News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը կհամաձայնվի ազգային խորհրդարանի աշխատանքի վերականգնմանը, եթե Գերագույն դատարանն աջակցի Շոտլանդիայի դատարանի որոշմանը, որը երեկ որոշել է, որ օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումը անօրինական էր, հայտնում է The Times-ը:

«Մենք լիովին հարգում ենք դատական համակարգի անկախությունը»,- ասել է վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը: Պարբերականը սա գնահատել է որպես Ջոնսոնի պատրաստակամություն ենթարկվելու Գերագույն դատարանի որոշմանը: Այն գործը քննելու է սեպտեմբերի 17-ին, եւ մինչեւ դա խորհրդարանը փակ կմնա:

Financial Times պարբերականն այս կապակցությամբ չորեքշաբթի հայտնել էր, որ Գերագույն դատարանի որոշման վրա մեծ ուշադրություն է բեւեռվել, քանի որ դատավորներն, ըստ էության, պետք է որոշեն՝ օգոստոսի 28-ին Ջոնսոնը Եղիսաբեթ II թագուհուն արդյոք ապատեղեկատվությո՞ւն է տվել, երբ նրանից ձեռք է բերել 5 շաբաթով խորհրդարանի աշխատանքի դադարեցման պաշտոնական հավանությունը: Վարչապետն այս քայլը հիմնավորել է տակավին հուլիսի վերջին ձեւավորված նոր կառավարության գործունեության ծրագրի մշակման անհրաժեշտությամբ: Ջոնսոնը հերքել է պնդումները, թե այս քայլն ուղղված է պատգամավորներին խանգարելուն արգելափակել Եվրամիությունից երկրի դուրս գալը առանց Brexit-ի պայմանների համաձայնագրի:

Շոտլանդիայի վերաքննիչ դատարանը, սակայն, չորեքշաբթի հակառակն է որոշել՝ այդ քայլում տեսնելով Ջոնսոնի մտադրությունը Brexit-ի ընթացքը որոշել առանց ժողովրդի ընտրյալների մասնակցության: Դատավորները խորհրդարանի աշխատանքի դադարեցումն անվանել են «անօրինական, հետեւաբար անվավեր եւ իրավաբանական ուժ չունեցող»:

Financial Times-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Լոնդոնի Գերագույն դատարանը նույնպես չորեքշաբթի որոշում էր կայացրել, որը տարբերվում է Շոտլանդիայի վճռից: Այն որոշել է, որ Ջոնսոնի որոշումը բացառապես քաղաքական է եւ չի կարող լինել դատաքննության թեմա: Ի պատասխան պարբերականի հարցմանը՝ իրավաբանների մեծամասնությունը կասկածել են, որ Գերագույն դատարանն այլ որոշում կայացնի, այն կաջակցի շոտլանդական վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը: Պարբերականի կարծիքով՝ հիմնական հարցը, որին Գերագույն դատարանի դատավորները պետք է պատասխանեն հետեւյալն է՝ ընդհանրապես դատավորները կարո՞ղ են վերանայել թագուհուն տրամադրված վարչապետի հանձնարարականները, թե՞ այսպիսի դեպքերը բարձր քաղաքականության «արգելված գոտու» մեջ են, որտեղ դատարանները չեն մտնում:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ միությունից դուրս գալու մասին գրավոր իրազեկելուց հետո 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որ ձեռք էր բերվել Բրյուսելի եւ վարչապետ Թերեզա Մեյի կառավարության միջեւ: Արդյունքում ԵՄ-ն համաձայնվել էր Brexit-ը տեղափոխել ապրիլ կամ մայիս, այնուհետեւ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական ներկայացնել՝ չկարողանալով իրավիճակը փակուղուց հանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ