
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ վատնում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, 1988-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, բժշկական կենտրոնում աշխատակիցներ է հրամանագրել եւ նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում աշխատավարձ դուրս գրելով, չկատարված ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով եւ ԲԿ-ից գումար դուրս գրելով, փաստացի կատարված վերանորոգման ծավալներն ուռճացնելով եւ այլ եղանակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասը՝ 11.560.000 ՀՀ դրամ գումարը, վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտային հաշվին:
Վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: