News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այստեղ սուբյեկտիվ կողմն է կարեւոր, ինչին է ուղղված նրա դիտավորությունը, հա եթե մեկը ուզում է մատաղ անի, ասում է՝ ես ուզում եմ ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ, բնական է՝ ստեղ արդեն մատաղը չի կարեւորվում, արդեն նրա դաժանությունն է ակնհայտ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին»։ Նախագծով քրեական պատիժ է սահմանվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, նախագիծը ծաղրանքի եւ լարվածության առիթ ստեղծեց Ազգային ժողովում, որը Գեւորգ Պետրոսյանին դուր չեկավ.

«Երբ ծնունդս սրտանց շնորհավորում եք, սկսում եմ կասկածել՝ սրտա՞նց էր, թե չէ։ Հիմա սկզբում ասում եք հումոր չեմ ուզում անեմ, հետո ամբողջ հարցադրումը հումորի ու սատիրայի ժանր է։ Շեղվել ենք նախագծի նպատակից, ինչ-որ աննախադեպ ակտիվություն է նկատվում։ Ասում եք օբյեկտիվ կողմի բոլոր դրսեւորումները նկարագրված չեն, ստեղ մեկը կա՞ որ կարող է Քրեական օրենսգրքում այդպիսի դիսպոզիցիա ցույց տա, որ օբյեկտիվ կողմի բոլոր դրսեւորումները նկարագրված են։ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է առանձին դաժանությամբ սպանության հանցակազմը, որեւէ կերպ չի կոնկրետացնում այդ առանձին դաժանությունը ո՞րն է։ Ոմանք էս ի՞նչ նոր հեղաշրջում են ուզում անել իրավագիտության մեջ։ Զուտ օրինակի համար, պարո՛ն Միրզոյան, որ ասում եք՝ մեկի նախասիրությունն է (կատու տանջել), իհարկե կարելի է անվերջ էդպես օրինակներ բերել, բայց էստեղ պետք է մի բան նկատի ունենալ, որ այստեղ սուբյեկտիվ կողմն է կարեւոր, ինչին է ուղղված նրա դիտավորությունը, հա եթե մեկը ուզում է մատաղ անի, ասում է՝ ես ուզում եմ ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ, բնական է՝ ստեղ արդեն մատաղը չի կարեւորվում, արդեն նրա դաժանությունն է ակնհայտ»։

Պետրոսյանն ակնարկեց, որ իրենք էլ որոշակիության շեշտադրումներ են անելու, երբ իշխանություններն ԱԺ բերեն քրեական ենթամշակույթին հարելը պատժելու օրինագծերը.

«Ինչպե՞ս կարող է փորձագետը եզրակացություն տա՝ դաժանություն կա, թե չէ։ Այդ հարցի գնահատականը տալիս է դատարանը։ Ես խնդրում եմ, որ բոլորս հարգանքով վերաբերենք ամեն մի պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը, եւ փոխանակ մենք ուզենք հասկանալ նպատակը, ասում ենք ինչ-որ պարզ չի եւ այլն։ Եկեք նախագծի նպատակը հասկանանք, որ թե պոզ ու պոչ կպցնենք։ Այս տարբերակով ոչ մի օրենքի նախագիծ հաջությամբ չի կարող պսակվել»։

Պատգամավորը բերեց ծառի օրինակը, որ ամեն մեկն իր տեսանկյունից է նայում ծառին. «Մարդ կա ծառին նայում է որպես թթվածին ստեղծող ու տարածող, մարդ կա՝ որպես գեղեցկություն, մարդ էլ կա ծառին նայում է որպես վառելափայտ։ Եթե իսկապես ընդունում եք որ տիկին Զոհրաբյանը ճիշտ նկատառումներ ու թիրախ է դրել նախագծի հետեւում, ապա եկեք մասնագիտական որակում տանք»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմեց Գեւորգ Պետրոսյանին՝ հորդորելով, որ խոսի ավելի հանգիստ եւ առանց «մուննաթի».

«Պարո՛ն Պետրոսյան, սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր, կներեք։ Ես տեսնում եմ անկեղծ մտահոգություն բոլոր հարցերի մեջ, որ ընդունվի հնարավորինս լավ, խնդրի առարկան հնարավորինս լավ կարգավորող օրենսգիրք, որպեսզի չմնան, այսպես ասած, «լազեյկաներ», որ մարդը անի իր դաժանությունը եւ ամեն անգամ ասի՝ մի րոպե, կներեք, ծիսական էր, հոպ։ Ընդհանուր դիտարկում ձեր բոլոր ելույթների մասին, մի տեսակ մուննաթ եք գալիս, գիտեք ի՞նչ, այստեղ բոլորն էլ կարող են այդպիսի տոներով խոսել»։

Տպել
Ամենաշատ