News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները ֆինանսավորում է ռազմական առաջնորդին, որը փորձում է տապալել Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը։ Այն օգնում է գլխավորել պետությունների կոալիցիան, որոնք իրականացնում են Կատարի տնտեսական շրջափակումը, չնայած ԱՄՆ կոչերին՝ լուծել վեճը։ ԱՄԷ-ն վարձել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցներին որպես էլիտար հաքերներ լրտեսության համար, այդ թվում ամերիկացիներին լրտեսելու համար, գրում է Reuters-ը։

Եվ այնուամենայնիվ, չափազանց անսովոր է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը չի լրտեսում ԱՄԷ-ին, Reuters-ին տեղեկացրել են ԿՀՎ երեք նախկին աշխատակիցներ, որոնք ծանոթ են հարցին։ Մի շարք քննադատներ սա ամերիկյան հետախուզության վտանգավոր կարճատեսություն են համարում։

ԿՀՎ դիրքորոշումը նոր չէ։ Փոխվել է ՕՊԵԿ փոքրիկ, բայց ազդեցիկ անդամի գործողությունների բնույթը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում՝ պատերազմների վարում, գաղտնի գործողությունների օգտագործում եւ սեփական ֆինանսական ազդեցության օգտագործում տարածաշրջանային քաղաքականությունը փոխելու համար՝ այնպես, որ դա հաճախ հակասում է ամերիկյան շահերին, ասում են արտաքին քաղաքականության գծով փորձագետներն ու աղբյուրները։

ԿՀՎ անկարողությունը՝ հարմարվել ԱՄԷ աճող ռազմաքաղաքական հավակնություններին, հավասարազոր է «պարտականությունները չկատարելուն», ասել է ԿՀՎ աշխատակիցը։

ԱՄՆ հետախուզական հանրույթը լիովին չի անտեսում ԱՄԷ-ն։ ԱԱԳ-ն իրականացնում է էլեկտրոնային դիտարկում՝ հետախուզական տվյալների հավաքման պակաս վտանգավոր տեսակ ավելի համեստ արդյունքներով ԱՄԷ ներսում։ ԿՀՎ-ն համագործակցում է ԱՄԷ հետախուզության հետ ընդհանուր թշնամիների վերաբերյալ  հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում, ինչպիսին են Իրանը կամ «Ալ Քաիդան»։

Բայց ԿՀՎ-ն չի հավաքում «մարդկային հետախուզական տվյալներ, ասել են ԿՀՎ երեք նախկին աշխատակիցները։

ԿՀՎ-ն, ԱԱԳ-ն եւ Սպիտակ տունը հրաժարվել են մեկնաբանել ԱՄԷ-ի համար ԱՄՆ լրտեսության հարցերը։ ԱՄԷ արտգործնախարարությունը եւ ԱՄՆ դեսպանությունը չեն պատասխանել մեկնաբանությունների մասին հարցումներին։

Հետախուզության նախկին աշխատակիցների խոսքով՝ ԿՀՎ-ն ԱՄԷ-ում կիրառում է այնպիսի մոտեցում, ինչպես Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում։

Ամերիկյան հետախուզությունը տեղեկություն է հավաքում գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ Միացյալ Նահանգները զգալի շահեր ունի, ներառյալ որոշ կարեւոր դաշնակիցներ։

ԱՄԷ-ի հակապատկերն է Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ եւս մեկ ազդեցիկ դաշնակիցը Մերձավոր Արեւելքում, որը նավթ է արդյունահանում եւ ամերիկյան զենք գնում։ ԿՀՎ նախկին երկու աշխատակիցների եւ Պարսից ծոցի երկրներից մեկի նախկին հետախույզի խոսքով՝ Սաուդյան Արաբիան, ի տարբերություն ԱՄԷ-ի, հաճախ դառնում է թիրախ ԿՀՎ-ի համար։ Սաուդյան հետախուզության աշխատակիցները ԿՀՎ մի քանի գործակալներ են բռնել, որոնք փորձել են հավաքագրել տեղի պաշտոնյաներին որպես իրազեկիչներ։

Սաուդյան հետախուզական ծառայությունները չեն դժգոհում ԿՀՎ լրտեսությունից, բայց մասնավոր կարգով հանդիպել են ամերիկյան ռեզիդենտուրայի պետի հետ Էր Ռիադում, որպեսզի խնդրեն նրան երկրից սուսուփուս վտարել ԿՀՎ աշխատակիցների միջադեպին խառը անձանց, ասել է ծոցի երկրներից մեկի հետախույզը։

Ռոբերտ Բաերը, որը ԿՀՎ նախկին գործակալ է եւ գրող, ԱՄԷ-ից մարդկային հետախուզական տվյալների անբավարարությունն անվանել է «ձախողում»։ Միապետությունները չեն լրտեսվում, գրել է նա։

«Եթե դու հպարտանում ես նրանով, որ համաշխարհային ծառայություն ես, ապա դա ձախողում է,- ասել է նա։- Թագավորական ընտանիքները վճռական նշանակություն ունեն»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի նախկին պաշտոնյան ասել է, որ ԱՄԷ-ի մասին հետախուզական տվյալների բացակայությունը տագնապ է առաջացնում, քանի որ արաբական միապետությունը գործում է որպես «սպառնալիք երկիր» այնպիսի երկրներում, ինչպիսին են Լիբիան եւ Կատարը։

Սուդանում ԱՄԷ-ն տարիներ է կորցրել եւ միլիարդավոր դոլարներ՝ աջակցելով նախագահ Օմար Հասան ալ Բաշիրին, որը երկար ժամանակ իշխանությունում էր, իսկ հետո նրան թողեցին եւ սկսեցին պաշտպանել ապրիլին նրան պաշտոնանկ արած զինվորականներին։ Հունիսին նոր կառավարության անվտանգության ուժերը սպանեցին տասնյակ ցուցարարների։ ԱՄԷ-ն նաեւ ռազմակայաններ է ստեղծել Էրիթրեայում եւ ինքնահռչակ Սոմալիլենդի Հանրապետությունում։

«Աֆրիկյան եղջյուրի յուրաքանչյուր քարի տակ ԱՄԷ կգտնեք»,- ասել է Թրամփի աշխատակազմի նախկին աշխատակիցը։

ԱՄԷ-ն հաստատվել է որպես ֆինանսական եւ ռազմական տերություն տարածաշրջաններում, որոնք «հեռու են նրա մերձավոր հարեւաններից», ասել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում Human Rights Watch-ի բաժանմունքի գործադիր տնօրեն Սառա Լիա Ուիթսոնը։

Եմենում ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան գլխավորել են ազգերի կոալիցիան, որոնք պայքարում են հուսիների դեմ, բայց վերջերս ԱՄԷ-ն սկսեց դուրս բերել զորքերը՝ հայտնվելով միջազգային քննադատության կրակի տակ օդային հարվածների պատճառով, որոնց հետեւանքով զոհվեցին հազարավոր քաղաքացիական անձինք։ ԱՄՆ Կոնգրեսը բանաձեւեր ընդունեց Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ զենքի մատակարարումները դադարեցնելու մասին, բայց Թրամփը դրանց վրա վետո դրեց։

2017 թվականին ԱՄԷ կառավարությունը ԱՄՆ-ում լոբբիստների վրա ծախսել է 46,8 մլն դոլար։

Արաբական պետության կառավարության մասին հետախուզական տվյալների հավաքումն անհրաժեշտ է այն պատճառներով, որոնք դուրս են տարածաշրջանային միջամտության շրջանակից, ասել են ԿՀՎ նախկին աշխատակիցները։ ԱՄԷ-ն ամրապնդում է կապերը Ռուսաստանի հետ, ներառյալ լայն ռազմավարական գործընկերությունը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է անցած տարի։ Ինչպես նաեւ Չինաստանի հետ, որտեղ Աբու Դաբիի թագաժառանգ եւ ԱՄԷ փաստացի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Զաիդը անցած ամիս եռօրյա այց կատարեց՝ մասնակցելու համար ԱՄԷ-Չինաստան տնտեսական համաժողովին։

Բայց որոշ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ եւ ԱՄԷ շահերը բավական համաձայնեցված են՝ լրտեսության բացակայությունը բացատրելու համար։

«Նրանց թշնամիները մեր թշնամիներն են»,- ասել է ԿՀՎ նախկին աշխատակից Նորման Ռուլը՝ նկատի ունենալով Իրանը եւ «Ալ Քաիդան»։

Աբու Դաբիի թագաժառանգը վերահսկում է ԱՄԷ արտաքին քաղաքականությունը խորհրդականների ոչ մեծ խմբով։ Նա խորհրդական է նշանակել ԱՄՆ-ում կրթություն ստացած եղբորը՝ շեյխ Թահնուն բեն Զաիդին։ Նրա որդին՝ շեյխ Հալիդ բեն Մուհամեդը, ղեկավարում է հսկման ընդարձակ ներքին ցանցը։

2011ը-ը համարվում  է ինտերվենցիոնիզմի գագաթնակետը ԱՄԷ-ում։ Զանգվածային բողոքները՝ ժողովրդավարացման պահանջով, «արաբական գարնան» ժամանակ ԱՄԷ էլիտայում առաջ բերեցին սեփական իշխանությունը պահելու հետ կապված անհանգստություն, ասել է Ջոդի Վիտորին՝ ՌՕՈւ հետախուզության նախկին սպա, որն այժմ Քարնեգի հիմնադրամի աշխատակից է։

Պարսից ծոցի թագավորական շատ ընտանիքների նման ԱՄԷ առաջնորդները ցույցերը համարել են սպառնալիք միապետական կառավարմանը։ Այդ ժամանակվանից նրանք պայքարում են քաղաքական իսլամի վերելքի եւ «Մուսուլման եղբայրների» դեմ, որը ոչ երկար ժամանակով իշխանության եկավ Եգիպտոսում 2011-ի բողոքներից հետո, որոնք հանգեցրին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը։

ԱՄԷ-ն դադարեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել Եգիպտոսին, երբ 2012-ին նախագահ ընտրվեց «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամեդ Մուրսին, բայց երբ Եգիպտոսի բանակը տապալեց Մուրսիին, վերականգնեց միլիարդավոր դոլարների օգնությունը։

«Երբ նպատակը ցանկացած գնով ռեժիմը պահելն է,- ասել է Վիտորին,- դա այն չէ, ինչը կհամընկնի ԱՄՆ շահերի հետ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ