News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գայթակղությունը մեծ է այս կամ այն հարցը կացինով լուծելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին։

Նա հայտնեց, որ դատական բարեփոխումների մեկնարկն արդեն տրված է, սակայն դա երկար պրոցես է, պետք է սպասել դրա ավարտին, որպեսզի սկսեն դատական գործերի քննությունը. «Այժմ ունենք արդար եւ անկախ դատարաններ, ես հույս ունեմ, որ որեւէ դատավոր առաջնորդվում է վճիռներ կայացնելիս իր խղճով, Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ առիթ չի տա հանրությանը խորացնել անվստահությունը դատական համակարգի նկատմամբ»։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ասում են, որ դատական համակարգում կա ճգնաժամ, սակայն առարկայական քայլեր չեն արվում, գուցե սպասում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ինքնակամ հրաժարական կտա, Միրզոյանն ասաց.

«Ես խոսել եմ այն մասին, որ կա իրավական ճգնաժամ ՍԴ-ի հարցի շուրջ՝ այս հարցով պայմանավորված։ Իրավաբանական հանրույթը բազմաթիվ տեսակետներ ունի, միանշանակ բանաձեւ չունի հարցի կապակցությամբ, ուր մնաց՝ ոչ մասնագետները կարողանան հստակ լուծում տալ։ Կարող եմ քաղաքական տեսանկյունից ասել, որ, իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, գուցե այդպիսի հանրային պահանջարկ կա իրականում կացինով լուծել այս կամ այն հարցը։ Անգամ լայն հանրային կոնսենսուսի պարագայում որպես իշխանություն, չենք կարող գնալ այդ ճանապարհով, չենք կարող անտեսել միջազգային պարտավորություններ, գործող իրավակարգավորումները։ Առավելապես ինձ՝ որպես հեղափոխական ճանապարհ անցած մարդու, կարող է հեշտ ու ճիշտ թվալ լուծումը, բայց վստահ եմ, որ պետությունը պետք է զարգանա իրավական ճանապարհով»։

Հարցին՝ արդյոք ինքը այդպիսի իրավական ուղիներ տեսնում է, Արարատ Միրզոյանն ասաց.

«Հիմա իրավաբաններն ամբողջ օրը բանավիճում են այդ հարցի շուրջ։ Հիմա մենք պաուզայի փուլում ենք, մի հատ հասկանանք իրավաբանական հանրույթը ինչպիսի եզրակացության կհանգի։  Որեւէ դատական պրոցեսի մասին խոսելիս միշտ էլ պետք է կանխավարկածով առաջնորդվել, որ դատարանը կառաջնորդվի նրանով, ինչով որ գրված է, որ պիտի առաջնորդվի։ Մենք չենք կարող որեւէ դատավորի նկատմամբ առաջնորդվել մեղավորության կանխավարկածով, որքան էլ որ այլ դատավորների պարագայում տեսանք, որ այդպիսի օբյեկտիվության խնդիր կա, որքան էլ որ ամրագրեցինք, որ դատական իրավական ճգնաժամ իսկապես կա, բայց այդ խնդիրը չպետք է լուծվի իմ կամքով կամ քմահաճույքով, դա պիտի լինի  ճիշտ իրավական լուծում, որպեսզի մենք չհանգեցնենք ավելի մեծ ճգնաժամի»։

ԱԺ նախագահն ասաց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած տեսակետը դատական համակարգի թերությունների վերաբերյալ մի շարք իրավաբաններ կիսեցին, մի քանի այլ իրավաբաններ ասացին, որ դա հիմք չէ, այլ տեսակետներ նույնպես հնչել են ՍԴ-ի գործունեության մասին, սակայն ըստ Միրզոյանի՝ պետք է լինի հարյուր տոկոսանոց վստահություն եւ իրավական առումով՝ անխոցելիություն. «Ինչպե՞ս կարող ենք մենք մեզ թույլ տալ անել ոչ իրավական բաներ, հատկապես որ աշխարհը տեսել է հեղափոխություններ, տեսել է ֆրանսիական հեղափոխություն, որտեղ հեղափոխության առաջնորդները գիլիոտին դրեցին հրապարակում, սկսեցին գլխատել իրենց քաղաքական հակառակորդներին, հետո մյուս երրորդ ուժը եկավ իշխանության, սկսեց նույն գիլիոտինով գլխատել մյուսներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ