«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։
NEWS.am փորձեց տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում։
«Այս պահին մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունենք»,–ասաց նա։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երեւան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։