News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինձ համար անձնապես մեծ ցավ է Աժ պատգամավոր Էդգար Առաքելյանի մանդատ վայր դնելը, սակայն գտնում եմ, որ մի պատգամավորի դուրս գալը չպետք է բերի նրան, որ թիմը կոլապսի մեջ հայտնվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի մանդատ վայր դնելուն։

Հարցին՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ տարակարծություններ կան, Մանուկյանը պատասխանեց. «Մեծ թիմերում սովորաբար հնարավոր են միշտ որոշակի կարգի խնդիրներ, բայց թիմը ուժեղ է նրանով, որ այդ խնդիրները հաղթահարում է եւ միասին գնում առաջ»։

Ամուլսարի հարցում իրավիճակի լուծումը, նրա խոսքով, փոխզիջումը պետք է լինի. «Պետք է փոխզիջում տեղի ունենա, քննարկում տեղի ունենա, եւ այն բոլոր մտահոգությունները, որոնք գուցե վարչապետի ելույթի ընթացքում չեն փարատվել, այս մասով եւս հավելյալ միջոցառումներ իրականցվեն, որպեսզի քննարկեն, հասկանան։

Եթե այդ հարցը նոր լիներ, այսինքն՝ նախագիծ ներկայացվեր եւ այդ նախագծին արդյունքում «Լիդիանի» շահագործելու կամ թույլտվություն տալու հարցը նոր լիներ, ինձ թվում է՝ պատասխանն ակնհայտ է բոլորի համար։ Բայց մենք հիմա գործ ունենք ներդրողի հետ ստանձնած պարտավորությունների եւ միջազգային պարտավորությունների հետ։ Բնապահպանական ռիկսերն, իհարկե, չափազանց կարեւոր են, եւ ոչ ոք չի անտեսում բնապահպանական այդ ռիսկերը, բայց չպետք է մոռանալ նաեւ տնտեսական հնարավոր ռիսկերի մասին։ Ես՝ որպես տնտեսագետ, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել այն տնտեսական հնարավոր ռիսկերի մասին, որոնք առկա են։ Կարեւոր է նաեւ խաղի կանոնների հավասարությունը, այսինքն՝ եթե ոլորտ ունենք, որտեղ կան խաղի կանոններ, այդ խաղի կանոնները պետք է հետեւելի լինեն բոլորի համար»։

Պատգամավորը պարզաբանեց նաև, թե ինչ փոխզիջումային տարբերակ կարող է գտնվել Ամուլսարի հարցի կարգավորման հարցում.

«Փոխզիջումային տարբերակներից մեկն է հանրային մասնակցությունը մոնիտորինգի գործիքակազմի մեջ։ Այսինքն՝ եթե օրինակ ջերմուկցիներն ինչ-որ ռիսկեր, մտահոգություններ են տեսնում կամ այնքան էլ չեն հավատում, ապա հենց նրանք կարող են մասնակցել, եւ մենք կարող ենք նույնիսկ առցանց ռեժիմով հնարավորություններ ընձեռել, որոշակի ընթացակարգեր դնել հանրային վերահսկողության, այսինքն՝ մեծացնել վստահությունը գործընթացի կանխատեսելիության նկատմամբ»։

Անդրադառնալով խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպմանը՝ պատգամավորն ասաց, որ այդ քննարկումը հնարավորություն էր ավելի լսելի դարձնելու մտահոգությունները։

Օտարերկրյա ներդրումների վիճակագրական տվյալների վերաբերյալ Մանուկյանը նշեց, որ դրանք իրեն չեն գոհացնում. «Եթե մենք ուզում ենք խոսել այն ակնկալած մակարդակը, որը որ մենք ակնկալում ենք, արդյո՞ք դա այն բաղձալի մակարդակն է, իհարկե՝ ոչ։ Այդ առումով, իհարկե, բավականաչափ ավելի ինտենսիվ աշխատանք է պետք անել ներդրողների հետ»։

Մանուկյանի դիտարկմամբ՝ խնդիրը միայն օտարերկրյա ներդրողները չեն, այլ ներդրումային միջավայրը. «Երբ մենք դիտարկում ենք նույն կառավարության կողմից գերակա ոլորտներում ներդրումային նախագծերի տրված արտոնությունը, որոնք որ տեղական ներդրողներն են մեծամասամբ, այս առումով բավականաչափ պոզիտիվ դինամիկա կա։ Կարծում եմ, որ հետագա տարիներին կտեսնեք նաեւ սրա որակական արդյունքները։ Սա հավելյալ գործոն է լինելու հետագայում նաեւ այլ հավասար պայմաններում էլ ավելի մեծացնելու եւ ներառական դարձնելու տնտեսական աճը»։

Անդրադառնալով տնտեսական ոչ բավարար աճի վերաբերյալ քննադատություններին՝ պատգամավորն ասաց. «Ես կամայական քննադատությունը նորմալ եմ համարում։ Շատ ավելի որակով կլինի քննադատությունը, եթե լինի կոնկրետություն։ Այս առումով պետք է նշել, որ մենք դիտարկում ենք տնտեսական աճն արդյոք ներառական է։ Սակայն արդյունքը գոհացուցիչ չէ, քանի որ կարծում եմ, որ մենք ունենք որոշակիորեն գործազրկության հետ կապված խնդիրներ, եւ շարունակական ջանքեր են պահանջվում»։

Տպել
Ամենաշատ