News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծանուցման տեքստը ընթերցելիս մի քանի ականատեսների ներկայությամբ Դավիթ Գրիգորյանին պարզաբանել եմ, որ նրա մասնագիտական պատրաստվածությանը եւ որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չլինելու պատճառով նրան առաջարկում եմ իր առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, որից, ըստ օրենքի, աշխատակիցն իրավունք ունի հրաժարվել։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Սիմոնյանը։

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր գիտությունների թեկնածու Դավիթ Գրիգորյանը, Գեւորգ Սիմոնյանն իրեն ազատել է կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչի պաշտոնից՝ առաջարկելով նույն կենտրոնում աշխատել որպես բանվոր կամ տեխնիկ:

«Տնօրենի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ մեր կենտրոնը ունեցել է մոտ 30 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություններ, ինչը հսկայական բեռ է հանդիսանում մեր կենտրոնի բնականոն աշխատանքի եւ զարգացման համար։ Ելնելով վերոգրյալից՝ մեր թիմի կողմից ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված մի շարք գործընթացներ են նախաձեռնվել, որոնց արդյունքում գրեթե կրկնակի աճել են դրամարկղի մուտքերը եւ էականորեն նվազել են կազմակերպության ծախսերը (օրինակ՝ 6 անգամ նվազել է վառելիքի ծախսը)։ Կազմակերպության շահերից ելնելով ստիպված ենք եղել իրականացնել նաեւ հաստիքացուցակի օպտիմալացում, ինչի շնորհիվ կազմակերպությունը տարեկան կտնտեսի մոտ 12 մլն ՀՀ դրամ եւ հնարավորություն կունենա խուսափել սնանկացումից եւ կգնա կայուն զարգացման ուղով»,- ասաց Գեւորգ Սիմոնյանը։

Նա նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում իր աշխատակիցներից որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել. «Իմ որոշումներում երբեք չեմ ցուցաբերել անձնավորված մոտեցում, բացառապես իրականացրել եմ իմ կանոնադրական պարտավորությունները։ Ինչ վերաբերում է աշխատակից Դ․ Գրիգորյանին, ապա վերջինիս հետ ունեմ աշխատանքային ջերմ հարաբերություններ։ Հարկ եմ համարում նշել, որ մամուլից եմ տեղեկացել այն մասին, որ Դ․ Գրիգորյանը տրված ծանուցումից վրդովվել է։ Ծանուցման բովանդակությունը ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Նախապես ենթադրելով, որ բանվորի կամ տեխնիկի աշխատանք առաջարկելը կարող է տարօրինակ թվալ լաբորատոր մասնագետին, ծանուցման տեքստը ընթերցելիս մի քանի ականատեսների ներկայությամբ նրան պարզաբանել եմ, որ նրա մասնագիտական պատրաստվածությանը եւ որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չլինելու պատճառով նրան եմ առաջարկում իր առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, որից ըստ օրենքի աշխատակիցը իրավունք ունի հրաժարվել»։

Անդրադառնալով աշխատակից Դավիթ Գրիգորյանի այն հայտարարությանը որ տնօրենը անում է այն, ինչ ցանկանում է Սիմոնյանն ասաց. «Ցանկանում եմ ընդգծել, որ իմ բոլոր գործողությունները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ եւ կազմակերպության կանոնադրությամբ»։

Տպել
Ամենաշատ