News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 04
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այս մասին ասված է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահությունը  հայտարարում է՝

․Ամուլսարում հանքարդյունաբերության գործունեությամբ զբաղվող «Լիդիան Արմենիան» ընկերությունը իրականացնում է տնտեսական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

․Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեությունը չի կարող քաղաքական ուժերի կողմից ինքնահաստատման, կայացման տարատեսակ մեկնաբանությունների  համար օգտագործվել։

․Հայաստանի ընդերքը չի կարող փակ լինել արդյունահանման եւ շահագործման համար։

․Ընդերքը կարեւոր ճյուղ է, Հայաստանում ունի գիտական եւ գործնական ավանդույթներ, այն անհրաժեշտ է զարգացնել ու  օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության։

․Դադարեցնել ընդերքի շահագործումը՝ նշանակում է դադարեցնել նաեւ Ջերմուկի հանքային ջրերի արդյունահանումը։

․Ջերմուկի առողջարանային գործունեության նկատմամբ հանրային հսկողություն պետք է սահմանել։

Հաշվի առնելով մեր երկրի բնական հարստություններն ու հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակը, շարունակվող պատերազմն ու շրջափակումը՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հայտարարվել է գերակա ոլորտ եւ ապահովում է պետական բյուջեի մուտքերի զգալի մասը: Այն, որ հանքարդյունաբերությունը տնտեսական շահավետությամբ հանդերձ առաջ է բերում նաեւ բնապահպանական առանձին խնդիրներ, ակնհայտ ճշմարտություն է: Բայց, բնականաբար, գլխավոր խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությամբ չզբաղվելն է, այլ անհրաժեշտ ներդրումներով բնապահպանական վնասը նվազագույնի հասցնելը: Այդպես է ողջ աշխարհում, իսկ Հայաստանը աշխարհի մի մասնիկն է:

Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ... Միայն տարիներ հետո ի՜նչ մեծ ջանքերով ու հսկայական ներդրումներով վերագործարկվեց այն: Հիշենք նաեւ մեր երկրին հսկայական եկամուտներ ապահովող «Նաիրիտ» գործարանի փակումը, որն առայսօր դժվարանում ենք վերագործարկել: Հետեւաբար՝ օրախնդիրը ոչ թե փակելն է, այլ ճիշտ շահագործելը:

«Լիդիան» ընկերությունը կիրառում է ներկայումս աշխարհում կիրառվող լավագույն փորձն ու գիտական մշակումները բնապահպանության բնագավառում՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով եւ համալիր ծրագրերով, որոնք արդեն սկսվել են։

Կան միջազգային կազմակերպությունների մասնագիտական դրական կարծիքներն ու վերլուծությունների արդյունքները: Ամուլսարի աշխատանքների դադարեցումը միանշանակ վնասելու է մեր երկրի ներդրումային վարկանիշին, քանի որ հանքարդյունաբերությունը նախ պետք է կանխատեսելի լինի: Իսկ Հայաստանում ընդերքի հարստությունները չօգտագործելը պարզապես աններելի է: Բնապահպանները եւ այդ թեմայով բանավիճող, բայց գործին երբեմն անտեղյակ քաղաքացիները միայն պայմանական վնասից են խոսում: Հիշեք նաեւ, թե պատերազմող եւ արտագաղթ ունեցող երկրում Ամուլսարի հանքի շահագործումը եւ հարակից ծառայությունները հազարավոր մարդկանց համար աշխատատեղ են, բնականաբար՝ նվազեցնելու են արտագաղթը եւ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մուտք են ապահովելու պետական բյուջե:

Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ անպայման պետք է հաշվի առնել սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունում օրինական գործունեություն ծավալող ոչ մի ընկերություն չպետք է խոչընդոտների առջեւ կանգնի, առավել եւս՝ չպետք է տարբերություն դնել՝ այդ ընկերությունը հայաստանյան է թե դրսի կազմակերպություն։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հատկապես հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները եւ միաժամանակ բնապահպանների արդարացի ահազանգերը պահել ամենօրյա ուշադրության եւ մտահոգության կենտրոնում։ Այստեղ պետական վերահսկողական ատյանների ու բնապահպանների համատեղ աշխատանքը կարող է կարեւոր գործոն ու խթան դառնալ։ Չէ որ մայր բնությունը բոլորիս տունն է եւ այն հնարավորինս անաղարտ պահելը  բոլորիս սրբազան գործն է ու քաղաքացիական պարտքը։

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը բնականաբար խորապես մտահոգված է մեր բնության անաղարտության պահպանմամբ, բայց միաժամանակ մենք ժողովրդին աշխատանքով ապահովելու, արտագաղթը նվազեցնելու եւ տնտեսությունն արագ զարգացնելու խնդիրն ու մտահոգությունը ունենք: Մենք կարծում ենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը օրախնդիր է, պարզապես՝ կենսական: Չէ՞ որ երկրի ընդերքի հարստությունները փակ պահելու համար չեն, այլ ժողովրդին ծառայեցնելու: Թեեւ խնդիրը առավել քան զգացմունքային է ու տաք, բայց հարկավոր է առանց ավելորդ զգացմունքայնության եւ սառը դատողությամբ մոտենալ: Դա է պահանջում մեր երկրի շահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան». Ամուլսարում ապօրինիություն իրականացնողները բռնության կոչեր են անում
Ամուլսարում երկու տարվա անարգել ապօրինությունից իրենց անպատիժ զգացող խմբավորման անդամներն անցել են բացահայտ սպառնալինքների և բռնության...
«Լիդիան». Փորձել ենք խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ 2 տարում չկիրարկվեց
«Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց...
Ամուլսարի հարցի ողջ պատասխանատվությունը Փաշինյանի վրա է. Բունիաթյան
Ոչ Քոչարյանի և ոչ էլ Սերժի ժամանակ չի եղել այսպիսի մեծ հանրային պահանջ և դիրքորոշում...
Ոստիկանությունն Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով ուսումնասիրություն է կատարում
Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է...
Ընտանիքների ներկայությունն այստեղ կօգնի,որ ավելի քիչ սադրանքներ լինեն. Ամուլսարի պահապան
Եթե այս կառավարությունն ունի աշխատելու ունակություն, այս հարցին պետք է կոնկրետ լուծում տա, որովհետեւ 2,5 տարի է այս վիճակն է ու օրեր առաջ մենք զգուշացրել ենք…
Պահնորդական խումբը գիշերը հանել է Ամուլսարի պահապանների տնակը. ակտիվիստներն ավտոերթով գնում են Ամուլսար
Այս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի, եթե թողենք մարդիկ այսպես քայլ առ քայլ, փուլերով տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն անիմաստ էր այս երկուսուկես տարին…