News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր։ Այսպիսի տեսակետ է հայտնել  ՀՅ Դաշնակցության շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախումբը՝ ներկայացնելով Ամուլսարի շահագործման ծրագրի մասնագիտական մտահոգությունները։

Հանձնախումբը նաեւ կարծում է, որ Ամուլսարի, որպես հանքավայրի շահագործման հարցը թեև դուրս է եկել զուտ մասնագիտական տիրույթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական ու հանրային առողջ երկխոսությունն ու քննարկումները, իսկ հարցի լուծումը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով:

ՀՅ Դաշնակցության շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախմբի ամբողջական տեսակետը՝ ստորեւ․

Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր ՀՅԴաշնակցության շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը

Ներածական

  1. Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանի հատվածում:

  2. 2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից Լիդիան Արմենիա ՓԲԸ-ին (այսուհետև՝ Լիդիան) տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության համար բնապահպանական թույլատվությունը:

  3. 2015թ.-ին Լիդիանը հրապարակել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը՝ 2016թ.-ին: 2016 թվականի ապրիլի 29-ին Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննությունն ստացել է դրական եզրակացություն: 

  4. Հանքավայրից մետաղների կորզումը նախատեսված է իրականացնել կույտային տարրալվացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում: Ըստ Լիդիանի ներկայացրած ծրագրի՝ հանքի շահագործման 11 տարիների ընթացքում նախատեսվում է արդյունահանել մոտ 2,6 մլրդ. ԱՄՆ դոլարի ոսկի: Առաջին երկու տարիների ընթացքում նախատեսվել է կատարել շուրջ 426 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման ողջ ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերի ու ռոյալթիների միջոցով ընդհանուր մուտքերը կկազմեն մոտ 635 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրի շինարարական փուլում մոտավորապես 1300 մարդ կապահովվի աշխատանքով, իսկ շահագործման փուլում՝ 770 մարդ:

  5. Կանխատեսվում է, որ հանքի շահագործման գումարային ազդեցությունը ՀՆԱ-ում միջինը կկազմի մոտ 185 մլն. ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 1,4%: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի արդյունքում տարեկան միջին արտահանումը կկազմի Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 6.5%-ը:

Ծրագրի վերաբերյալ տարակարծությունները

  1. Թեև Լիդիանը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համապատասխան, որի ներքո նախագծել և ձևավորել է Հայաստանում նախադեպը չունեցող մետաղական հանքարդյունահաման ծրագիր, այնուամենայնիվ մասնագիտական և հանրային (այդ թվում՝ բնապահպանական) շրջանակներում բացակայում է միակարծությունը հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ:

  2. Մտահոգությունների հիմքում ընկած է հանքավայրի շահագործման արդյունքում առաջանալիք ռիսկերի անկառավարելիությունը: Խնդիրն առավել է բարդանում պայմանավորված Ամուլսարի աշխարհագրական դիրքով և կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարների  ձևավորման առումով: Այն պահանջում է գիտականորեն գերճշգրիտ հիմնավորում և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված անկախ և օբյեկտիվ փորձաքննություն:

  3. Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բազմամետաղ հանքավայրի շահագործման թույլտվությունը երկարատև և բազմամակարդակ գործընթաց է՝ այնուամենայնիվ ներկա պայմաններում սուր հարցադրումները վերաբերում են ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:

  4. Թեև, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորություն չունենալու պայմաններում, Լիդիանը նախաձեռնել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ, սակայն դա ևս հանքավայրի անվտանգ շահագործման նպատակահարմարության հարցում բավարար համոզվածություն չի ձևավորել: Վերջինս պայմանավորված է մի կողմից այն հանգամանքով, որ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հետազոտությունների, ուսումնասիրման ու գնահատման համար միջազգային փորձագետները ընտրվել և վճարվել են Լիդիանի կողմից: Մյուս կողմից ՀՀ կառավարությունը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, չի ունեցել (և չունի) օրենսդրական պարտավորություն և ֆինանսական հնարավորություն՝ ներկայացված ՇՄԱԳ-ի անկախ միջազգային փորձաքննություն իրականացնելու համար: Որպես հետևանք, տեղական և միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ առարկում են անվտանգ շահագործման վերաբերյալ Լիդիանի հավաստիացումներին:

  5. Բնապահպանական միավորումները՝ ներգրավելով հասարակության առավել լայն շրջանակների, կազմակերպեցին Ամուլսարի ճանապարհների շրջափակումը, որի արդյունքում խնդրի բնապահպանական ու տնտեսական բաղադրիչներին ավելացավ նաև քաղաքականը:

  6. Հենվելով վերջինիս վրա և ձևավորելով հանրային մեծ սպասելիքներ, օրվա քաղաքական իշխանությունը անբացատրելի կերպով երկարացրեց հարցի հանգուցալուծումը, կոռուպցիոն հնարավոր չարաշահումների պատճառաբանությամբ նախաձեռնեց քրեական գործի հարուցում, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների միջոցով (Elard և TRC, այսուհետև՝ ԷԼԱՐԴ) անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով պետական բյուջեից հատկացրեց 400 000 ԱՄՆ դոլար: Արդյունքում, հանքավայրի շահագործման թույլատրելիության հարցում մասնագիտական հանրույթը այդպես էլ չի ձևավորել միակարծություն, իսկ հանրության լայն շրջանակները լսում են իշխանության անընդհատ փոփոխվող տեսակետները, ինչն իր հերթին ազդում երկրի միջազգային հեղինակությունը վրա:

  7. Այս ամենը սակայն չի կարող շարունակական լինել, գերակտիվացված քաղաքական բաղադրիչը իր տեղը պետք է զիջի կշռադատված, մասնագիտորեն հիմնավորված և հասարակության ճնշող մեծամասնության կողմից ընդունելի որոշմանը: Նշված ընթացքն ապահովելու համար չափազանց կարևոր է մասնագիտական մոտեցումների հստակեցումը, տնտեսական, բնապահպանական և սոցիալական հավասարակշռված տեսակետների ամբողջացումը և ի վերջո՝ համապետական հանրաքվեի միջոցով Ամուլսարի վերաբերյալ վերջական որոշման կայացումը:

Ծրագրի մասնագիտական մտահոգությունները

  1. Վերը նշվածի ներքո սկզբունքային նշանակություն են ստանում տեղական ու համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների կողմից բարձրացված հարցադրումները, որոնք ընդհանուր առմամբ իրենց արտացոլումն են ստացել փաստաթղթային աուդիտ իրականացրած ԷԼԱՐԴ-ի եզրակացությունում (զեկույցում):

  2.  ՀՅԴ շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախումբը՝ ուսումնասիրելով և վերլուծելով ԷԼԱՐԴ-ի զեկույցը, արձանագրում է, որ այն անդրադառնում է չորս ոլորտների՝ ջրային ռեսուրսներ, երկրաբանություն, կենսաբազմազանություն և օդի որակ: Զեկույցում նշվում է, որ Լիդիանը բավարար կերպով ներկայացրել է կենսաբազմազանությանը վերաբերող հարցեր, բայց կարող էին բարելավել դրանք, եթե ներառվեին լրացուցիչ տեղեկություններ, օրինակ՝ քարտեզներ

  3.  ԷԼԱՐԴ-ը քննադատում է օդի որակի գնահատման համար Raduga մոդելի օգտագործումը: Նրանք եզրակացնում են, որ այս հին մոդելը համարժեք չէ Ամուլսարի նման նախագծին: Զեկույցում նաև բացահայտվում են ոսկու հանքի շահագործման ժամանակ արտանետվող փոշու մանր մասնիկների և որոշակի գազերի ազդեցության գնահատման որոշ թերություններ: Այնուամենայնիվ, ԷԼԱՐԴ-ը եզրակացնում է, որ Լիդիանի կողմից օդի որակի վերահսկողության համար ներկայացված մոնիտորինգի պլանը տեղին է և ընդունելի, բայց պետք է ներառել լրացուցիչ յոթ գործոններ:

  4.  Ի տարբերություն վերը նշվածի՝ ծայրաստիճան քննադատվում է ջրային ռեսուրսների և երկրաբանկան ազդեցության վերլուծությունը, որոնց բացասական արդյունքները ոչ ամբողջությամբ են տեղ գտել ԷԼԱՐԴ-ի կողմից ներկայացված մեմորանդումի մեջ՝ ապակողմնորոշելով վերջանական եզրահանգումը: Մինչդեռ՝

    1. Ըստ զեկույցի՝ Լիդանի պատրաստած 3-D երկրաբանական մոդելի լայնակի հատկույթները ցույց են տալիս երկրաբանական հարաբերությունները միայն բացահանքերի տարածքի անմիջական հարևանությամբ: Այս թերությունը ստորերկրյա ջրերի աղտոտիչ աղբյուրների և կլանիչների միջև թույլ կապի հետևանք է: Էկոլոգիապես զգայուն այսպիսի միջավայրի համար կառուցվածքային և ստրատեգրաֆիկ հարաբերությունների վերաբերյալ պատկերազարդումների բացթողումը ամբողջ տարածքի համար, գնահատվում է, որպես մոդելի լուրջ թերություն: Երկրաբանական այս մոդելը իր հերթին հիմք է հանդիսանում այլ մոդելների համար, որոնք թվայնացված ներկայացնում են ստորերկրյա ջրերի և աղտոտիչների հոսքը (տրանսպորտը):

    2.  Զեկույցը շարունակում է պնդել, որ տեղական երկրաբանության նկարագրությունն անկազմակերպ, թերի և անհասկանալի է: Տեքստից այն տպավորությունն է ստեղծվում, որ Լիդիանը լիարժեք չի հասկացել կառուցվածքային և ստրատեգրաֆիկ հարաբերությունները, փոփոխությունների տեսակների պատճառներն ու բաշխումը, և ժայռերի տարբեր տեսակների ստեղծման ժամանակ իրադարձությունների հաջորդականությունը: Ծրագրի տարածքում կան մի շարք երկրաբանական բեկվածքներ, որոնք կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խոչընդոտներ և/կամ ուղիներ։ Ըստ ԷԼԱՐԴ-ի, նախագծի ազդեցության տարածքում առկա բեկվածքները չեն դիտարկվում Լիդանի կողմից երկրաբանական հետևանքների մոդելավորման մեջ: Ավելին, ԷԼԱՐԴ-ը պնդում է, որ հրաբխային ժայռերը փխրուն են, կոտրվածքների լայն թափանցելիությամբ: Այս բնութագրերը ազդում են ստորերկրյա ջրերի հոսքի և փոխադրման տեմպերի վրա: Չի կարելի ենթադրել, որ ժայռերը համասեռ կավե գոտի են, կոտրվածքների առկայությունից զուրկ, ինչպես դա անում է Լիդիանը:

    3. Ստորերկրյա ջրերի հոսքի և ջրալուծ նյութերի փոխադրման ճիշտ թվային մոդելավորումը բացահանքերից և ծրագրի տարածքից դեպի ընդունիչներ (գետեր և աղբյուրներ) կախված են ժայռի կառուցվածքից և բնութագրերից` հոսքի և փոխադրման (տրանսպորտային) ուղիների ամբողջ երկայնքով: Զեկույցը եզրակացնում է, որ սխալ է պնդել, թե հանքը չի կարող ազդել նախագծի տեղամասերին հարակից շրջանների (ներառյալ քաղցրահամ աղբյուրների) վրա:

    4. ԷԼԱՐԴ-ը շեշտում է, որ փոփոխված Սոբեկ (Modified Sobek) մեթոդը, որն օգտագործվել է նախագծի թթվային-բազայի հաշվառման (ABA) համար (որը որոշում է հավանական թթվայնությունը) հիմնված է միայն սուլֆիդային ծծմբի վրա: Մինչդեռ այս մոտեցումը հստակ սխալ է, քանի որ բացահանքերի տարածքներից գրեթե բոլոր նմուշները ունեն թթվային pH արժեքներ, ինչը վկայում է թթվային սուլֆատային աղերի մասին: ԷԼԱՐԴ-ը գտնում է, որ սուլֆատի վերլուծված տոկոսը պետք է ներառված լիներ թթվայնության հավանական հաշվարկի մեջ:

    5. Թեև ՇՄԱԳում նշվում է, որ վերին հրաբխային ժայռի շերտը թթու չի առաջացնում, սակայն ԷԼԱՐԴ-ը նշում է, որ ՇՄԱԳ-ի հավելվածում ներկայցված տվյալները ցույց են տալիս, որ առկա են զգալի թվով պիրիտ ծծմբով հարուստ բազմաթիվ նմուշներ: Սուլֆիդի ավելի բարձր տոկոսները տալիս են ավելի շատ ապացույցներ այն մասին, որ վերին հրաբխային շերտը համասեռ չէ և պետք է բաժանվի ենթախմբի՝ ըստ հստակ ժայռերի ենթատեսակների:

    6. Ըստ ԷԼԱՐԴ-ի, Ամուլսարի ժայռերում թթվային ապարների դրենաժի (ARD) ռեակցիաների Լիդիանի գնահատումը ապակողմնորոշիչ է, քանի որ վերլուծությունը չի ներառում երկաթի օքսիդացման կարևորությունը: Օգտագործելով այս մոտեցումը, թերագնահատվում են թթվային ապարների դրենաժ գոյացումը և հարակից ջրերի որակի, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև ջրի մաքրման պահանջների կարևորությունը:

    7. ԷԼԱՐԴ-ը նշում է, որ Լիդիանի կողմից պոմպային թեստի ոչ մի փորձարկում չի իրականացվել, ինչը, լուրջ բացթողում է նախագծի մերձակայքում հիդրավլիկ հատկությունների բնութագրման գործում: Պոմպային թեստերը հիդրավլիկ բնութագրման ստանդարտ ընթացակարգ են և անփոխարինելի են կոտրված ժայռի համար: Հաշվի առնելով էկոլոգիապես զգայուն կարգավորումը՝ հիդրավլիկ թեստերի սահմանափակ բաշխումը և պոմպային թեստերի բացակայությունը, ԷԼԱՐԴ-ն անբավարար է գնահատում դրանք՝ ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքում հիդրավլիկ հատկությունները բնութագրելու համար: Ըստ այդմ, ԷԼԱՐԴ-ը եզրակացնում է, որ հանքավայրի ջրհանքներից և օբյեկտներից մինչև գետերն ու ջրամբարները տեղակայված տարածքները նկարագրված չեն և չի կարելի ենթադրել, որ դրանք նույն հիդրավլիկ հատկություններն ունեն ինչ փորձարկված տարածքները:

    8. Համաձայն ԷԼԱՐԴ-ի՝ կտրտված քարերի առկայության պայմաններում, աղտոտված ստորերկրյա ջրերի հոսքն արագ է, հետևաբար տեղափոխվող աղտոտված ջրի ծավալն ավելի մեծ է: Կտրվածքների ու ճեղքվածքների միացման չափը որոշում է, թե ինչպես է տեղի ունենում ստորգետնյա ջրի արագ հոսքը և տեղափոխումը: Միայն պոմպային փորձարկումների և ստորգետնյա ջրերի հետքերով, ինչպես նաև փորձարկումների անցկացման միջոցով կարելի է գնահատել կտրտվածքների կապը, որը Լիդիանի կողմից արված չէ:

    9. Վերանայելով Լիդիանի իրականացրած բացահանքերի ներծծվող ջրերի ուսումնասիրությունը, ընդունելով, որ օգտագործված մոդելները ճիշտ են, ԷԼԱՐԴ-ն արձանագրել է, որ մոդելների արդյունքները սխալ են, քանի որ մոդելավորման համար ենթադրվում է անիրատեսական մեծ քանակությամբ գոլորշիացում բաց ժայռերից և ետին լցոնումներից: Այլ խոսքով՝ Լիդիանը պնդում է, որ անձրևի ու ձնհալքի ջրերի մեծ տոկոս գոլորշիանալու են և գետին չեն ներծծվելու, մինչդեռ հայտնի է, որ տեղումների և ձնհալքի մեծ մասը, ծակոտիների միջոցով, արագորեն ներթափանցում է գետին: Բացի այդ, ԷԼԱՐԴ-ը համոզված կերպով պնդում է, որ Լիդիանը օգտագործում է բացահանքերի պատերի համար ջրի հոսքի ոչ ճիշտ գործակիցներ: Վերջիններս կարևոր են, քանի որ, Լիդիանի պնդմամբ, ավելի քիչ ջուր է անցնելու գետին: ԷԼԱՐԴ-ը ենթադրում է, որ սիմուլյացիաներում շատ ավելի քիչ գոլորշիացում պետք է տեղի ունենա և պնդում է, որ բացահանքերի հոսքի մոդելավորումներից ջրի հոսքերը ճիշտ չեն հաշվարկված: Ստորերկրյա ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ սխալ հոսքերի օգտագործումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակների և աղբյուրների ազդեցության սխալ գնահատման: Բացի այդ, լուծվող նյութերի փոխադրման սիմուլյացիաները խիստ թերագնահատում են թթվային դրենաժի ազդեցությունը ստորերկրյա ջրերի և աղբյուրների վրա: Առ այդ, գոլորշիացումը գերագնահատելու և ջրի հոսքը թերագնահատելու պատճառով, ԷԼԱՐԴ-ի եզրահանգումն է. պասիվ մաքրման համակարգին հաղորդվող ջուրը և զանգվածային հոսքերը թերագնահատված են, իսկ մաքուր ջրի պահանջարկը՝ գերագնահատված:

    10. ԷԼԱՐԴ-ը նշում է, որ հաշվարկված ջրի ծավալային հոսքերը, որոնք ընթանում են դատարկ ապարների լցակույտի (BRSF) կայանից, մեծապես թերագնահատված են՝ սխալ մոդելի պարամետրացման պատճառով: Թերագնահատված ջրի հոսքերի պատճառով նաև թերագնահատված են զանգվածային հոսքերը, որոնք կապված են թթվացնող ժայռերի և ներծծվող ջրի շփման հետ: Այս թերագնահատումը բացասաբար է ազդում ընդհանուր ջրի հոսքերի հաշվարկների վրա, որոնք առաջանում են թթվային դրենաժի աղբյուրներից և դատարկ ապարների լցակույտի տակից։

    11. Ըստ ԷԼԱՐԴ-ի՝ բացահանքերի տարածքներում երկրաբանությունը վատ է ներկայացված: Ներքևի մակերեսի պարզունակ թվային ներկայացումը գործող մոդելում անբավարար է քանակական կանխատեսումներ անելու համար: Չնայած այս անբավարարությանը` արվել են բազմաթիվ քանակական կանխատեսումներ, որոնք հուսալի չեն: ԷԼԱՐԴ-ը պնդում է, որ անցումային սիմուլյացիաներ են իրականացվել բացահանքերի ներհոսքերը գնահատելու համար, բայց մոդելային կանխատեսումը անբավարար է, քանի որ անցումային տրամաչափում չի իրականացվել: ԷԼԱՐԴ-ը, իր կողմից իրականացված մոդելային վերանայման հիման վրա, գտնում է, որ մոդելը թերի է նկարագրում հանքարդյունաբերության ազդեցությունը ստորերկրյա ջրերի մակարդակի և հոսքի վրա:

    12. ՇՄԱԳում նշվում է, որ նախագծի տարածքում ջրհորների ջրհավաքագրերը ցույց են տալիս, որ ձնհալի շնորհիվ գարնանը ստորերկրյա ջրերի մակարդակը արագորեն բարձրանում է և արագ իջնում ձնհալի ավարտից հետո: ԷԼԱՐԴ-ը այս տվյալներից եզրակացնում է, որ ժայռերի կտրվածքների միջև առկա է հստակ կապ: Հետևաբար, ստորերկրյա ջրերի մակարդակում Լիդիանի կանխատեսած փոփոխություններն իրատեսական չեն, քանի որ աղտոտված ջուրը շատ ավելի արագ է անցնելու ստորգետնյա տարածք: Պետք է նկատել, որ Ամուլսարի ժայռերն ըստ էության չունեն pH բուֆերային հզորություն, ինչը նշանակում է, որ ջրի թթվայնությունը չի կարող նվազել անցնելով ստորգետնյա տարածքները:

    13. Մակերևութային և ստորերկրյա ջրերը փոխկապակցված են: Ըստ ԷԼԱՐԴ-ի, Լիդիանի ենթադրությունը, որ ծրագրի ամբողջ տարածքում ջրաթափանցելիության մակարդակը համահավասար է,  չափազանց պարզունակ մոտեցում է, որը հանգեցնում է ստորերկրյա հատկությունների վատ մոդելավորման և մակերեսային և ստորերկրյա ջրերի մասին անվստահելի եզրակացությունների: Բացահանքի մոդելավորման մեջ զգալիորեն թերագնահատված են մակերեսային և ստորերկրյա ջրերի հոսքն ու ներթափանցելիությունը: ԷԼԱՐԴ-ը եզրափակում է, որ բացահանքերի  ճիշտ չգնահատված ջրազրկումը թերագնահատում է ստորերկրյա ջրերի և մակերևութային ջրերի վրա հավանական ազդեցությունները: Լուծույթների փոխադրման համար օգտագործվող սկրինինգի մակարդակի աղյուսակային (վերլուծական) մոդելի կիրառումը համարժեք չէ ծրագրի տարածքի շրջակա միջավայրի, մասշտաբի և բարդությունների համար: 

    14. ԷԼԱՐԴ-ը նշում է, որ կեղտաջրերի մեջ գտնվող ամոնիակի կոնցենտրացիան, ամենայն հավանականությամբ, գերազանցում է արտանետման չափանիշը, բայց ամոնիակի մաքրման գործընթացը Լիդիանը չի քննարկում, բացառությամբ հակիրճ մեկնաբանությունների: Նիտրատների հարցը քննարկվում է մի փոքր ավելի մանրամասն, սակայն անհրաժեշտ ուշադրության չի արժանացել: Հետևաբար նիտրատների կոնցենտրացիաները նույնպես թերագնահատվել են: Նիտրատը և ամոնիակը, հավանաբար, ջրի հիմնական աղտոտողներն են, որոնք մաքրում են պահանջում: Նախագծված համակարգը կարող է չբավարարել նիտրատի կամ ամոնիակի մաքրման պահանջներին: Համաձայն ԷԼԱՐԴ-ի, Լիդիանի առաջարկած պասիվ մաքրման համակարգը առավել նպատակահարմար է փակման և փակման փուլերին, մինչդեռ ակտիվ մաքրման համակարգը ավելի նպատակահարմար է գործառնական փուլերի համար:

    15. ԷԼԱՐԴ-ի վերանայման արդյունքները ցույց են տվել, որ Լիդիանի վերլուծությունը չի ներառում թթվային դրենաժին բնորոշ երկաթի և ալյումինի կոնցենտրացիաները:Ավելին, թիվ 8 ջրհավաք լճում կանխատեսվող երկաթի կոնցենտրացիաները թերագնահատվում են մեկ միլիոն անգամ: Երկաթի կոնցենտրացիաների անհամապատասխանությունն ու բարձր անորոշությունը վստահություն չեն ներշնչում մոդելում ջրի որակի վերաբերյալ և մտահոգություն են առաջացնում այլ պարամետրերի որոշակիության և հուսալիության նկատմամբ: Ջրի որակի մոդելավորումն ունի էական անհամապատասխանություններ և անորոշություններ, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում ջրի որակի կանխատեսումների հուսալիության և, ի վերջո, առաջարկվող պասիվ մաքրման համակարգի իրագործելիության և արդյունավետության վերաբերյալ:

    16. ԷԼԱՐԴ-ը չի կարողացել պարզել, թե կույտային տարրալվացման գործողության ավարտին ինչ է լինելու մեծ քանակությամբ ցիանիդ պարունակող օգտագործված կույտային տարրալվացման լուծույթի հետ: Զեկույցից պարզ չէ, թե ինչ է լինելու կույտային լուծույթի հետ հանքարդյունաբերական աշխատանքների դադարեցումից անմիջապես հետո:

    17. Ամուլսարի հանքի փակման ծախսերի հիմքերը և գնահատականները վերանայվել է ԷԼԱՐԴ-ի կողմից և եզրակացվել է, որ որոշ ծախսերի գումարները կասկածելի են, իսկ ընդհանուր գումարը կրկնակի թերագնահատված է:

    18. ԷԼԱՐԴ-ի եզրակացությունն այն է, որ նախագծի ուսումնասիրության տարածքի երկրաբանության ելակետային բնութագրումը անբավարար է, իսկ շրջանի երկրաբանության մեկնաբանումը և հայեցակարգացումը՝ չափազանց պարզունակ: Բացի այդ, բացահանքերի ջրի արտահոսքի ենթամոդելը ճիշտ չէ: Հիմնական խնդիրը Լիդիանի կողմից չափազանց շատ գոլորշիացման ենթադրությունն է: Ստորերկրյա ջրերի հոսքի տարածաշրջանային մոդելում այդ հոսքերի օգտագործումը հանգեցնում է ստորերկրյա ջրերի մակարդակների և աղբյուրների ազդեցության ոչ ճիշտ գնահատման:

    19. Անդրադառնալով Որոտանի թունելին, ԷԼԱՐԴ-ը նախ արձանագրում է, որ ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում առավել նշանակալից կառույցը Որոտան թունելն է, որը բետոնապատ կառույց է և անցնում է Սպանդարյան ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար: Սպանդարյան ջրամբարի թունելի մուտքն այս պահին փակ է, բայց Կեչուտի ջրամբարում թունելի ելքից ջուր է հոսում, որը վկայում է, որ ստորերկրյա ջրեր են մտնում թունել: Սևանա լիճը և Կեչուտի ջրամբարը կապված են Արփա-Սևան թունելով, որով Կեչուտի ջրամբարից ջուրն ուղղվում է դեպի Սևանա լիճ: Որոտանի թունելի արտահոսքի ջրի նմուշները ցույց են տալիս, որ դրանք նույն կազմությունն ունեն ինչ Ամուլսարի լեռնաշղթայի աղբյուրներն ու ստորգետնյա ջրերը: Լիդիանի հաշվետվություններում ասվում է, որ Որոտանի թունելը հատում է ստորերկրյա ջրի ավազանը իր երկարությամբ: Ներկայումս լեռների մակերեսը օքսիդացված է, և սուլֆիդներից ու այլ նյութերից միայն փոքր մասն է հասնում թունելին՝ անձրևից կամ ձնհալից: Բայց բացահանքերի փորելուն պես, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները կբացվեն, և նրանք անձրևի և ձնհալի ջրի հետ կներծծվեն գետին: Բացի այդ, այս բացահանքերի ներքևի մասը կհասնի ստորգետնյա ջրային ավազանին: Հետևաբար, սուլֆիդներն ու այլ ծանր մետաղները հեշտությամբ կթափանցեն ստորգետնյա ջրային ավազանը, և այնտեղից աղտոտված ջուրը կգնա դեպի Որոտան թունելը, որը նույնպես տեղակայված է նույն ստորգետնյա ջրային ավազանում: Լիդիանը պնդում է, որ աղտոտված ջուրը թունել հասնելու համար 130 տարի կպահանջվի: Այնուամենայնիվ, այս պնդումը հիմնավորված չէ և դրա համար հիմքեր չկան: Ավելին, թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ հորդառատ անձրևից հետո լեռան հիմքում որոշ աղբյուրների կազմը փոխվում է ընդամենը մի քանի օր անց: Այլ կերպ ասած, չփորված գետնի մակերեսով հոսելու դեպքում, ջրին մի քանի օր ժամանակ է անհրաժեշտ: Հանքախոռոչի բացվելուն պես աղտոտումները շատ ավելի արագ կանցնեն ստորգետնյա ջրային ավազան, և դրանց ազդեցությունը ակնհայտ կլինի շատ ավելի արագ: ԷԼԱՐԴ-ն հաստատում է, որ աղտոտված ջրերը կհոսեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից՝ Սևանա լիճ: Այնուամենայնիվ, նրանք պնդում են, որ այդ աղտոտումները զգալիորեն չեն աղտոտի Սևանա լճի ջրերը, ջրամբարի մեջ տարրալուծման և Սևանա լճի չափի պատճառով: ԷԼԱՐԴ-ը նշում է, որ Արփա-Սևան թունելի բեռնաթափման վայրում կլինեն վնասակար քիմիական նյութերի կոնցենտրացիաներ: Սա այն դեպքում, երբ Սևանա լիճը պաշտպանված է Հայաստանի օրենսդրությամբ, ըստ որի թույլ չի տրվում որևէ գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճի և նրա էկոհամակարգի վրա:

 

Ամփոփում և առաջարկություններ

  1. Ամուլսարի ծրագիրը մասնագիտական ու հանրային լայն շրջանակների մոտ չի ձևավորել անհրաժեշտ համոզվածություն, որ ծրագրի իրագործումը չի առաջացնի գործնականում անհաղթահարելի խոչընդոտներ:

  2. Իր կենսական կարևորությամբ Ամուլսարի տարածքում բազմամետաղ հանքավայրի շահագործումը պարունակում է ռիսկեր, որոնց անկառավարելիությունը հանգեցնելու է անդառնալի հետևանքների: Չկա տնտեսական առաջընթաց, սոցիալական ներառականություն և համայնքերի զարգացում, երբ շրջակա միջավայրի և նրա առանձին օբյեկտների՝ օդային ու ջրային ավազանի, կենսաբազմազանության, հողի և լանդշաֆտի աղտոտումը (թունավորումը) և ի վերջո մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները չափազանց մեծ են:

  3. Հիմնվելով տեղական և միջազգային փորձագիտական շրջանակների կողմից նշված ռիսկերի և դրանք իր ուսումնասիրությամբ հաստատած ԷԼԱՐԴ ընկերության կողմից տրված եզրակացությունների վրա, ներկա փուլում ծրագիրը չի կարող շարունակվել:

  4. Հարկ է պատշաճ կառավարելի և վերահսկելի դարձնել ներկայումս Ամուլսարի հանքավայրում ընթացքող քիմիական պրոցեսները: Այս նպատակով հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած կազմակերպությունը և պետական լիազորված մարմինը պարտավոր են կատարել շարունակական մշտադիտարկում՝ փաստելու ներկա իրավիճակը և վնասների չափը, բացահայտելու այդ պրոցեսների կառավարելիությունը և ներկայացնելու դիտարկվող ցուցանիշները:

  5. Մինչև վերը նշված հարցերին սպառիչ պատասխաններ տալը հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները չեն կարող շարունակվել: Դրանք հղի են անկառավարելի ռիսկերով:

  6. Ամուլսարի, որպես հանքավայրի շահագործման հարցը թեև դուրս է եկել զուտ մասնագիտական տիրույթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական ու հանրային առողջ երկխոսությունն ու քննարկումները՝ հիմնված վերը նկարագրված գործընթացների արդյունքային ցուցանիշների վրա: Հարցի վճռահատումը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի պաշտպանները երգում են Երեւանի կենտրոնական հրապարակում
Մոտեցել են կառավարության շենքին՝ կարգախոսեր վանկարկելով…
Ամուլսարի պաշտպանները սկսել են Երեւանի փողոցներով երթը
Երթի մասնակիցներին ուղեկցում են թմբուկահարները...
Երեւանում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ուղիղ)
Հանքի շահագործման թույլտվությունը տրվել է խախտումներով…
Իշխանություններից հիմա լսում ենք այն, ինչ Թեղուտի դեպքում լսում էինք Սերժ Սարգսյանից. Բնապահպանը՝ Ամուլսարի մասին
Ամուլսարի ծրագրի պարագայում նույնիսկ «Լիդիանն» է ընկերությունն է գնահատել, որ աղքատանալու է Գնդեւազ համայնքը...
ՀԲՃ անդամները տվեցին բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը՝ Երեւանում (ուղիղ)
ՀԲՃ անդամ Արփինե Գալֆայանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 20-27-ը համաշխարհային մոբիլիզացիայի օր է...
«Լիդիանը» մտել է հարեւանի «բոստանը», այսինքն Ջերմուկ համայնքի «տարածք». Նախկին փոխնախարար
Լեռնահատկացման պոլիգոնի սահմանային եզրագիծը…