News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ռուսական ընկերության մասնակցությամբ Հայաստանում կայացած զենքի մատակարարման մրցույթի չեղարկման գործի մասին։

Հիշեցնենք որ օրեր առաջ ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ։ Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս։

Նշենք, որ ՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ–ն ռուսական ORSIS զինագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն է և հիմնադրվել է Հայաստանում։

«Օրսիս Արմս» ՍՊԸ–ն էլեկտրոնային ռեգիստրում գրանցվել է 2017թ–ին։ Ընկերության հիմնադիրներն են Գևորգ Մանուկյանը և Արթուր Գալստյանը: Ըստ պետռեգիստրի տվյալների՝ Գալստյանի մասնակցությունը դադարեցված է։ NEWS.am–ի տեղեկություններով՝ ընկերության հիմնադիր Արթուր Գալստյանը զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետի պաշտոնը և ունի գնդապետի կոչում, իսկ Գևորգ Մանուկյանն ունի պահեստազորի գնդապետի կոչում։

Մեր տեղեկություններով՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ–ն տևական ժամանակ տարբեր տեսակի զենքեր, օպտիկական սարքեր և այլ տեխնիկա է մատակարարել ՀՀ զինված ուժերին։ Հերթական մրցույթում, որը վերաբերել է բանակին փամփուշտներ մատակարարելուն, «Օրսիս Արմս» ՍՊԸ–ի հայտը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ չի համապատասխանում մրցույթի պահանջներին։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գնդապետի հիմնադրած ընկերությունը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել մրցույթին, ինչի կապակցությամբ ևս քննություն է ընթանում։

NEWS.am–ի հետ զրույցում, սակայն, «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքեց կեղծ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ բոլոր փաստաթղթերն օրինական են եղել։

Հարցին, թե կոնկրետ ինչ պատճառաբանությամբ է մրցութային հանձնաժողովը մերժել «Օրսիս Արմս» ընկերության հայտը և գործով ինչ դատավարական կարգավիճակ ունեն ընկերության հիմնադիրներ Գևորգ Մանուկյանը և Արթուր Գալստյանը, Սիրունյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ռազմական և նախաքննական գաղտնիքի խնդիր կա։

«Այլ մեկնաբանություններ չեմ կարող տալ»,–ասաց նա։

Ավելի վաղ «Риа Новости»-ն գրել էր, որ Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայությանն անփույթ վերաբերմունքի համար»՝ զենքի մատակարարման մրցույթի պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ