News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Անցած մի քանի օրերը եղել են կյանքիս թերեւս ամենադժվարին օրերը, քանի որ ստիպված եմ եղել կայացնել չափազանց դժվար որոշումներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը նախօրեին հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին։ Նշենք, որ պատգամավորը ԱԺ ամբիոնի մոտ էր եկել ուսապարկով։

«Անցած շաբաթվա վերջին ես հայտարարեցի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։ Դա որոշումներից ամենադժվարին էր, քանի որ ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, անցել եմ դժվարին ճանապարհ, հաղթահարել եմ բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ որոշումը, սակայն, անխուսափելի էր»,–նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշումը կապված է ոչ թե խմբակցության, այլ քաղաքական համակարգի հետ. «Իրականում այդ որոշման խորքային դրդապատճառները կապված են ոչ միայն եւ գուցե ոչ այնքան բուն «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ։ Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է 2018 թվականի թավշյա հեղափոխությամբ, կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի ու նոր քաղաքականության։ Ցավոք,  այդ նոր քաղաքականությունը ես չեմ տեսել եւ չեմ տեսնում ոչ «Լուսավոր Հայաստան»-ում, ոչ մնացած հատկապես խորհրդարանական ուժերում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ ախտահարված քաղաքական համակարգի արտահայտություններն առկա են ե՛ւ ինձանից աջ, ե՛ւ ինձանից ձախ, ե՛ւ կենտրոնում գտնվող պատգամավորական խմբակցություններում։  Հենց այդ ախտահարման հետեւանքն է այն, որ մենք հեղափոխությունից 1.5 տարի անց ունենք այնպիսի չլուծված ճգնաժամային իրավիճակներ, ինչպիսին ունենք ՍԴ–ում, այնպիսի կնճռոտ ճգնաժամ, որ ունենք Ամուլսարի հարցում, թերի իրավիճակ կապված սահմանադրական եւ դատաիրավական բարեփոխումների, անցումային արդարադատության հետ եւ այլն»։

Արման Բաբաջանյանը շեշտեց՝  լայն իմաստով ունենք խորհրդարան, որը, մեղմ ասած, համարժեք չէ պետության եւ հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ խնդիրներին. «Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ անհամարժեքության համախտանիշը վերաբերում է ոչ միայն ներքին կյանքին, այլ նաեւ արտաքին քաղաքականությանը։ Հեղափոխությունից 1.5 տարի անց մենք տեսնում ենք ՀՀ-ի կողմից վարվող անատամ, իներտ արտաքին քաղաքականություն, որը որեւէ աղերս չունի հեղափոխության հիմքում ընկած գաղափարների հետ»։

«Թավշյա հեղափոխությամբ մենք, բարեբախտաբար, ստեղծել ենք ժողովրդավարական պետություն,  սակայն, դժբախտաբար, շարունակում ենք վարել այն արտաքին քաղաքականությունը, որը իրականացնում էր նախորդ ավտորիտար իշխանությունը։ Անցած 1.5 տարիներին մենք այս դահլիճում չենք լսել մեր արտաքին քաղաքականության վերափոխման անհրաժեշտության մասին ծրագրեր, թեզեր, գաղափարներ, շարունակել ենք նախկին իներցիան այն դեպքում, որբ ժողովրդավարացած, վերափոխված Հայաստանը աշխարհի հետ պետք է հարաբերվեր, խոսեր այլ լեզվով, նոր օրակարգերով ու նախաձեռնություններով։ Այս հավաքական անհամարժությունը իրողություն է, որից պետք է ոչ թե փախչել, այլ հաղթահարելու ուղիներ փնտրել։ Այդ ուղիներ կան ինչպես խորհրդարանում,այնպես էլ խորհրդարանից դուրս։ Բազմաթիվ առողջ միավորներ ու անհատներ կան, որոնք մտահոգված են անցած տարի մեր երկրում սկիզբ դրված պատմական հնարավորության շարունակությամբ»։

Պատգամավորը իր հայտարարության մեջ նշեց, որ վայր չի դնելու պատգամավորական մանդատը և շարունակելու է իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր. «Ես հետայսու անկախ պատգամավորի կարգավիճակում անելու եմ առավելագույնը այդ սուրբ նպատակով ուժերին ու անհատներին միավորելու ու նրանց ներուժը ի բարօրություն Հայաստանի ու հայոց պետականության, հայ ժողովրդին ծառայեցնելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ