News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վայոց Ձորի մարզի օրերս աշխատանքից ազատված փոխմարզպետը Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց իր եւ մարզպետ Տրդատ Սարգսյանի տարաձայնությունների եւ մարզում կատարվող ապօրինությունների մասին:

Նախ նա ուշագրավ տեղեկություններ հայտնեց նախ Տրդատ Սարգսյանի նախընտրական արշավից՝ հայտարաելով, որ մարզպետն օգտագործել է ամբողջ վարչական ռեսուրսը․ «Ինչ է նշանակում վարչական ռեսուրս, առաջին հերթին՝ համայնքի ղեկավարներ, եւ նույնիսկ ֆինանսավորվել է, որովհետեւ Տրդատ Սարգսյանը «Իմ քայլի» դրամահավաքին ներկայացրել էր համայնքի ղեղակավարներին, շինարարական կազմակերպություններին, տնօրեններ, Ճանշին եւ այլն եւ այլն»։

Այնուհետև անդրադարձավ իր եւ մարզպետի միջեւ ծագած տարաձայնություններին․ «Ես երբ եկա մարզ, մեր աշխատասենյակում էսպիսի մի խոսակցություն եղավ, որ՝ Տոնոյան ջան, քեզ չեն սիրում»: Ըստ Տոնոյանի՝ իրեն չսիրող գյուղապետերը նրանք են, ովքեր «քյաշ» փողով ընտրված համայնքի ղեկավարներ են։

«Ամբողջ ողբերգությունն այն է, որ խոշորացված համայնքի ղեկավարներն այժմ նույն աշխատելոճով են աշխատում, այսինքն՝ ոչինչ չի փոխվել: Ուռճացված հաստիքացուցակները մնացել են նույնը,- հավելեց նա:

Նա նշեց, որ համայնքապետարանում, բուժկետում հայտնաբերել է, որ հոսանքի ծախս գրեթե չի եղել, այսինքն՝ աշխատավարձ ստացող պաշտոնյան եւ աշխատակիցը տեղում չեն եղել, չեն աշխատել։ Այս հարցով, ասաց, դիմել է մարզպետին եւ ստացել հետեւյալ պատասխանը․ «Դե Ռազ ջան, բոլորն էլ գիտեն էդ համայնքապետին, համարն էլ գիտենք, որ պետք լինի կկանչեն»:

Ռազմիկ Տոնոյանը պատմեց, որ բրուցելյոզի առկայությունը ստուգելու նպատակով հանձնաժողով են կազմել, բարձրացել Ջերմուկի արոտավայրեր եւ 18000 գլուխ անասունի 5 տոկոսից վերցրել են արյուն եւ պարզել, որ  բրուցելոզով վարակված է եղել անասունների 26-ը տոկոսը․ «Անմիջապես ինձ հանեցին հանձնաժողովից ԱԱԾ մարզային նորանշանակ պետի՝ Կոլյայի թեթեւ ձեռքով, որը մարզպետի մտերիմ ընկերն է՝ հացընկերը»։

Նախկին փոխմարզպետը նշեց նաեւ, որ ինքը միայն խնդիրներ է ունեցել համայնքի այն ղեկավարների հետ, որոնք կեղծ հաստիքներ են պահել՝ չաշխատող, բայց աշխատավարձ ստացող գրադարանավար, մշակույթի տան բանվոր, օժանդակ բանվոր եւ այլն․ «Մարդիկ տանը նստած քարտի վրա փող են ստանում»։

Նա մի դրվագ էլ պատմեց Ջերմուկի քաղաքապետից․ երբ նրան հարցրել է՝ ինչ միջոցներ են ձեռնարկում բրուզելյոզի դեմ, քաղաքապետն ասել է՝ ինքը Սիսիանից է գառ բերում:

 «Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահեններ՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, համայնքի ղեկավարների»,- հայտարարեց նախկին փոխմարզպետը։

Նա հերքեց խոսակցությունները, որ իր դիպլոմը կեղծ է. «Վատ նորություններ ունեմ Տրդատի համար, ես էդ ինստիտուտ հաճախել եմ, ես սովորել եմ էդ ինստիտուտում, չգիտեմ ինչ կհորինեն, ինչ կոմպրոմատներ կգտնեն, ես գիտեմ, ոնց են աշխատում նախկին ռեժիմի էդ մնացուկները»:

Ռազմիկ Եղոյանը նշեց նաեւ , որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի անվան հետ կապվող «սալյարկայի գործը» ի հայտ եկած նոր ապացույցներով պետք է բացվեր, սակայն դրանց ընթացք չի տրվել․ «Ի հայտ եկած նոր հանգամանքն էլ այն էր, որ Մալիշկայի համայնքապետը չէր ստորագրել սալյարկա ստանալու համար, ստորագրել էր Բագրատյան Սերգեյը, ըստ իս՝ դա բավարար հանգամանք է, որ գործը վերանայվեր, բայց գրավոր ուղարկեցինք, չվերանայեցին»:

Ռազմիկ Տոնոյանը ասաց, որ մարզպետի աշխատանքի ընդունած օգնականները, խորհրդականները բացարձակ անգործության են մատնված եղել. «Իմ աշխատած ժամանակ մտել եմ իրենց սենյակ, ասում եմ՝ ժող ջան, էսօր ինչ եք արել, ասում են՝ ոչ մի բան, ասում եմ` բա երեկ ինչ եք արել, ասում են` ոչ մի բան, բա ընդհանրապես ինչ եք արել` ոչ մի բան։ Ոչ մի բանի համար իրենք աշխատավարձ են ստանում, գումարած դրան պարգեւատրվում են: Նանե Բագրատունին առնվազն 6 ամիս աշխատանքի չի հաճախել, ստացել է 375 հազար աշխատավարձ՝ գումարած պարգեւավճար, նախակրթարանի երեխեն կհաստատի դա, իսկ ինձ մեկ օր բացակայելու համար հարց են բարձրացնում: Տրդատ Սարգսյանը իմ կուսակիցն է, բայց իմ գաղափարակիցը չի, հետ կանչեք պարոն վարչապետ, ինքն ի վիճաի չի էդ մարզում որեւէ փոփոխություն անել»:

Փոխմարզպետը ընդգծեց, որ իր քննադատությունը փաստում է ոչ թե պառակտման, այլ գաղափարից շեղվելու մասին.

«Շատ անօրինականություններ կան, մեծ գումարների մասին է խոսքը, Վայոց ձորում շատ լուրջ խնդիրներ կան, ու էդ խնդիրները մինչեւ չլուծվեն, էդ մարզը հաջորդ քայլը չի կարող անել: Ոչ մի կաշկանդվածություն չունեմ, բայց գաղափարից շեղվելը ամենաաղետալին է: Ամեն օր Նիկոլ Փաշինյանին ասեք՝ ցավդ տանեմ, ցավդ տանեմ, էլի ցավը տարեք, բայց եթե մենք իրեն գաղափարակից ենք, մենք, վարչապետը «պրավալ» չենք տա, եթե չէ, ոչ մի բան չի փոխվելու, տաս հատ վարչապետ էլ ընտրենք` ոչ մի բան չի փոխվելու: Ոչ մեկ չմտածի պառակտում է գնում, Տոնոյանը հելնում է իր կուսակցի վրա, ոչ, նման բան չկա, բայց եթե մեկը գաղափարից շեղվում է, առնվազն պետք է դնել քննարկման»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, որ սկանդալային պատմության մեջ էր հայտնվել՝ վեճի մեջ մտնելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: ԲՀԿ-ից հերքել են, թե նման բան է եղել, սակայն ավելի ուշ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ փոխմարզպետը երիտասարդներից մեկին ասել է՝կռացիր եւ առվի միջից վերցրու գցած «բիչոկը»:

Տպել
Ամենաշատ