ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ լռում է՝ սպասելով, որ լինի այն, ինչ ինքն է ուզում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Հարցին՝ ինչպես է գնահատում Ամուլսարի շահագործման վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լռությունը, Բոստանջյանը պատասխանեց. «Եթե նախագահն իսկապես շահագրգռված անձ է, ապա բացարձակապես տարօրինակ չէ իր լռելը։ Սպասում է՝ տեսնի, թե ինչ է կատարվում։ Իհարկե, ցանկանալով, որ կատարվի այն, ինչ ինքն է ուզում։ Հասկանալի է, որ խոշոր եւ հզոր տեղամասերից փայատերեր կան։ Այդ փայատերերը հիմնականում անգլիական կողմն են։ Այդ կտրվածքով հնարավոր է, որ նաեւ համապատասխան աջակցություն եւ ուղղորդում ստացած լինի համապատասխան տեղից։ Թաքնված վիճակը հարմար է այս դեպքում»։
Բոստանջյանը խոսքով՝ իշխանությունները Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հասարակությանը շեղելու համար նոր աղմկահարույց ձերբակալություններ են իրականացնում. «Հասկանալի է, որ ցանկացած հասարակության մեջ կա որոշակի շերտ, որոնք վերջերս Պողոս անունն են ստացել։ Հիմա այս զանգվածը, որ իշխանափոխության աջակիցներն էին, նրանց պահելու համար կարելի է ամենազանազան ձերբակալություններ իրականացնել՝ առանց հիմնավորումների, թե ինչի համար։ Այդ ձերբակալություններ իրականացնելը կարելի էր երեկ անել, պարզվում է, որ երեկ հարմար չէր, եւ այսօր այդ զանգվածին ուրախացնելու համար, իհարկե, կարելի է ձերբակալել»։
Ըստ Բոստանջյանի՝ Ջերմուկի առողջարանը կորցնելն ազգային կորուստ կլինի. «Սուղ հնարավորություն ունեցող երկրում 4 հարյուր հազար դոլար փող տալը փորձագիտական եզրակացություններին ես չեմ ընդունում։
Հարցի վերաբերյալ միանգամից թող լիներ հստակ որոշում. շահագործվելու է, թե՝ ոչ։
Իշխանափոխություն իրականացնողները մինչեւ այդ շահարկել են այդ խնդիրը։ Իրենց կարծիքը հարյուր տոկոսով տարբեր ուղղություններով պետք է լինի, բնապահպանները էկոլոգիական վնասների մասին են խոսում, տնտեսագետները՝ տնտեսությունը զարգացնելու եւ խթանելու։ Երկու կողմի վեճից բացի՝ ակնհայտ է, որ Ամուլսարի բազմաթիվ շահեր կիզակետվել են, ոչ միայն ներքին, այլ նաեւ դրսից եկող շահառուների համար, եւ ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս՝ հիմնավորելով իր տեսակետը, բայց բոլոր պարագաներում ես հասկանում եմ, որ Ամուլսարը երկրի համար էկոլոգիական առումով մեծ վտանգ է ներկայացնում»։











