News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական պարբերականները Ֆրանսիայի արեւմուտքում Ռոշֆեր ան Տեր քաղաքում Մորիս աքաղաղի դեմ դատավարությունը մկրտել են քաղաքի եւ գյուղի ճակատամարտ անունով: Հինգշաբթի դատարանը որոշել է, որ տնային թռչունը կարող է ծուղրուղու կանչել լուսաբացին, չնայած հարեւանի բողոքին, փոխանցում է Reuters-ը:

Հայցը ներկայացրել է Ժան-Լուի Բիրոնը, որը քաղաքի բնակիչ է, քաղաքից դուրս տուն է գնել եւ դժգոհ է առավոտյան աքլորի երգեցողությունից:

«Դատարանը հետեւել է օրենքի տառին եւ հաստատել, որ երբ հարեւանների դեմ բողոք կա, այն պետք է ադեկվատ լինի եւ ապացույցներով հաստատված: Անհրաժեշտ են ոչ միայն պարզապես վկաների ասածները, այլ ծանրակշիռ ապացույց՝ հաստատված դատական կատարածուի կողմից»,- ասել է աքլորի տիրոջ՝ Կարին Ֆեսոյի փաստաբան Ժուլյեն Պապինոն:

Մորիսը 4 տարեկան աքաղաղ է, ապրում է Ֆրանսիայի ատլանտյան ափի Բրետան գավառի ոչ մեծ կղզում Կարին Ֆեսոյի տանը: Նա ասում է, որ մարդիկ պետք է հիշեն՝ աքաղաղի երգեցողությունը գյուղական կյանքի անբաժանելի մասն է:

«Մարդիկ չպետք է մոռանան, որ գյուղը մեզ պետք է, եւ նրանք, ովքեր արձակուրդին այստեղ են գալիս, դա պետք է հասկանան: Չարժե դատարկ տեղը դատական հետապնդում ստեղծել»,- ասել է Ֆեսոն:

Մորիսի գործը ընդգծում է գյուղաբնակների եւ քաղաքաբնակների միջեւ բազմամյա լարվածությունը, որոնք գյուղական տեղանքում ամառանոցներ են գնում՝ պատրաստ չլինելով նրա իրողություններին: Նախկինում երկրի տարբեր անկյուններում հայցեր են ներկայացվել կովերի եւ եկեղեցական զանգերի դեմ, բայց հանրության շրջանում ոչ մեկն այնպիսի արձագանք չի ստացել, ինչպես Մորիսի գործը: Նրան տարբեր վայրերից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ուղարկել են աջակցությամբ նամակներ:

Աքաղաղը Ֆրանսիայի ազգային խորհրդանիշն է: Նրա պատկերը զարդարում է Ելիսեյան պալատի դարպասները եւ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ