
Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից` թոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա` նշելով, որ որպես քաղծառայող ինքն իրավունք ունի մինչեւ 65 տարին աշխատի, դրանից հետո իրավունք ուներ եւս մեկ տարի, բայց ոչ ավել պաշտոնավարելու:
«Օրենքն այլեւս թույլ չի տալիս 66 տարեկանից հետո աշխատել: Հիմա կզբաղվեմ իմ անձնական գործերով` իմ տունը, տեղը եւ իմ ընտանիքի հարցերը»,-ասաց նա:
Հարցին, թե ինքը հիմնականում պաշտոնավարել է նախկին իշխանությունների օրոք, իսկ ինչպե՞ս է աշխատել նոր իշխանության ներկայացուցիչների հետ, Նավասարդյանն ասաց. «Շատ լավ, շատ նորմալ: Ես կարծում եմ, եթե անհրաժեշտ լինի, մեր կապը խորհրդակցական եղանակով կպահպանվի, քանի որ մեր փոխադարձ հարաբերությունները բավական լավ են»:
Նշենք, որ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդգար Գալստյանը: