անհասկանալի է, թե վիճակագրական վերլուծության ինչպիսի մեթոդ է կիրառվել «Ամերիկայի ձայնի» նյութը նախապատրաստելիս, արդյո՞ք հաշվի են առնվել քանակական եւ որակական բոլոր տվյալները՝ քանի՞ երկիր է քվեարկել, ե՞րբ, ի՞նչ հարցով, ինչպե՞ս, արդյո՞ք հաշվի են առնվել միայն «այո» կամ «ոչ» քվեները, ինչպե՞ս է հաշվառվել «ձեռնպահ» քվեն եւ բացակայությունները, եւ այլն։ Իսկ տվյալ հրապարակումը շահարկողները բնավ հաշվի չեն առել ո՛չ նյութի տրամաբանությունը, ո՛չ էլ առավել եւս ՄԱԿ-ում դրվող բանաձեւերի բովանդակությունը, դրանց՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հավաքական շահերից բխելը:

ՄԱԿ բանաձեւերը բազմաբովանդակ եւ բազմաբնույթ են, եւ, ինչպես արդեն իսկ նշեցի, Հայաստանը դրանք դիտարկում է՝ ելնելով իր ազգային շահերից: Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն արտացոլված են կառավարության ծրագրում եւ ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները հիմնված են հենց այդ առաջնահերթությունների վրա:

Կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանը շարունակում է կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը, եւ որքանո՞վ է դա հաջողվում՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող գործընթացները:

Շատ լավ հարց եք տալիս: Առաջ ընկնելով՝ մեկ հայտարարություն անեմ, որ օգոստոսի վերջին Երեւանում մեկնարկելու է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքը, որն այս տարի հանդես է գալու նոր ձեւաչափով: Այն ներառելու է ՀՀ պետական գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ մի քանի օր տեւող ակտիվ եւ փակ քննարկում՝ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ այդ տրամաբանության ներքո ձեռնարկվող եւ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Վերաամրագրվելու են արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, որոնք երեքն են:

Որպես արտաքին քաղաքականության առանցքային սկզբունք առանձնացվել է ինքնիշխանությունը, որի պրիզմայից էլ մենք դիտարկում ենք մեր քայլերը՝ ի նպաստ մեր պետական շահերի: Սա այն է, ինչ կառավարությունը, մասնավորապես՝ ԱԳ նախարարը բազմիցս ներկայացրել է որպես հայաստանակենտրոն քաղաքականություն:

Երկրորդ սկզբունքը համահայկականությունն է: Սա արտահայտում է մեր հավաքական ներուժը լավագույնս օգտագործելու մեր նպատակը՝ մեր հավաքական շահերի, ազգային ինքնության, քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների եւ պետության ամրապնդման ու զարգացման նպատակների առաջմղման համար:

Փոխգործակցությունը երրորդ հիմնարար սկզբունքն է, որն իր մեջ ներառում է իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցություն միջազգային հանրության հետ՝ ի նպաստ խաղաղության, անվտանգության եւ զարգացման:

Այսպիսով, ինքնիշխանությունը, համահայկականությունը եւ փոխգործակցությունն են ձեւավորում արտաքին քաղաքական ոլորտում մեր գործունեության տրամաբանության շրջանակը, դրանք են մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ ուղերձը ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին, նաեւ դրան հաջորդած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»՝ կապված Հայաստանի վարչապետի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների հետ:

Միջազգային հանրության յուրաքանչյուր սուբյեկտի սուվերեն իրավունքն է՝ դիմելու միջազգային եւ տարածաշրջանային կառույցներին, սակայն առավել նախընտրելի կլիներ, եթե Ադրբեջանը, թեկուզ միջնորդավորված, քաղաքակիրթ երկխոսություն վարեր Հայաստանի եւ Արցախի հետ:

Ակտիվ քննարկումների եւ տարբեր տեսակետներ հայտնելու առիթ է շարունակում մնալ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ֆինանսական օգնության հարցը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Սա գործընթաց է, որը յուրաքանչյուր տարի ընթանում է ԱՄՆ վարչակազմի, Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի միջեւ՝ ԱՄՆ բյուջեի արտաքին հատկացումների շուրջ տարվող բանակցությունների առանցքում: Ամեն տարի այս բանակցությունների արդյունքում, որպես կանոն, ապահովվում է նաեւ օգնություն Արցախին։ Բնականաբար, մեր առաջնահերթությունն է նաեւ ապահովել Արցախում տարբեր հումանիտար ծրագրերի նախաձեռնումը եւ իրականացումը. ուստի դա էլ է մեր երկկողմ օրակարգի հարց տարբեր գործընկերների հետ:

Այս պահին քանի՞ երկիր է վավերացրել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ՀԸԳ համաձայնագիրը, եւ կա՞ն արդյոք գործընթացի ավարտի ակնկալվող ժամկետներ:

Ներկայումս ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել եւ Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանն այդ մասին տեղեկացրել են 16 պետություններ՝ Հայաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Դանիա, Մալթա, Ռումինիա, Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիա, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա եւ Կիպրոս։

Սակայն սխալ կլինի ասել, որ սա գործընթացի ամբողջական պատկերն է: Օրինակ՝ Շվեդիան ավարտել է համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն այդ մասին դեռեւս չի տեղեկացրել Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանը: Մենք վավերացման գործընթացը համարում ենք լիովին ավարտված, երբ այն հրապարակվում է ԵՄ քարտուղարության պաշտոնական կայքէջում։

Կան երկրներ, որտեղ վավերացման գործընթացը, կարելի է ասել, հասել է վերջին փուլին: Այսպես՝ համաձայնագիրը վավերացվել է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից եւ ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրմանը, որից հետո միայն Գերմանիան այդ մասին կտեղեկացնի ԵՄ Խորհրդին։

ՀԸԳՀ վավերացման գործընթացները ներպետական որոշ փուլեր են անցել ԵՄ գրեթե բոլոր երկրներում, եւ մենք ակնկալում ենք, որ գործընթացը նույն ակտիվությամբ կշարունակվի առաջիկա ամիսներին:

Սակայն միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մենք լիովին օգտագործում ենք համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ ստեղծված հնարավորությունները: Ինչպես գիտեք, ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը, որոնք հիմնականում այն հոդվածներն են, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակում, ուժի մեջ կմտնեն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Ուստի արդեն իսկ ուժի մեջ գտնվող հատվածը ենթարկվում է 100-տոկոսանոց կիրարկման՝ համաձայն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մշակված «ճանապարհային քարտեզի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ