News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսը կգտնի նավթի նոր մատակարարներ, եթե համարի, որ Ռուսաստանի առաջարկած պայմանները շահավետ չեն, եւ կմշակի մատակարարման այլընտրանքային ուղիներ, Բրեստում ուրբաթ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոկաշենկոն: Նրա խոսքով՝ նա իր դիրքորոշումը հաղորդել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը:

«Ես նրան ասել եմ. եթե դուք մեզ ճնշեք եւ շուկայական գնի հետ համեմատ ոչ շահավետ պայմաններ առաջարկեք, մաքսատուրքը փոխարինեք հարկային մանեւրով, մենք շուկայից այլ նավթ կգնենք:-ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը:-Սակայն որքանո՞վ է դա անհրաժեշտ Ռուսաստանին, որ այդ շուկայում նավթի 20-25 տոկոսը ներկրված լինի այլ երկրներից, մասնավորապես, ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից կամ մեկ այլ երկրից»:

Նրա խոսքով՝ Բելառուսի իշխանությունները մշակում են նավթը տեղափոխելու հյուսիսային երթուղի, այդ թվում՝ մատակարարման հնարավորություն Լեհաստանից եւ Մերձբալթյան երկրներից: Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ներկայումս կողմերն աշխատում են ինտեգրացիայի ծրագրի զարգացման շուրջ: «Բնական գազի, նավթի եւ այլ ապրանքների շուրջ բանակցային գործընթաց է ընթանում: Մենք ոչ ոքից ոչինչ չենք խնդրելու: Բավ է արդեն այդ խոսակցությունները վարել, ձանձրացել ենք լսելուց»,-ասել է նախագահը:

Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ արդարացի կլիներ, եթե Ռուսաստանն օգներ հանրապետությանը՝ մատակարարելով 10-15 մլրդ խ/մ գազ ընդունելի գնով:

Ներկայումս Բելառուսն ու ՌԴ-ը բանակցում են եւ պետք է որոշեն 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսի համար բնական գազի գնագոյացման մեխանիզմը: Ավելի վաղ Բելառուսի ղեկավարությունը հայտարարել էր, որ արդարացի է գազի այն գինը, որը համարժեք է ՌԴ Սմոլենսկի շրջանի տնտեսվարության համար: Բելառուսի համար ռուսական գազի արժեքն այս տարի կազմում է 127 դոլար 1000 խ/մ-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ