News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պատգամավորական մանդատը վայր դնելու մասին գրավոր դիմումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին։ Այս մասին Էդգար Առաքելյանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

Մեր հարցին ի պատասխան, նա ասաց. «Երեք րոպե առաջ եմ ստորագրել դիմումը»։

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն  պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը.

«Եթե պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Ավելի վաղ Էդգար Առաքելյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին. «Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:

Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:

Հատուկ եւս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որեւէ այլ գործընթացի դեմ, թեեւ ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որեւէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին եւ նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգեւորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան:

Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի շարունակելու եմ սատար կանգնել հեղափոխական թիմին եւ նրա ձեւավորած գործադիր ու օրենսդիր իշխանությանը երկրում արմատական բարեփոխումների իրականացման եւ արդարության հաստատման, ժողովրդավարության ամրապնդման դժվարին ճանապարհին:

Ամենայն հավանականությամբ կշարունակեմ զբաղվել նրանով, ինչով մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնամ ՏՏ ոլորտ` ինձ այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ: Վստահ եմ, որ դրանով ավելի մեծ օգուտ կբերեմ մեր երկրին:

Հ.Գ. Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով»,–գրել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ