News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.                                                 

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի անդրանիկ նիստին: Այս նախադասությունը հնչեցնում եմ առանձնահատուկ ոգեւորությամբ, միաժամանակ՝ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը եւ նույնիսկ առաքելությունը, որ դրված է խորհրդի եւ ընդհանուր առմամբ թիմի առջեւ:

2018 թ. թավշյա հեղափոխության հասունացման խորքային ամենահիմնական պատճառների շարքում կարելի է վստահաբար շեշտադրել ոչ արդյունավետ հանրային կառավարման համակարգի ու կառուցակարգերի գոյությունը: Պատահական չէ, որ գործող իշխանությունը եւ կառավարությունն իր գործունեության մեկնարկից ի վեր մշտապես հայտարարել են, որ հանրային կառավարման խորքային բարեփոխումները քաղաքականության օրակարգի առանցքային բաղկացուցիչն են լինելու: Այս բարեփոխումները երաշխավորելու են մյուս ոլորտներում վարվող քաղաքականությունների հաջողությունը, լինեն դրանք տնտեսական, սոցիալական, պաշտպանական, թե այլ:

Այսօր արդեն ակնհայտ է՝ հասարակությունը շատ ավելի ուշադիր է պետության քաղաքականության, ընդունած որոշումների նկատմամբ, ավելի մեծ հնարավորություն ունի պահանջատեր լինելու, միաժամանակ՝ խնդիր է դնում պետության առջեւ՝ առավել պատասխանատու, մասնակցային ու հաշվետու գործելակերպեր որդեգրել իրեն պատվիրակված լիազորությունների իրականացման ժամանակ:

Հետեւապես, ժողովրդավարացման չափազանց կարեւոր փուլ ենք անցնում, որը պետք է առաջիկայում արմատավորվի որպես արժեհամակարգ: Այս փոխակերպումն առաջնորդելու գործում Կառավարությունը եւ իշխանության մյուս օղակներն իրապես կարեւոր անելիքներ ունեն: Վերջին մոտ 1.5 տարին ավելին, քան բավարար էր համակողմանի հասկանալու, որ հանրային կառավարման համակարգի խորքային արդիականացումն այլընտրանք չունի:

Այսօր ազդարարում ենք մի ընդգրկուն ու բազմաբովանդակ ռազմավարության մշակման գործընթացի պաշտոնական մեկնարկը, որն իր առջեւ գերխնդիր է դնում վերարժեւորելու պետական կառավարման համակարգը: Մի բան ակնհայտ է եւ անքննելի. ժամանակակից աշխարհում եւ՛ հասարակական հարաբերությունների բովանդակությունը, եւ՛ գործընթացների դինամիկան, եւ՛ տեղեկատվական հոսքերով հագեցվածությունը պահանջում են այլ որակի եւ մոդելի ինստիտուտներ:

Հիմնական նպատակը մեկն է՝ պետական համակարգի արժեքների, ինստիտուտների եւ գործընթացների վերափոխումն այնպես, որ ապահովվի քաղաքացիակենտրոն հանրային կառավարում: Ռազմավարության ներքո պետք է կարողանանք ձեւակերպել պետական համակարգի գործառնական մոդելը, որը ունակ է եւ արդյունավետ՝

զարգացման օրակարգ ձեւակերպելու ու հանրության քննարկմանը ներկայացնելու,

մշտապես փոփոխվող միջավայրի ազդակներին արձագանքելու,

պետության առջեւ ծառացող ռիսկերը եւ մարտահրավերները հասցեագրելու,

հանրային բարեկեցության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն կյանքի կոչելու հարցերում:

Ավելի առարկայորեն, հանրային կառավարման համակարգի բարեփոխում ասելով՝ ըստ էության խոսում ենք մի քանի առանցքային ուղղությունների մասին, որոնք կազմում են պետություն-հասարակություն փոխհարաբերությունների կառուցման շաղախը: Մասնավորապես, խոսքը հետեւյալի մասին է.

ինչպես է պետությունը քաղաքականություններ մշակում եւ իրականացնում, այդ թվում՝ կառավարում հանրային ֆինանսները,

ինչպես է պետությունը ծառայություններ մատուցում հանրությանը,

ինչպիսի պետական ծառայության համակարգի միջոցով է իրականացնում իր հիմնարար գործառույթները,

որն է այն օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածքը, որի միջոցով պետությունն առավել արդյունավետորեն կարող է ապահովել վերը թվարկված ուղղությունները,

եւ, վերջինը, բայց ինչը նաեւ չափազանց կարեւոր է, ինչպիսի հաշվետվողական ու բարեվարքության կանոններով է պետությունը հարաբերվում հասարակության հետ:

Ռազմավարությունն, ըստ այդմ, կներառի 5 հարթություն՝

քաղաքականությունների մշակում,

հանրային ծառայություն եւ մարդկային ռեսուրսների կառավարում,

պետական ծառայությունների մատուցում,

հաշվետվողականություն եւ բարեվարքություն,

հանրային կառավարման գործառութային շրջանակ:

Բարեփոխումների բոլոր հարթություններում կենտրոնական դեր է հատկացվելու թվայնացման եւ մարդկային կարողությունների զարգացման հարցին: Մասնավորապես, կդիտարկվեն թվային, էլեկտրոնային եւ խելացի լուծումների ներդրման հնարավորությունները: Նպատակ է դրվում սրանով մեծացնել համակարգի աշխատանքի սիներգիան, օպերատիվությունը, թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների հնարավոր խելամիտ ծավալով ավտոմատացումը:

Բարեփոխումների արդյունքում պետական քաղաքականությունները դադարելու են լինել հատվածական, պետությունը հաշվետու է լինելու ոչ թե գործընթացների, այլ կոնկրետ արդյունքների համար, ներդրվելու է քաղաքականության արդյունքների համար անհատական պատասխանատվության ինստիտուտը, վերափոխվելու է պետական ծառայողի հանրային ընկալումը, պետական ծառայությունը դառնալու է գրավիչ եւ՛ երիտասարդ մասնագետի համար, ով հավակնություն ունի պետական կարիերա անելու, եւ՛ այլ ոլորտներում կայացած ինքնաբավ մասնագետի համար, ով պատրաստ է իր գիտելիքն ու բազմամյա փորձը ներդնելու պետականաշինության գործում: Պետական համակարգի գործունեությունը հենվելու է ոչ թե առանձին անհատների կամ նվիրյալների երբեմն անձնազոհ ջանքի, որը ոչ պակաս կարեւոր է, իհարկե, այլ կայացած ինստիտուտների վրա:

Ի սկզբանե պարզ է, որ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, ինչպես որ ցանկացած ռեֆորմի բուն փիլիսոփայություն, լինելու է պոզիտիվ դեստրուկցիայի տրամաբանությամբ: Բայց այդ ռեֆորմի արդյունքում պետք է ստանանք հենց ռեֆորմների ներունակ՝ փոփոխություններ կրելու ու առաջնորդելու կարողությամբ օժտված համակարգ:

Ռազմավարության մշակման գործընթացում եւ դրա հետագա իրականացման փուլում ակնհայտորեն բազմաթիվ դժվար որոշումներ կայացնելու առջեւ ենք կանգնելու, որոնք կարող են ոչ միանշանակ վերաբերմունքի եւ մեկնաբանության արժանանալ: Այս իմաստով, քաղաքական իշխանությունը պատրաստակամություն եւ անհրաժեշտ կամք ունի՝ ռեֆորմն իր նախասահմանված հանգրվանին հասցնելու համար, ինչպես եւ խոստացել էինք նախընտրական փուլում:

Հաշվի առնելով գործընթացի կարեւորությունը եւ ծավալը, հաստատակամորեն բարեփոխումների մշակման եւ իրագործման ողջ ընթացքում ապահովվելու է հանրային լայն մասնակցություն եւ պատշաճ իրազեկում: Միաժամանակ, ի տարբերություն հաճախ հանդիպող պրակտիկայի, երբ նման աշխատանքը հենվում է փորձագիտական կարողության վրա, այս դեպքում նպատակ ունենք, որ ռեֆորմների հիմնական բովանդակության կրողը կլինի հենց հանրային ծառայողը:

Վստահություն ունեմ, որ նման ներկայացվածությամբ ու կազմով խորհուրդը պատվարժանորեն կառաջնորդի Ռազմավարության մշակման գործընթացը: Բոլորիս հաջող ընթացք եմ մաղթում այս կարեւոր առաքելությունն իրականացնելու գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ