Ուռուցքաբանության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի հրաժարականի մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ խոչընդոտել է օտարերկրյա ներդրողին եւ եղել են բողոքներ, մինչդեռ պարոն Տանանյանը ցույց տվեց ԱԱԾ-ի 11 ամիս տեւած հետաքննության արդյունքները, որ ոչ մի պաշտոնական դիրքի չարաշահում չի եղել, ոչ մի յուրացում, ոչ մի վատնում չի եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկական ուռուցքաբան, արյունաբան, Գեւորգ Թամամյանը:
Նրա խոսքով, դեռ հուլիսի 24-ին առողջապահության նախարարությունը ուղարկել էր վերլուծական, որտեղ նշված էր, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գրանցել է լուրջ հաջողություններ շնորհիվ հմուտ կառավարման. «Այդ մեկ ամսում ինչ բացահայտումներ եղան, որ նախարարն իր կարծիքը փոխեց: 1,5 տարի եղել են ստուգումներ այդ կենտրոնում եւ չի եղել ոչ մի չարաշահում»:
Գեւորգ Թամամյանը նշեց, որ Արսեն Թորոսյանը օտարերկրյա ներդրողին ամբողջությամբ հանձնել է շատ կարեւոր ոլորտ՝ ճառագայթային բժշկության, որն ունի ռազմավարական նշանակություն երկրի համար. «Թող իրավապահները պարզեն, թե ինչ է կատարվում եւ ինչու են մասնագետները հեռանում մասնավոր սեկտոր: Հեռացել են մեկ բժիշկ, 2 տեխնիկ եւ մեկ ֆիզիկ: Ճառագայթային բժշկության համար դա նույնն է, որ գինեկոլոգիայից հեռանան 500 հոգի:
Երկրորդ, պետպատվերի բաշխումն անելիս տարվա սկզբին ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել: Ինչպե՞ս եղավ, որ ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ եւ ԿՏ ծառայություններ, կրկնապատկեցիք: Եթե այդքան լավն էր 10-ով բազմապատկեիք: Ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով եք անում բաշխումն ու ինչ շահ ունեք: Ինչո՞ւ մասնավոր կենտրոնի պետպատվերն ավելացրեցիք 1 մլրդ դրամով՝ սարքելով 2,7 մլրդ: Մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ-ի չի հասնում: Սրան ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տվել նախարարությունը:
Բժշկությունը բարդ ոլորտ է, դրա համար նախարարը կարողանում է մաեւրել եւ կառավարության անդամներին ներկայացնել այնպիսի իրականություն, ինչպիսին ինքն է ներկայացնում»,-հայտարարեց Թամամյանը:
Նա նշեց, որ այս տարվա փետրվարին տեղի է ունեցել խոշորագույն մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրես, որին մասնակցում էին 40 երկրներ. «Դրան զուգահեռ տեղի ունեցավ մանկական քաղցկեղի եւ մանկական հիվանդությունների կենտրոնի կազմավորումը՝ ի հաշիվ բոլոր կենտրոնների միավորման: Ոչ նախաարը, ոչ նախարարության որեւէ աշխատակից ներկա չէին: Ես տարիներ շարունակ տանջվել եմ, որ այդ կոնգրեսը գա Հայաստան:
Բացի նրանից, որ նա չեկավ, նաեւ նրա օգնականները մի քանի անգամ ճշտել են, որ եթե ներկա է լինելու Բժշկական համալարանի ռեկտորը եւ տերտերներ, ես չեմ գա:
Ես հասկանում եմ, որ դուք ատում եք թե ռեկտորին, թե Հայաստանում կայացած բոլոր բժիշկներին, բայց դուք ատում եք նաեւ մեր հայկական եկեղեցի՞ն: Իր իրավունքն է՝ հավատալ, թե չհավատալ, բայց նման բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող նման բացահայտ նման վերաբերմունք ցույց տալ մեր եկեղեցու հանդեպ»:











