News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կմնա բանտում, քանի դեռ քննարկվում է նրա արտահանձնման հարցը։ Այսպիսի որոշում է կայացրել Լոնդոնի Վեսթմինստեր շրջանի դատարանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ապրիլին Ասանժին բանտ էին նստեցրել՝ գրավի դիմաց ազատման կանոնները խախտելու համար։ Միաժամանակ դատարանը քննում է նրան արտահանձնելու ԱՄՆ-ի հայցը, որի հետ կապված լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին։ Ավելի վաղ պաշտպանները հայտնել էին, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող է սեպտեմբերի 22-ին ազատ արձակվել։

«Դուք այսօր կանգնած եք դատարանի առջեւ, քանի որ ձեր կալանավորման ժամկետը մոտենում է ավարտին։ Երբ դա տեղի ունենա, դուք կվերածվեք պատիժը կրող դատապարտյալի, որին սպառնում է արտահանձնումը։ Ես կարծում եմ, որ ունեմ էական հիմքեր համոզված լինելու, որ եթե ես ձեզ ազատեմ, դուք նորից կթաքնվեք»,- ուրբաթ օրը, կարդալով դատավճիռը, ասել է դատավոր Վանեսա Բարայտսերը։

Նրա խոսքերով, պաշտպանական կողմը գրավի դիմաց ազատելու հայց չի ներկայացրել։

Հոկտեմբերի 18-ին արտահանձնման դատական գործընթացի ժամանակ պաշտպանական կողմը պետք է դատարանին ներկայացնի փորձագիտական եզրակացություններ եւ փաստեր։ Հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեխնիկական լսումներ հիմնական գործընթացի օրակարգի վերաբերյալ։ Մինչեւ դեկտեմբերի 14-ը ամերիկյան կողմը պետք է ներկայացնի արտահանձնման համար փաստարկներ։ Ասանժի պաշտպանները մինչեւ 2020թ․ հունվար պետք է առարկություններ պատրաստեն։ Փետրվարի վերջին դատարանը պետք է վճռի արտահանձնմանը խոչընդոտող փաստարկների առկայությունը կամ բացակայությունը։

Դրանից հետո գործը կուղարկվի ՆԳ նախարարին, որը երկու ամիս կունենա վերջնական որոշում կայացնելու համար, սակայն ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։ Ասանժի փաստաբաններն ասում են, թե գործը կարող է տարիներով ձգվել։

Wikileaks-ի հիմնադիրը 2010թ․ Շվեդիայում մեղադրվել է սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության համար։ Նա 2012թ․ հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով արտահանձնումից։ 2019թ․ ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանավորել են ԱՄՆ-ի հայցով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար եւ դատապարտել է 11 ամսվա բանտարկության։ Արտահանձնման վերաբերյալ լսումները սկսվել են մայիսի 2-ին։

ԱՄՆ իշխանությունները մայիսի վերջին հայտնել էին, որ Ասանժին լրտեսության եւ գաղտնի տեղեկատվություն բացահայտելու նոր 17 մեղադրանք են ներկայացրել։ Նախկինում նրան մեղադրում էին մեկ կետով՝ դավադրությամբ համակարգիչ կոտրելու մեջ։ Ասանժին ԱՄՆ-ինհանձնելու դեպքում նրան բազմամյա ազատազրկում է սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ