News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրազիլացի հնագետները խոշոր հնագիտական համալիր են գտել Կենտրոնական Ամազոնիայում։ Գիտնականները կարծում են, որ մինչեւ եվրոպացիների գալն այս տարածքում ապրել են բազմաթիվ հնդկացիներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Amazonas Noticias պորտալին։

Հետազոտողները համալիրը հայտնաբերել են Թեֆեի ազգային պարկ կատարած արշավի ժամանակ, Սոլիմոյնս գետի միջին հոսանքում։ Մեկ ամիս 40 մասնագետ ուսումնասիրել է մինչկոլումբոսյան դարաշրջանի հինգ տեղի բնակավայրերը։ Նրանց օգնել  են մերձակա բնակավայրերի բնակիչները։

«Ճիշտ չի լինի խոսել մեկ հուշարձանի մասին։ Մեր դիտարկումներով՝ խոսքը մի ամբողջ հնագիտական համալիրի մասին է, որը բաղկացած է բազմաթիվ բնակավայրերից, որոնցից յուրաքանչյուրը, թեեւ կարող էր իր պատմությունն ունենալ, կապված է եղել մյուսների հետ»,- Amazonas Noticias-ը մեջբերում է արշավի մասնակիցներից մեկին՝ Ռաֆայել Լոպեսին։

Մասնագետների կարծիքով՝ աշխատանքի արդյունքները եւ գտնված նմուշները վկայում են այն մասին, որ պորտուգալացի գաղութարարներից առաջ, 1500 թվականին, ժամանակակից Բրազիլիայի տարածքում՝ ամազոնյան անտառներում բնակվել են բազմաթիվ տեղաբնիկներ։ Պեղումների ընթացքում գիտնականները գտել են աճյունասափորներ, կերամիկական սպասք, մշակաբույսերի սերմեր։ Դրանց մի մասի տարիքը, նախնական գնահատականներով, կարող է հասնել 2-3 հազար տարվա։

Զարգացած քաղաքակրթության գոյության եւս մեկ ապացույց է  բրազիլական ընկույզի անտառը, որը գետի ափից խորանում է մինչեւ 400 մետր դեպի անտառ։ Այդ ծառերի հաջող բազմացումը հիմնականում կախված է մարդու խնամքից, կարծում է հնագետ-կենսաբան Մարիանա Կասինոն։  «Բրազիլական ընկույզի համար պետք է ապահովել բավականաչափ լուսավորում, մաքրել լիանաները, մշտապես ոռոգել անտառը»,- ասել է նա։

Գյուղատնտեսության ոլորտում հնդկացիների զարգացած գիտելիքների վկայություններից է բուսահողը, որը գտնվել է պեղումների ժամանակ։

Հնագետների գնահատմամբ՝ Ամազոնիայի բնակչության թվաքանակը պորտուգալական գաղութատիրությանը նախորդող ժամանակաշրջանում կարող էր հասնել 10 մլն մարդու։ Այդ մարդկանցից շատերը զոհվել են եվրոպացիների հետ հաղորդակցվելուց հետո։ «Սկսած XVII դարից, երբ Ամազոնիա եկան պորտուգալացիները եւ սկսվեց գաղութացումը, այստեղ տիրեց ստրկատիրությունը, պառակտումներ եւ համաճարակներ եղան։ Բնիկների կրճատմանը զուգընթաց՝ (նրանց յուրացրած տարածքը) զբաղեցրեց անտառը։ Արդյունքում՝ XIX դարի ճանապարհորդների նկարագրություններում այս շրջանը ներկայանում է որպես չյուրացված»,- հիշեցնում է գիտնականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ