Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն իշխանահաճո կադր չի համարում։ Այսօր՝ սեպտեմբերի 4–ին հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողները Վարդազարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է մեկնաբանում հնչող կարծիքները, որ ինքը իշխանահաճո մարդ է բոլոր իշխանությունների համար:
Հարցին, եթե ինքն իրեն իշխանահաճո կադր չի համարում, ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կարիերայում առաջընթաց ունեցավ, Վարդազարյանը պատասխանեց.
«Իշխանահաճո…Դժվարանում եմ պատասխանել Իսկ չե՞ք մտածել, որ կարող է լինել մարդ, որն իր պրոֆեսիանալ գործողություններն է իրականացնում և չի խառնվում որևէ քաղաքական խարդավանքների, և դա կարող է գնահատվել այդպես»:
Վարդազարյանն ասաց, որ ինքն ուղղակի ունի ծանրաբեռնված օրակարգ և չի հասցնում հանդիպել որևէ մեկին:
Հարցին, թե ինչու՞ ԲԴԽ–ն այդպես էլ չարձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատական համակարգը անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ, Վարդազարյանն արձագանքեց.
«Այդ հարցը շատ քննարկվեց, բավական աշխատանք տարվեց մի քանի տեքստի վրա, հետո որոշեցինք քաղաքական հայտարարություններին չարձագանքել: Դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին կարծիք արտահայտել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»։











