News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր առաջին լուրջ հարվածը ստացավ, ընդ որում՝ խիստ կարեւոր կառույցից․ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց եւ հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղակիորեն ակնարկելով, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը եւ հայրենիքի հանդեպ պարտքին․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- հայտարարեց Վանեցյանը:

Այդ նույն պահին Նիկոլ Փաշինյանը Վանաձորում իր հերթական մեծ ասուլսին էր հրավիրել։ Նա հայտնեց, որ Վանեցյանի ազատման պաշտոնագիր է ստորագրել, բայց նրա հայտարարությանը դեռ ծանոթ չէր, առաջին անգամ լսեց լրագրողներից։

Ասուլիսի մեկ այլ դրվագում այնուամենայնիվ արձագանք եղավ, ըստ Փաշինյանի՝ Վանեցյանը մինչ այդ երեբեւէ սպայի պատվի հարց չի բարձրացրել։ 

Ասուլիսի մյուս հարցերը վերջին շրջանի աղմկոտ դեպքերին ու որոշումներին էր վերաբերում։ Բանկային գաղտնիքը մատչելի դարձնելու որոշումից Փաշինյանը հայտարարեց, որ չի հրաժարվելու, քանի որ ըստ նրա՝ դա ծառայելու է որպես կոռուպցիայի դեմ պայքարի, այսպես ասած՝ Սաշիկի փողերը ետ բերելու գործիք։

Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները շաբաթ օրը երթ արեցին՝ վերահաստատելով, որ չեն զիջելու սարը «Լիդիանին»։ Փաշինյանը հայտարարեց, թե վերջնական որոշում չկա, բայց շահագործման օգտին փաստարկներ բերելով՝ ցույց տվեց, որ հակված չէ կասեցնել «Լիդիանի» գործունեությունը։ Այս ոլորտով եւ դրա ներդրումներով նա պայմանավորեց Հայաստանի անվտանգությունը։

ԱԺ արտահերթ ընտրությունների հավանականությունը վարչապետը չժխտեց, ասաց, որ իրավական պետության մեջ այդպիսի զարգացումը ողբերգություն չէ։ Երբ պառակտումների մասին հարց հնչեց, ակնհայտ եղավ, որ վարչապետն առանձնապես ոգեւորված չէ խորհրդարական գործընկերներով, «Իմ քայլը», ըստ նրա, դեռ պետք է կայանա։

Փաշինյանի բուն ասուլիսը նվիրված էր նոր Հայաստանի 100 ձեռքբերումներին։ Դրանց մեջ կային նաեւ զավեշտալի պլյուսներ, հատկապես՝ վերջին 100-րդը:

Խորհրդարանում այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ ՍԴ-ի շուրջ իրավիճակի եւ վերջին որոշման վերաբերյալ, մի քանի մտահոգություններ նշելուց հետո նա կարծիք հայտնեց, որ խորհրդարանը պետք է միջամտի այդ գործընթացին։ Այս ելույթը Վանաձորից ողջունեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Սահմանադրական դատարանը ապօրինի որոշում է կայացրել։

Արարատ Միզոյանի ելույթը սակայն դատարանի անկախությանը միջամտելու փորձ դիտարկվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից։ «Կա Սահմանադրական դատարանի որոշում, որն արձանագրել է օրենսդրական բաց, եւ ԱԺ-ն քննադատելու փոխարեն, ճիշտ կանի, որ օրակարգ ձեւավորի նշված բացը լրացնելու եւ Սահմանադրությանը Քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասաց նա NEWS.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ օրենսդիր կամ գործադիր մարմինների ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի հայտարարություն անել այդ ձեւով  եւ միջամտել գործընթացին։

ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում «Իմ քայլը» հայտնեց արդեն երեկոյան։ Իշխող թիմը նիստ հրավիրեց, որի ավարտին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց իրենց որոշման մասին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց են սկսելու։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց դրա իրավական հիմքերը, դրանցից մեկը, ըստ նրա, էական կարգապահական խախտումն է։ Պատգամավորը սակայն ընդգծեց, որ վերջնական որոշումը կայացնելու է ՍԴ-ն:

Խորհրդարանում այսօր նաեւ պատգամավորական նորամուտ էր։ «Իմ քայլը» խմբակցությունից Էդգար Առաքելյանի վայր դրած մանդատը վերցրեց Արթուր Մանուկյանը՝ մասնագիտությամբ դերասան։

Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում փրկարար ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW-ն եւ КамАЗ բեռնատարը: Բախման հետեւանքով BMW-ում հրդեհ է բռնկվել: Կրակը մարելուց հետո հրշեջները BMW-ում հայտնաբերել են վարորդի եւ 2 ուղեւորների՝ ամբողջովին մոխրացած դիերը: Նախնական տեղեկություններով՝ վարորդը Իրանից էր վերադառնում, ուղեւորներն էլ մայր ու դուստր էին, որոնք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: «ԿամԱԶ» բեռնատարի վարորդը եւ ուղեւոր 24-ամյա Գևորգ Ս.-ն հոսպիտալացվել են, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար

Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադառնում է արծաթե մեդալով։ Աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոնը կողոսկրի վնասվածքի հետեւանքով չկարողացավ մասնակցել 97 կգ քաշային կարգի եզրափակիչին։ Արթուր Ալեքսանյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր։  Կարապետ Չալյանը եւս ապահովեց Տոկիոյի Խաղերի ուղեգիր։ 77 կգ քաշային ըմբիշը պարտվեց կիսաեզրափակիչում եւ սեպտեմբերի 17-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ Նուրսուլթանում Հայաստանի հավաքականից արդեն բրոնզե մեդալ է նվաճել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Հաղթանակից հետո նա հայտարարեց, որ մեդալը նվիրում է սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին։

Հայաստանի տարածքում այսօր՝ սեպտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:  Ջերմաստիճանն էապես չի փոխվի: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +29+31։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է,  կազմել է 476 դրամ, եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը 592, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 43 դրամ։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը