Այս տղան այդպես էլ չի հասկացել, որ Ամուլսարը հայ ազգի սիրտն է ուղիղ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն ուղղված են հանքի ոչնչացմանը։

«Ըստ տարածվող լուրերի՝ հանդիպում է տեղի ունեցել Ծաղկաձորում, որտեղ Նիկոլը նորից իր թիկունքից է խոսել, իրեն պաշտպանելուց է խոսել։ Փաստորեն, 2 ձեռքով ուղիղ բռնել է այդ ղեկը եւ շարժվում է դեպի Ամուլսարի ոչնչացում, հայ ազգի ոչնչացում»,– ասաց Եղիազարյանը։

Խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ Եղիազարյանն անդրադարձավ նաեւ Ստամբուլյան կոնվենցիային. «Վարչապետն արվամոլների պահով տեսավ, որ ատամը չի կտրելու, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը սուսուփուս հետաձգեց, բայց էլի նույն ճանապարհով գնալու է, գիտեք նրա տեսակետը։ Նiկոլը որոշել է, որ մեր ազգը մի հատ մեծ պակաս ունի, թերություն ունի, որ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացրել մինչեւ հիմա։ Ասեմ Նիկոլին, որ չի հաջողվելու անցկացնի, թող իր հնարավորներին, միջնորդներին, օդում կախված տեղեկությունների համաձայն՝ տերերին թող ասի, որ չի ստացվում հայ ազգը այս մի խայծը թույլ չի տա»։

Նրա խոսքով՝ այսօր վարչապետը երկիրը տանում է դեպի անդունդ։

«Ցավոք սրտի քո ձեռքն է վարչապետությունը, ցավոք սրտի ուղիղ 60–70 տոկոս պաշտպաններ ունեիր Հայաստանում, քեզ ընտրողներ ունեիր եւ դու հայ ազգը տանում ես դեպի անդունդ։ Այդպես վարվեցիր Ղարաբաղի հարցով, դեռ կվարվես, այդպես անում ես Ամուլսարով, այդպես կանես Ստամբուլյան կոնվենցիայով, եթե իհարկե հասցնես եւ քեզ  թույլ տան դա անել»,– ասաց Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ շատ ՔՊ–ականներ Ամուլսարի մասի վերաբերյալ իրենց դիրքորոշումը փոխել են։

«Այսօր ով կխոսի Ամուլսարի մասին, որ այն պետք է հանք լինի, նա հայ ազգի դավաճանն է։ Բոլոր այն ՔՊ–ականները, որոնք ուրիշ կեցվածք ունեին, տեսեք, թե 2 տարի առաջ ինչ էին գրում Ամուլսարի վերաբերյալ, հիմա կամաց–կամաց սկսել են շողոքորթել։ Շողոքորթությունը դարձել է քաղաքական կատեգորիա, «շողոքորթեմ քեզ մի հատ, ազիզ ջան», այս խորագրի տակ»,– ասաց Եղիազարյանը։